Ե՞րբ է կարգավորվելու ֆինանսական ճգնաժամը, ե՞րբ են բանկերը դրամով վարկեր տալու
Այսօր ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է կարգավորվելու ֆինանսական ճգնաժամը, ե՞րբ են բանկերը դրամով վարկեր տալու:
Միջազգային տնտեսական ինտեգրաման և բարձփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե իրականում տնտեսությանը տրվող գումարային ռեսուրսների խնդիրը խիստ հուզում է կառավարությանը, կառավարությունն էլ խորհրդակցում է տարբեր կառույցների, այդ թվում՝ ԿԲ-ի, միջազգային ֆինանսական կառույցների հետ. «Հարկ է հաշվի առնել մի հանգամանք՝ դրամավարկային ոլորտում մենք խոշոր փոփոխություն ունեցել ենք 2014թ. վերջին, որ ռեգիոնալ փոփոխություն էր, ու դոլարացումը խորացավ: Նույն խնդիրն առկա է ՌԴ-ում, Բելառուսում, Ղազախստանում և այլն: Նման դեպքերում վարկավորումը չի կարող աճել: ՀՀ-ում վարկավորման աճի տեմպն է դանդաղել, բայց վարկավորումը չի վերացել»:
Հ. Բիշարյանը նշեց, որ պետությունը պետք է գտնի հնարավորություն, օգնի քաղաքացուն, որպեսզի այս կոլապսային վիճակից դուրս գա ու չասի, թե մեր հնարավորությունը սա է:
«Մեր երկրում արդեն մարդ չի մնացել, ժողովուրդ»,- ասաց Հ.Բիշարյանը:
Վ.Գաբրիելյանը պատասխանեց, թե շատ արագ անհրաժեշտ միջոցառումներն արվել են, ու այժմ հետ ենք եկել դրանից, ԿԲ-ն լոմբարդային տոկոսադրույքը ետ է բերել նախաճգնաժամային վիճակից, ամեն ինչ կանոնակարգված է: Ըստ նրա՝ կառավարությունն էլ ԿԲ-ի հետ միասին աշխատում է, որպեսզի խթանի վարկավորումը, շինարարությունը. «Այդ ծախսին կառավարությունը գնացել է, որ աջակցի ընտանիքներին: Բանկերի հետ էլ աշխատում ենք, որ վերակառուցեն պարտավորությունները: Բանկերն էլ չեն ուզում, որ անշարժ գույքի ահռելի մեծ քանակության տեր դառնան, որ չկարողանան իրացնել: Դրամավարկային քաղաքականության տեսանկյունից հասել ենք մինչճգնաժամային իրավիճակին»: