Հարգանքի տուրք ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական մեծ գործչի հիշատակին:
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների կողմից երջանկահիշատակ վարչապետի շիրիմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ: Այնուհետ ներկաները ծաղիկներ են խոնարհել երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ու խնկարկել Անդրանիկ Մարգարյանի հոգու հանգստյան համար:
Ներկաներից շատերը, կիսվելով լավ մարդու, պատասխանատու պաշտոնյայի, ազգային նվիրյալ գործչի և կուսակցական սիրելի առաջնորդի մասին ունեցած հիշողություններով, ընդգծել են, որ անգնահատելի է լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի վաստակը Հայաստանի Հանրապետության կայացման, շենացման ու ազգային ավանդույթների պահպանման գործում: Նրանք առանձնակի կարևորել են նաև այն մեծ սերն ու հարգանքը, որ տածել է Անդրանիկ Մարգարյանը յուրաքանչյուր հայ մարդու հանդեպ, ինչն այսօր էլ փոխադարձվում է ժողովրդի կողմից՝ նրա հիշատակի հանդեպ ունեցած խորին ակնածանքով:
Երևանի քաղաքապետարան