Տասը պատճառ, թե ինչու պետք է նախագահ Օբաման Ապրիլի 24-ին այցելի Հայաստան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլի 24-ին Երևան է հրավիրել մի շարք երկրների ղեկավարների՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակը ոգեկոչելու համար:

Ֆրանսիայի, Ռուսաստանի, Լեհաստանի և Բելառուսի նախագահներն արդեն ընդունել են նախագահ Սարգսյանի հրավերը: Սպիտակ տունը դեռևս հանդես չի եկել հայտարարությամբ, թե արդյոք նախագահ Օբաման պատրաստվում է այցելել Հայաստան այս մեծաշուք առիթով:

Հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1.5 միլիոն հայերի կազմակերպված բնաջնջումը բնութագրեց որպես «մի ողջ ազգի սպանություն»: Հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը «Սի Բի Էս»-ին հայտնեց, որ նա ցեղասպանություն եզրույթը հորինել է՝ Առաջին աշխարհամարտում հայերի և Երկրորդ աշխարհամարտում հրեաների դեմ իրագործված զանգվածային ոճրագործությունների հիման վրա:

Ահա այն տասը պատճառները, թե ինչու պետք է ԱՄՆ նախագահի ինքնաթիռը Ապրիլի 24-ին վայրէջք կատարի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում.

Կարդացեք նաև

1. Նախագահ Օբաման հարգանքի տուրք  կմատուցի Ամերիկայի հարյուր հազարավոր գթասիրտ քաղաքացիներին՝ Ցեղասպանությունից հետո թշվառ հայերին օգնելու նպատակով 117 միլիոն դոլար (այսօր ավելի քան 2 մլրդ դոլարին համարժեք գումար) հանգանակելու համար: Դեսպան Մորգենթաուի նախաձեռնությամբ և նախագահ Վուդրու Վիլսոնի աջակցությամբ, Մերձավոր Արևելքի նպաստամատույցը օգնեց փրկել և խնամել ավելի քան 132 հազար հայ որբերի: Այս հսկայական բարեգործական նախաձեռնությունը առաջին միջազգային մարդասիրական օգնությունն էր Միացյալ Նահանգների պատմության մեջ:

2. Այս առիթով այցելելով Հայաստան, նախագահ Օբաման կվերահաստատի վաղուց ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը.  Ցեղասպանությունը  որպես հաստատված պատմական փաստ ճանաչել են.

– ԱՄՆ կառավարությունը Միջազգային դատարան ներկայացրած փաստաթղթում, 1951 թ.-ին,

– ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թթ. բանաձևերում,

– Նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում 1981 թ. ապրիլի 22-ին,

– ԱՄՆ 50 նահանգներից 43-ը,

– Աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներ, ներառյալ Ֆրանսիան, Իտալիան, Ռուսաստանը, Կանադան, Հոլանդիան, Վատիկանը, Շվեյցարիան, Շվեդիան, Արգենտինան, Լիբանանը, Հունաստանը, Կիպրոսը, Լեհաստանը և Վենեսուելան,

– Մի շարք միջազգային կազմակերպություններ, ներառյալ ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եվրախորհրդարանը և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը:

3. Հարյուրամյա տարելիցը կարող է նաև նախագահ Օբամայի վերջին հնարավորությունը լինել՝ վերականգնելու ամերիկահայ համայնքի վստահությունը՝  հարգելով Հայոց  ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր լուրջ խոստումները որպես սենատոր և նախագահի թեկնածու:

4. Նախագահ Օբաման կարող է հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը՝ հիմնված ճշմարտության և արդարության վրա, համահունչ Ներկայացուցիչների պալատում սպասվող բանաձևին և իր նախորդ ապրիլքսանչորսյան ուղերձներին՝ հայտարարելով, որ «փաստերի լիարժեք, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից»: Նախագահ Օբամայի այցը նաև կխրախուսի մարդու իրավունքների թուրք պաշտպաններին՝ շարունակելու իրենց դժվարին աշխատանքը՝ օժանդակելու Թուրքիայի կառավարությանը՝ հաշվի նստելու իր անցյալի ամենամութ էջերի հետ:

5. ԱՄՆ նախագահը օգտվելով այս այցից կարող է կոչ անել Թուրքիային վերացնել Հայաստանի շրջափակումը՝ հայացք նետելով փակ սահմանից մի քիչ այն կողմ գտնվող բիբլիական Արարատ լեռանը:

6. Ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումների ակտիվացմանը՝ նախագահ Օբաման կարող է շեշտել այս բարդ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի լուրջ աջակցությունը:

7. Նախագահ Օբամայի այցը կօգնի հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները Արևմուտքի հետ, հատկապես Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցությունից հետո, և հաշվի առնելով Ապրիլի 24-ին Պուտինի նախատեսվող այցը Երևան: Հայաստանը սերտ հարաբերությունների մեջ է Արևմտյան Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ և ներգրավված է միջազգային խաղաղապահ ուժերում Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում և Լիբանանում: Վերջերս, ՀՀ  նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակումը ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ընդգծում է, թե Երևանը որքան է կարևորում Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները:

8. Քանի որ նախագահ Օբաման ուկրաինական ճգնաժամի պատճառով չի պատրաստվում մեկնել Մոսկվա՝ մասնակցելու մայիսի 9-ին կայանալիք Երկրորդ աշխարհամարտում տարած Հաղթանակի օրվա տոնակատարություններին,  ապա Երևանում նա հնարավորություն կունենա հանդիպելու նախագահ Պուտինին՝ ավելի հանգիստ պայմաններում:

9. Նախագահ Օբամայի այցը Հայաստան բարի կամքի կարևոր դրսևորում կլինի ամերիկահայ համայնքի նկատմամբ: Անցյալ շաբաթ 16 խոշոր ամերիկահայ կազմակերպություններ միասնական նամակով դիմեցին ԱՄՆ նախագահին՝ կոչ անելով նրան մասնակցել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներին Հայաստանում:

10. Նախագահ Օբաման կկատարի ԱՄՆ նախագահական առաջին պատմական այցը Հայաստան, որին նախորդել են մի շարք բարձրաստիճան ամերիկացի  պաշտոնյաներ՝ պետքարտուղար Ջեյմս Բեյքեր III-ը, 1992 թ., պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը 2001 թ. և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 և 2012 թվականներին, երբ վերջինս ծաղկեպսակ դրեց Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, ինչպես դա անում են Միացյալ Նահանգների բոլոր դեսպանները ամեն տարի Ապրիլի 24-ին՝ սկսած Հայաստանի 1991 թվականի անկախացումից:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Տեսանյութեր

Լրահոս