1915 թվականի դեպքերի բազմակողմանի բացահայտումն ամենաշատը ցանկանում է Թուրքիան. Ջեմիլ Չիչեք
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Վաշինգտոնում ելույթ է ունեցել Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (CSIS) կազմակերպած «21-րդ դարում թուրք-ամերիկյան հարաբերությունները» խորագրով կոնֆերանսում:
Իր ելույթում Չիչեքը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հիմնախնդրին. «1915 թվականի դեպքերի բազմակողմանի բացահայտումն ամենաշատը ցանկանում է Թուրքիան:
Մենք ցանկանում ենք պարզել, թե ինչեր են նախորդել ու հաջորդել այդ դեպքերին, ով է հրահրել այդ դեպքերը, ով է խրախուսել դա և արդյունքում ինչ տեղի ունեցավ: Մենք ցանկանում ենք հարցը պարզել իր բոլոր կողմերից՝ հենված փաստաթղթերի վրա: Մենք այդ ամենը ցանկանում ենք, որովհետև պատմական իրողութունների վրա լույս սփռելն իր ներդրումը կունենա խաղաղության ամրապնդման հարցում:
Թուրքիան տարածաշրջանում՝ Ադրբեջանում ու Վրաստանում, կոնկրետ քայլեր է ձեռնարկել փոխգործակցության ու երկխոսության ուղղությամբ, սակայն ավելի առաջ գնալու համար անհրաժեշտ է արդար ու մնայուն լուծում տալ Լեռնային Ղարաբաղի նման խնդիրներին:
Անհրաժեշտ է Հայաստանը ներառել տարածաշրջանային այս պլանում: Չնայած Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Թուրքիայի ցանկությանը՝ փոփոխություն տեղի չունեցավ. Հայաստանը դեպի ապրիլի 24 գնացող գործընթացում բացասական պատասխան տվեց մեր դրական նախաձեռնություններին:
Եվ այնուամենայնիվ, դեռ հույս կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Մեր նախագահն ու վարչապետն այդ դեպքերի հետ կապված ցավակցական ուղերձ են հղել և հայտարարություններ են արել, դրանք կարևոր քայլեր են տվյալ ճանապարհին:
Այս տարի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին, Անատոլիայում գրանցված ցավալի և տխուր դեպքերի 100-րդ տարելիցն է: Քանի որ կա պատերազմ, հետևաբար կա նաև ցավ, ընդ որում՝ յուրաքանչյուր համայնքի համար, համայնքի յուրաքանչյուր անդամի համար և ոչ թե միայն հայերի համար:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սպանվել է 20 միլիոն մարդ, և այդ պատերազմի կարևոր հատվածները շոշափել են աշխարհագրական մեր գոտին: Եվ բնական է, որ այդ պատերազմը ցավ է պատճառել հայերին, թուրքերին, քրդերին, արաբներին, Անատոլիայում ապրող բոլոր խմբերին:
Այդ ժամանակաշրջանին արդար հիշողության հեռանկարային գնահատական տալը մարդկային ու գիտական պատասխանատվություն է: Այդ նպատակով մենք մեր արխիվները բացել ենք բոլոր հետազոտողների առջև: Հուսով ենք, որ նույնը կանեն նաև հայերը:
Բոլորը պետք է ներկայացնեն իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերն ու տեղեկությունները, և պատմաբաններն ու գիտնականները կուսումնասիրեն դրանք: 1915 թվականի դեպքերի համակողմանի բացահայտումն ամենաշատը ցանկանում է Թուրքիան»:
Հիշեցնենք, որ Ջեմիլ Չիչեքը դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թևին և հանդիսանում է քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, ինչի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը: