Միասնական արժույթը վատ չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա. Վարդան Բոստանջյան
«Bloomberg» գործակալությունը գրում է, որ Ռուսաստանի տնտեսությունը վերականգնվում է: Չնայած պատժամիջոցներին՝ ներկայում երկրի տնտեսությունում կայունության միտումներ կան, մասնավորապես՝ ռուբլին սկսել է կայունանալ, ներդրողները սկսել են ավելի բարեհաճ վերաբերմունք ցուցաբերել Ռուսաստանի հանդեպ:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ռուսական տարբեր հեռուստաալիքներ կարող են հայտնել, որ իրավիճակը գնալով կայունանում է, սակայն նա այնքան էլ վստահ չէ, որ ներկայացված փաստերն իրականությանը շատ խիստ համապատասխանում են. «Բոլոր դեպքերում, պատժամիջոցները և երկու ճամբարներում հակամարտությունը Ռուսաստանին բերում է մի վիճակի, որ իր տնտեսությունն արագ վերափոխի: Այս պահին բոլոր պատժամիջոցները և ՌԴ-ի վրա հարձակումները որքան էլ բացասական մթնոլորտ ստեղծեն, միևնույն է, զգաստության էլեմենտ են մտցրել ՌԴ-ի կառավարման տիրույթում, որտեղ նկատելի և սպասելի են դրական բարեփոխումներ»:
Անդրադառնալով որոշ վերլուծաբանների կողմից Ռուսաստանի տնտեսությանը տրվող գնահատականներին, որ այն միջակ է, և Հայաստանը չի կարող իր զարգացման հույսը դնել այդ երկրի վրա, Վ. Բոստանջյանը նկատեց, որ Ռուսաստանի ամբողջ տնտեսությունը մի հիասքանչ տնտեսություն չէ, սակայն ռեսուրսային առումով ամենահարուստ երկրներից է: Իսկ շահ հետապնդող երկրներին այսօր պետք են ռեսուրսներ և համեմատաբար էժան աշխատուժ, հետևաբար՝ Ռուսաստանը կարող է գրավիչ ներկայանալ նրանց համար. «Առավելևս՝ այն պարագայում, եթե նրանք աշխատեն մատների արանքով նայել իրենց երկրներից կողմից կիրառվող պատժամիջոցներին: Այդ միտումն այսօր կա: Թող պատվեր կատարողները շատ չբարբաջեն, որ Ռուսաստանում սարսափելի վատ է իրավիճակը. մեր ժողովրդի 3 մլն-ն այնտեղ է ապրում, եթե այդպես լինի, ինչպե՞ս եղավ, որ գնացին, տեղավորվեցին և աշխատանք գտան։ Ճիշտ է՝ ՌԴ-ն տեխնոլոգիաների զարգացման առումով չի գտնվում ցանկալի մակարդակի վրա, սակայն չի կարելի օրակարգից հանել այդ հարուստ երկրին»:
Ինչ վերաբերում է միասնական արժույթին, տնտեսագետը նշեց, որ տնտեսական միությունները բավականաչափ մեծ հավակնության ունեն միասնական արժույթի անցնելու։ Օրինակ, Եվրամիությունը 28 երկրների համար մեկ ընդհանուր արժույթ է օգտագործում: Դա վաղվա գործ չէ և որոշակի ժամանակ է պահանջում: Այս պահին պարզապես բարձր մակարդակներում ԵՏՄ անդամ երկրների դրամային իշխանությունները պետք է քննարկեն՝ ձեռնտո՞ւ է միասնական արժույթը, թե՞ ոչ:
«Մենք, ըստ էության, գտնվում ենք հարուստ երկրի կողքին, հիմա այդ երկրի տնտեսական միության շրջանակում ենք։ Հակված եմ մտածելու, որ միասնական արժույթը վատ չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա։ Այդ 3 միլիոն մարդը, որ աշխատում են և տրանսֆերտներ ուղարկում, կամ արտահանման դեպքում, երբ խնդիր կա՝ փոխանակման հետ կապված, ի՞նչ վատ է, որ փոխանակման դժվարություններ չենք ունենա», – հայտնեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ մյուս կողմից՝ միասնական արժույթի պայմաններում Հայաստանն ի զորու է լինելու ավելի ռացիոնալ տեղեր գտնել՝ իր կապիտալը տեղաբաշխելու և գործունեություն ծավալելու համար։ Դրա ապացույցն է սովետական ժամանակաշրջանը, երբ ռուբլին ընդհանուր արժեք ուներ, և Հայաստանն էլ միշտ շահած էր դուրս գալիս: