Բաժիններ՝

«Մենք ստեղծում ենք «լավ տղայի» հակապատկերը»

Հարցազրույց Հայաստանում փողոցային ատլետիկայի համահիմնադիր, Street Workout Armenia շարժման ղեկավար Ղազար Հակոբյանի հետ։ Նա Հայաստան է վերադարձել Մոսկվայից` մարզական մենեջմենթի ասպարեզում ունեցած մոսկովյան հաջող կարիերայից հետո:

– Դուք Հայաստան եք վերադարձել Մոսկվայից, որպեսզի այստեղ զարգացնեք փողոցային սպորտը։ Մի քիչ տարօրինակ չի՞ հնչում։

– Հնարավոր է` որոշ մարդկանց համար տարօրինակ է, բայց երբ նայում ենք մեր երկուսուկես տարվա աշխատանքին, միայն դրական արդյունքներ ենք տեսնում, ուրեմն հասկանալի է, որ տարօրինակ ոչինչ չկա։ Դրսից հայերը հիմնականում վերադառնում են բիզնես ոլորտում ներդրումներ անելու կամ այլ կառույցներում աշխատելու համար, բայց ես համոզված եմ, որ մեր կատարածն էլ ներդրում է, պարզապես այն ներդրում է ապագայի հաշվով։ Street Workout շարժման հիմքում ընկած է մարդու առողջության պահպանումը, կյանքի բարելավումը, որը տարիների ընթացքում է նկատելի լինելու։

Այսինքն, մենք աշխատում ենք ոչ թե ինչ-որ բիզնես շահույթներ ստանալու դաշտում, այլ` մեր աշխատանքը մարդկանց մտածողության փոփոխության հետ է։ Շարժումը նորություն էր Հայաստանում, և, ինչպես ամեն մի նորություն, սկզբում տարօրինակ է ընդունվում, հետո լավ օրինակները տարածվում են, և կարող եմ ասել, որ այսօր առողջ ու ժամանակակից մտածող երիտասարդության շրջանում արդեն Street Workout Armenia-ն ամենահայտնի շարժումներից մեկն է։ Ամեն օր մեզ ավելի շատ թվով երիտասարդներ են միանում, ոչ միայն Երևանում, այլև` մարզերում, Արցախում։

Կարդացեք նաև

– Ձեր հաջողությունների մասին շատ է խոսվել, գրվել, իսկ ի՞նչ դժվարությունների և խոչընդոտների եք հանդիպում։

– Ամենամեծ դժվարությունը եղել է կարծրատիպեր կոտրելը, որը մեզ մեծ հաշվով հաջողվել է, բայց դեռ անելիք կա այդ ուղղությամբ։ Բոլորը չէ, որ կարող են հեշտ համոզվել և դուրս գալ, դրսում զբաղվել սպորտով, բայց երբ տևական աշխատանք ես տանում մարդկանց հետ` զրույցներով, տեսահոլովակներով, օրինակներ ցույց տալով, նրանք հասկանում են, թե ինչի համար է դա արվում, տեսնում են, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր երիտասարդներ, մեծեր, փոքրեր իրենց ժամանակն անցկացնում են բացօթյա սպորտով զբաղվելով, համոզվում են։

Xazar (4)

Հայաստանում խորհրդային տարիներին շատ տարածված է եղել մասսայական սպորտը, այս գաղափարն անծանոթ չէ հայերին. բակերում և այլ վայրերում, եթե նկատեք, պահպանվել են պտտղաձողեր, որոնց վրա մեր տղամարդիկ ժամանակին անվճար, ազատ ժամերին մարզվել են։ Այսօր մեր խնդիրներից մեկը պտտաձողերը և այլ մարզական հարմարանքներն են, որոնք բոլոր վայրերում չէ, որ կան։ Նպատակ ունենք Հայաստանում ստեղծել փոքրիկ մարզական հրապարակներ, որտեղ մարդիկ կհավաքվեն միայն մարզվելու համար։ Դրանք կլինեն յուրօրինակ վայրեր, որոնց միջավայրը վարակիչ կդառնա, և նույնիսկ պատահական անցորդը, տեսնելով, որ այնտեղ մարզվում են, ճանապարհը կթեքի և կմիանա։ Փողոցային սպորտի շարժման գաղափարը, որ աշխարհում կայծակնային տարածվում է, հենց դա է` վարակել մարդկանց, ներքաշել, փոխել նրանց կարծրացած առօրյան, նպաստել, որ հիվանդությունները քչանան։ Առայժմ այդպիսի վարակիչ ազդեցություն ունեն մեր կիրակնօրյա մարզումները` Հանրապետական հիվանդանոցի այգում, մարզային շրջագայությունները, մրցաշարերը, որոնք բացօթյա են անցկացվում։

Մենք շատ մեծ կարիք ունենք աջակիցների։ Իսկ մեր ամենամեծ նպատակն այն է, որ Street Workout Armenia-ն որդեգրվի կառավարական մակարդակով, և այն դառնա Հայաստանի դեմքը ներկայացնող շարժումներից մեկը։ Եվրոպական երկրներում պետությունը միանում է այսպիսի կազմակերպությունների, Ուկրաինան, Ռուսաստանը շատ առաջատար են այս հարցում։ Երբ մենք հանդիպում էինք նախարարի, վարչապետի հետ, ներկայացնում էինք մեր ծրագրերը, բոլորը զարմանում էին, որ փոքր, չնչին միջոցներով կարելի է հասնել մեծ արդյունքների։ Իսկ մենք ասում ենք, որ Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի փողոցային սպորտի զարգացման համար, միայն պետք է մարդկանց գիտակցության մեջ ամրագրվի դրա անհրաժեշտությունը։

Մեր շարժման ատլետները, որոնք միջազգային մրցաշարերում արդյունքներ են ցույց տալիս, մարզվել են ընդամենը բակերում։ Նարեկ Հովհաննիսյանը Բյուրականից մի սովորական տղա է, ով, մարզվելով բակում, Հայաստանը փայլուն կերպով ներկայացրեց Մոսկվայի մրցույթին։ Մեր ֆեդերացիայի մյուս ատլետի` Սերգեյ Թևոսյանի մարզումը Յութուբում 2,700 000 դիտում է ունեցել (նա հիմա բանակում է ծառայում)։ Փողոցային մարզաձևի որոշ վարժություններ հորինել են հենց հայաստանցի ատլետները, այդ վարժությունները տարածվում և կիրառվում են, մենք այլ երկրներից ատլետների և մարզիչների ենք հյուրընկալում, մաստեր-կլասներ են անցկացվում, մենք ենք այցելում։ Երբ նոր տեսահոլովակ ենք տեղադրում համացանցում, ամբողջ աշխարհում սկսում են հետևել մեր վարժություններին, նորություններ գտնել։

Նախորդ երկու տարիներին մասնակցել ենք Street Workout-ի միջազգային առաջնություններին, և ունեցած արդյունքների հիման վրա իրավունք ենք ստացել 2015-ի Street Workout-ի միջազգային առաջնությունն անցկացնել Հայաստանում։ Հիմա այդ ուղղությամբ ենք աշխատում, ծրագիր ունենք` այս տարվա ընթացքում ամեն մի քաղաքում գոնե երկու մարզահրապարակ կառուցել։ Ասեմ, որ չնայած այս շարժումն արտասահմանյան է, և շատ երկրներ մեզնից զարգացած են փողոցային սպորտի առումով, բայց Հայաստանում կա մի բան, որ բոլոր այդ երկրներում պակասում է` դա ատլետների արագ համախմբվելն է և այն ջերմությունը, որ կա մարզումների ընթացքում։ Շատ երկրներում ատլետները մարզվում են առանձին-առանձին, կարող է նույնիսկ միմյանց չճանաչեն, միայն մրցումներին են հանդիպում, իսկ մեզ մոտ ավելի ջերմ են համախմբումները։

Xazar (3)

– Ինչո՞վ է Street Workout-ը տարբերվում մարզադահլիճի մարզումներից։

– Նախ` նրանով, որ մեզ մոտ մարզումներն անվճար են։ Միջազգային շարժումը հենց այդ գաղափարի հիման վրա է ստեղծվել` օգնել բոլոր նրանց, ովքեր մարզադահլիճի բաժանորդ դառնալու հնարավորություն չունեն, բայց ցանկություն ունեն մարզվելու։ Մի քանի երիտասարդներ այդ ձևով խումբ են կազմել ԱՄՆ-ում, և շարժումը մեծացել, տարածվել է ամբողջ աշխարհում։ Այն, որ Street Workout-ը արդեն միջազգային ֆեդերացիա էլ ունի, արդեն խոսում է նրա տարածվածության և հաջողության մասին։ Սա մի շարժում է, որի միջոցով մենք ոչ միայն մարզում ենք երիտասարդների, այլ նաև շատ այլ խնդիրներ ենք լուծում, որոնք կան մեր հասարակության մեջ։

Հակածխախոտային մեծ պայքար ենք տանում, քարոզում ենք առողջ սնունդը, շարժուն ու ակտիվ ապրելակերպը, համախմբվածությունը, միմյանց օգնելը։ Աշխատում ենք նախազորակոչային տարիքի երիտասարդների հետ, զբաղվում ենք նրանց ֆիզիկական ու հոգեկան առողջությամբ։ Ունենք արդեն մոտ 100 ատլետ, որոնք պատրաստվում են ծառայել բանակում, վստահ եմ, նրանց հեշտ ծառայություն է սպասվում բոլոր առումներով։ Կան արդեն ծառայողներ, կապ ենք պահում նրանց հետ, հետևում ենք։ Ես շատ եմ կարևորում մարզերում մեր շարժման տարածումը, արդեն շատ քաղաքներ են միացել, մարզերում լավ ատլետներ ունենք։ Իջևանում մեր վերջին հավաքներից մեկի ժամանակ արդեն փոքրիկ ատլետներ կային, որոնք մեծերին հավասար մարզվում էին։

Մի բաց կա` աղջիկները քիչ են հետաքրքրվում այս շարժմամբ, ընդամենը մեր անդամների 15%-ն են կազմում, եթե կարողանանք շատ աղջիկների ներգրավել, լավ կլինի։ Պարտադիր չէ, որ գան և պտտաձողի վրա ձգվեն, նրանք կարող են վազել, օղակ խաղալ, պարան ցատկել, հեծանիվ քշել, ավելի թեթև վարժություններ կատարել։
Եթե մարզադահլիճում մարդը պարզապես պարապում և հետո տուն է գնում, ապա մեր անդամները տարածում են առողջ ապրելակերպի սկզբունքները։ Մենք ուզում ենք ստեղծել նոր Հայաստանի երիտասարդությունը` առողջ, հոգով և մարմնով կոփված։

Xazar (5)

Լավ տղամարդու կերպարը, ցավոք սրտի, այսօր մի քիչ ուրիշ է Հայաստանում` այն ուտող, խմող, վայելող, գողական տղամարդու կերպարն է, մենք ստեղծում ենք «լավ տղայի» հակապատկերը։ Պետք է ստեղծել իդեալ` երեխաների համար։ Նրանց համար այլևս անտանելի պիտի դառնա սերիալային տղամարդը կամ բակում անորոշ կանգնած, ծխող տղամարդը, որի համար խորոված ուտելը նպատակ է։
Կարճ ասած` մենք նոր աշխարհայացք ենք ձևավորում։ Ինձ շատ է օգնում մոսկովյան իմ փորձը։ Երկար տարիներ ներգրավված եմ եղել ֆիթնես մենեջմենթի ասպարեզում, այնուհետև զբաղվել եմ սպորտային զարգացման ծրագրերով, ունեի իմ սեփական ծրագրերը, որոնք հաջող կիրառվում էին։ Իսկ հետո, երբ տեսա, որ ամբողջ աշխարհում տարածում է գտնում Street Workout-ը, կարողացա համախոհներ գտնել Հայաստանում և գալ ու նպաստել այստեղ այդ շարժմանը։

– 12 տարեկանում ընտանիքի հետ գնացել եք Հայաստանից։ Վերադառնալով և վերջնական հաստատվելով` ինչպե՞ս տեսաք Հայաստանը։

– Շատ են խոսում երկրի դժվարությունների մասին, բայց ես վստահ եմ, որ դրանց բոլորի հիմքում ընկած է մտածողությունը։ Եթե փոխվի մարդկանց մտածողությունը, երկիրը կփոխվի։ Ինձ շատ է դուր գալիս այն երիտասարդությունը, որ համախմբված է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի շուրջ։ Իրենց մոսկովյան հավաքից հետո եմ հաստատ որոշել, որ վերադառնում եմ Հայաստան։ Կան երիտասարդներ, որոնցից ամեն մեկը դրսից մի լավ գաղափար է բերել և ուզում է իր հնարավորության չափով փոխել։ Եթե տեսնում ես խնդիր` փոխիր և ոչ թե` քննադատիր։ Իսկ ամեն ինչի հիմքում կարոտը պիտի լինի։ Մեծ հաշվով, ինձ ետ է բերել կարոտը։
Երբ մենք գնացինք Հայաստանից, դժվար տարիներ էին, հայրս տուն էր կառուցում գյուղում, կիսատ մնաց։ Հիմա ես այդ տունն եմ շարունակում կառուցել։ Շատ նման է Հայաստանին։ Թվում է` Հայաստանում ամեն տեղ մի կիսատ բան կա, պետք է շարունակել և ավարտին հասցնել։ Ընտանիքիս մի մասն արդեն եկել է, շուտով հայրս և եղբայրս էլ կգան։

Մեր շարժումը վազքի մի ծրագիր ունի` «Վազիր Հայաստան»։ Ես կատակով բոլորին միշտ ասում եմ` «Վազիր դեպի Հայաստան, ոչ թե վազիր Հայաստանից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս