Վրացու պատկերացումը պետության կառավարման և ժողովրդավարության մասին

 Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում վրաստանյան մի այցից դրվագ է պատմել, որով ներկայացնում է շարքային վրացու պատկերացումը պետության կառավարման և ժողովրդավարության մասին. «Վրաստանի անցած խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ մասնավոր այցով գտնվում էի Թբիլիսիում: Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Վրաստանի նախագահը դեռ Սահակաշվիլին էր, իսկ Վանո Մերաբիշվիլին` Վրաստանի իրավապահ համակարգի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գաղափարախոսն ու դրոշակակիրը, Վրաստանի վարչապետն էր:
Մեկնել էի մեքենայով և կանգնեցի բենզալցակայանի մոտ՝ մեքենան վառելիքով լիցքավորելու համար: Պատահաբար նկատեցի Իվանիշվիլիի դրոշը բենզալցակայանի անկյունում: Չեմ ցանկանում կենտրոնանալ այն հարցին, թե ինչպես էր հնարավոր բենզալցակայանում ընդդիմադիր կուսակցության դրոշի առկայությունն ու նրանց հրապարակային քարոզը, անցնեմ իմ և աշխատակցի կարճատև զրույցին:
Աշխատակցին, ով լցնում էր վառելիքը, հարցրի.

– Իվանիշվիլիի կողմնակի՞ցն եք:
Պատասխանեց՝ Այո:

Հետևեց իմ հաջորդ հարցը.

– Կարծում եք՝ նա ավելին կանի Վրաստանի համար, քան արեց Սահակաշվիլի՞ն:

– Հարցը նրանում չի, թե ավել կանի կամ պակաս, հարցը նրանում է, որ իշխանությունը պետք է փոխվի, 10 տարի իշխանության եղավ Սահակաշվիլին, հիմա ժամանակն է փոփոխությունների: Եթե այս նոր իշխանությունը լավը չլինի, կփոխենք, ուրիշին կբերենք:

Մի պահ կարկամեցի, պատասխան չգտա, բայց ամբողջ ճանապարհին մտածում էի այդ շարքային վրացու մտածելակերպի մասին: Եթե Թբիլիսիի բենզալցակայանի աշխատակիցը, որին բնավ ինտելեկտուալ չես համարի, համոզված պնդում է, որ հաջողության ու զարգացման բանալին փոփոխությունների մեջ է, և դինամիկան է շարժում հասարակությանն ու պետությանը, ապա այդ ժողովուրդը վաստակել է ինքնիշխան, անկախ ու ժողովրդավարական պետություն ունենալու իրավունքը: Իսկ այն արտահայտությունը, որ եթե լավ չաշխատի՝ կփոխենք, ուրիշ իշխանություն կձևավորենք, փաստում է մի բան. ժողովուրդը հասկացել, ընկալել է, որ իշխանությունն իրականում պատկանում է իրեն, և ընդունել է այդ իշխանությունը և դրա ամբողջ պատասխանատվությունը:
Հայաստանի հետ զուգահեռների անցկացումը թողնում եմ ընթերցողին…»:

 

Տեսանյութեր

Լրահոս