«Կան մարդիկ, որ ավելի հաճելի են իրենց տանը, քան տանից դուրս». Ֆարմանյանը՝ Փոստանջյանին
Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստերի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած 2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծն օրակարգ ընդունելու քննարկումն ավարտվեց փոխադարձ վիրավորանքներով:
Զ.Փոստանջյանը բավականին մեծ մեջբերում արեց Գրիգոր Զոհրապի պատմվածքից, որտեղ նկարագրվում է, թե ինչպես են Օսմանյան կայսրության հայ պատգամավորին տանում՝ սպանում:
Ընդդիմադիր բոլոր խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՕԵԿ-ը հայտարարեցին, որ կողմ են նախագիծը ԱԺ մեծ օրակարգ ընդունել, քննարկել ու միասնական տեսքտ մշակել:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով՝ տեղի է ունեցել սարսափելի ոճրագործություն և այս պահին հարցը միայն այն է, որ օրակարգ մտնի, քննարկվի: Ըստ նրա՝ հիմք չկա, թե ինչու պետք է քաղաքական մեծամասնությունը դեմ լինի քննարկելուն: Բագրատյանը հայտարարեց, որ նաև երկչոտություն է տեսնում գործադիրի մոտ ՌԴ մարմիների առաջ, իսկ այս քննարկումով ԱԺ-ն կաջակցի, որ գործադիրն ավելի խիզախ լինի:
Զ.Փոստանջյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիներն օրեցօր ՌԴ կողմից ոչ բնական որոշումների վկա են դառնում՝ սկսած Ադրբեջանին զենքի վաճառքից, մինչև Գյումրիի դեպքերը. «Ես հենց այնպես չընթերցեցի 100 տարի առաջ տեղի ունեցած պատմությունը: Մենք հիմա պետություն ունենք: Մինչ այժմ ՀՀ իրավապահները լռել են և Պերմյակովը գտնվում է ռուսական ռազմաբազայում»:
«Սա քաղաքական ուղերձ է և մենք մեր ռուսաստանցի գործընկերներին ուղերձ ենք հղում, որ սա շատ մեծ հնչեղություն ունի ՀՀ-ում և ԱԺ-ն չի կարող անմասն մնալ այդ քննակումներից: Ձեր՝ մեծամասնության ընտրած նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս խոսում էր զենքի մատակարարումների անթույլատրելիության մասին: Հիմա էլ մենք կարող ենք մեր պատգամը հղել, որ ինչ է զգում հայ մարդը, երբ ռուս զինվորը կրակում է նրա վրա»,- ասաց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ տարանջատումն ու քննարկումը վտանգավոր է, պետք է խնդրին հստակ լուծում տալ:
ԱԺ նախագահ Գալուտ Սահակյանը, իր իսկ խոսքով՝ չցանկանալով կոնկրետ այս հարցին անդրադառնալ, հայտարարեց, թե երբ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես են գալիս, պետք է պատշաճ իրավիճակ լինի, այլապես «էդպես կարելի է անընդհատ օրենքներ բերել, չհամաձայնեցնելով խմբակցությունների հետ»: Ըստ նրա՝ չի կարող մեկի կարծիքը բացարձակ ճշմարտություն լինել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, թե հարցը գտնվում է բացառապես իրավական հարթության մեջ և իրենք չեն ցանկանում միջամտել իրավապահների գործունեությանը և ցանկություն չունեն հանիրավի քաղաքական շահարկումների մասնակցել: Նա նշեց, որ ՀՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը:
Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ եթե իրավական տեսանյունից նայենք, Գևորգ Կոստանյանը իր խոստումը մինչև հիմա չի կատարել՝ դիմել է իր գործընկերոջը, թե ոչ: Նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս է որ իր նամակին պատասխան է գալիս ՌԴ դատախազությունից, որ չեն պատրաստվում Պերմյակովին հանձնել, իսկ Կոստանյանի նամակին՝ ոչ. «Հետևաբար՝ իրավական ուղիները սպառվել են և պետք է քաղաքական գնահատական տրվի»:
Նախագիծը դրվեց քվեարկության և, հավաքելով 42 կողմ, 0 դեմ ու 1 ձեռնպահ, դուրս մնաց ԱԺ օրակարգից:
Քվեարկությունից հետո բանավեճը չդադարեց: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հայտարարեց, թե Զ. Փոստանջյանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը, իսկ Կոստանյանը ներկայացնում է ՀՀ-ն և օրենքով նրա նամակին պատասխանի համար որևէ ժամկետ սահմանված չէ: Ֆարմանյանը գործընկերուհուն մեղադրեց իրավական անբավարար գիտելիքներ ունենալու մեջ, որ նույնիսկ մասնավոր բուհի շրջանավարտը գիտի իր նշած փաստի մասին:
Զ.Փոստանջյանը հակադարձեց, թե ՀՀԿ-ականները փորձում են անձնական վիրավորանքներ հասցնել իրեն: Նա նշեց, որ նրանք մի քանի կուսակցություններ են փոխել և հայտնի չէ, թե դեռ քանիսն են պատրաստվում փոխել:
«Կան մարդիկ, որ ավելի հաճելի են իրենց տանը, քան տանից դուրս»,- շարունակեց Ս.Ֆարմանյանն ու նշեց, թե ոմանք մասնագիտական առումով թերուս են ու իրենք մի քիչ շատ հանդուրժեցին անգրագիտությունը: Զ.Փոստանջյանը ֆարմանյանին շարունակում էր պատասխանել առանց խոսափողի:
«Միր ոպե հա, ստե նիստ վարող կա, շուկա չի»,- միջամտեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: