Բայկալի փրկարարները հերքել են Յանուկովիչի որդու մահվան մասին տեղեկությունը
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԻՆ-ի՝ Բայկալյան որոնողա-փրկարակական ջոկատը չի հաստատում երեկ ուկրաինական ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կրտսեր որդին միջադեպի հետևանքով անցյալ ուրբաթ խեղդվել է Բակյալ լճում:
Բայկալյան որոնողա-փրկարակական ջոկատի մամլո ծառայությունը հայտարարել է. «Զոհվածների ու տուժածների թվում հաստատապես չկա Յանուկովիչ ազգանվամբ մարդ»: Նա հաստատել է, որ մարտի 20-ին Խոբոյ հրվանդանի շրջանում Volkswagen միկրոավտոբուսը, որում գտնվել է 6 մարդ, սառույցի կոտրվելու հետևանքով անցել է ջրի տակ:
5 ուղևորի հաջողվել է փրկել, իսկ միկրոավտոբուսի վարորդը մահացել է: Գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է,որ բոլորի ինքնությունը պարզված է, սակայն իրենք լիազորված չեն հրապարակելու նրանց անունները:
Ուկրաինայի ԱԳՆ-ի խոսնակ Եվգենի Պերեբիյնիսը երեկ հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանից պաշտոնական տվյալներ է ակնկալում Վիկտոր Յանուկովիչի որդու ճակատագրի մասին. «Մենք չունենք պաշտոնական տեղեկատվություն, մենք դիմել ենք ռուսական կողմին, ինչպես նաև Նովոսիբիրսկում մեր գլխավոր հյուպատոսությանը»:
Նովոսիբիրսկում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ տեղեկություններ չունի Յանուկովիչի որդու ճակատագրի մասին: Միևնույն ժամանակ Յանուկովիչի որդու մահը հաստատելէ Ուկրաինայի ՆԳՆ-ի ղեկավարի խորհրդական, պատգամավոր Անտոն Գերաշչենկոն: