«Շատ, շատ, շատ պետք է աշխատենք». ՀՀԿ-ական պատգամավոր
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ծանրակշիռ հիմնավորումներից մեկն այն էր, որ Ռուսաստանը հայկական արտադրողների հիմնական սպառման շուկան է, որը, չանդամակցելու դեպքում, կկորցնենք:
Սակայն անցած տարեվերջին ֆինանսական շուկայում առաջացած ճգնաժամից հետո ռուսական շուկան պարզապես անհասանելի դարձավ ՀՀ գործարարների համար, և նրանք կա՛մ պետք է հաշտվեն վնասով աշխատելու հետ՝ մինչև «լավ ժամանակների» գալը շուկան չկորցնելու համար, կա՛մ պետք է հրաժարվեն ռուսական շուկայից ու արտահանման այլ ուղղություններ գտնեն, ինչը բավականին բարդ խնդիր է:
Հունվար-փետրվարի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտահանումը նվազել է 26%-ով: ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ այսօր ամբողջ աշխարհում թևածող ճգնաժամը չի կարող ազդեցություն չունենալ ՀՀ տնտեսության վրա` թե՛ արտահանումների, թե՛ ներմուծումների առումով: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տնտեսական դժվարին տարի է սպասվում. «Պետք է շատ աշխատենք, շատ, շատ, շատ պետք է աշխատենք: Խնդիրների լուծման ուղղությամբ միանշանակ հարկավոր է ներդրումային ծրագրերի ավելացում, նպաստավոր քայլերի ստեղծում, որ ներդրումներն ավելանան: Նաև հարկավոր են հարկային դաշտում մեղմացումներ, որ իրականացվում է արդեն իսկ: Կարծում եմ՝ դա բավարար կլինի արտադրության ավելացման և ընդհանրապես արտահանումը խթանելու առումով»:
Հարցին՝ բազմիցս նշվել է, որ արտադրության բավարար ծավալ չկա, արդյոք ձեռնարկվող քայլերը բավարա՞ր են, որպեսզի հասցնենք արտադրել ու արտահանել՝ Գ.Մելիքյանը պատասխանեց, որ հարկային արտոնությունները, օրինակ՝ 50 մլրդ արտահանումների դեպքում շահութահարկի նվազեցումը, նպաստում են ներդրումների ծավալի աճին, որոնք ուղղորդված պետք է լինեն արտահանման ուղղությամբ արտադրության ավելացմանը. «Կարծում եմ, որ դրանք ժամանակի ընթացքում իրենց արդյունքը անպայման կտան»:
Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ իրավիճակի բարելավման համար կառավարությունը պետք է օր առաջ հատուկ ծրագիր մշակի և հնարավորություն ընձեռի արտադրողներին, հատկապես՝ ավանդական ուղղություններին՝ գինեգործություն, կոնյակագործություն, պահածոների արտադրություն, արտադրության և արտահանման ծավալները չնվազեցնելու համար: Ըստ նրա՝ նախկինում մշակված ծրագրերն այսօր որևէ ռեալ քայլի չեն բերում: «Կառավարությունը պետք է օր առաջ տնտեսվարողների միջոցով, նրանց աջակցելով նոր շուկաներ փնտրի եվրոպական երկրներում, Չինաստաում, որտեղ մեր արտահանումների թիվն ավելացել է ԵՏՄ շուկայի ավիրման հետ կապված: Եվ հնարավորություն ստեղծեն է՛լ ավելի որակյալ ու մրցունակ ապրանք արտադրելու և արտահանելու համար»,- ասաց նա:
Ամեն դեպքում, ըստ Խ.Քոքոբելյանի, տնտեսության մեջ շեշտակի անկում կլինի: Նա նկատեց, որ տնտեսությունը մի հետաքրքիր բնավորություն ունի՝ որևէ լուրջ տնտեսվարող չի սպասում այլ աջակցությունների և փորձում է իր խնդիրներն ինքը լուծել. «Եվ դա ճիշտ է: Բայց շատ լավ է, որ նման ոչ ստանդարտ վիճակներում կառավարությունը, բացի հարմարավետություն ստեղծելուց, լրացուցիչ հնարավորություն ստեղծի, օգտագործելով բոլոր կապերը, որ այլ երկրներ արտահանումը մեծացնենք: Որևէ շոշափելի բան այս ուղղությամբ այս պահի դրությամբ չեմ տեսել: Օրինակ՝ տնտեսվարողների մոտ, որոնք ունեն վարկեր, հատկապես՝ դոլարային, հաշվի առնելով դրամի արժեզրկումը, վարկային ինվեստիցիաների խնդիր է առաջանում: Կառավարությունը ԿԲ հետ միասին պետք է այդ բանկային պարտավորությունները մեղմի, լրացուցիչ միջոցներ տրամադրի, որ շնչահեղձ չլինեն տեղական արտադրողները: Միջազգային պրակտիկայում դա օգտագործվում է, նոր բան չէ»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը դեռ վաղ է գնահատել, որովհետև իսկապես նոր է և չափազանց վատ արդյունքներ կան: Սակայն, ըստ նրա, վատ արդյունքների պատճառն այն չէ, որ ԵՏՄ-ն է վատը, այլ որ սպասումները տնտեսության ոլորտում թե՛ արտադրողների, թե՛ ներմուծողների և թե՛ գործակալների կողմից կառուցվում են միջին ու երկարաժամկետ մոտեցումների վրա. «Այսօր, ցավալիորեն, այդ մոտեցումները հստակ չեն՝ թե՛ ՀՀ, թե՛ ԵՏՄ անդամ երկրների տնտեսվարողների մոտ: Ինչո՞ւ: Եթե մեզ մոտ հիմնականում օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայում ոչ հստակություն կա, ապա դրսի տնտեսվարողների մոտ անորոշությունն ավելի շատ միջազգային շուկայից է բխում, որովհետև որևէ մեկը չգիտի, թե ինչքան են շարունակվելու տնտեսական պատժամիջոցները, որևէ մեկը չգիտի, թե ի վերջո ռուսական տնտեսությունից կապիտալի արտահոսքը ինչ մասշտաբների է հասնելու, և ռուբլին ինչ վիճակում է հայտնվելու, ոչ ոք չգիտի, թե նավթի գների անկումը ինչ մակարդակի վրա կկանգնի: Դրա համար անորոշությունների այս տիրույթում շատ կարևոր է, որ մենք, իբրև երկիր, տնտեսվարող սուբյեկտներին որոշակի վստահության պաշար ներարկենք: Դա կարող է լինել, որ պետությունը՝ ի դեմս կառավարության, պատրաստ է արտաքին շուկաներում նվաճման քաղաքականություն վարել, որ տնտեսվարող սուբյեկտները երկարաժամկետ առոuմով ունենան իրենց պլանները: Այսինքն՝ թե՛ արդյունաբերական, թե՛ գյուղմթերքների, թե՛ վերամշակման արդյունաբերության ստեղծման և թե՛ նաև սեփականության իրավունքի պաշտպանությունը, ինչն այսօր մեր տնտեսվարողների համար լրջագույն մտահոգություն է»:
Ա.Մինասյանի կարծիքով՝ այս տարի ՀՀ տնտեսությունը շատ մեծ կորուստներ կունենա, եթե կառավարությունը «ձեռները ծալած նստի»: Բայց եթե կառավարությունը խրախուսի, ակտիվացնի արտադրությունից մինչև արտահանման սխեման ամբողջությամբ, մենք ոչ միայն անկում չենք ունենա, այլ կապահովենք նաև դրական աճ, առաջընթաց. «Շահութահարկի նվազեցման հետ կապած արտահանման աջակցությունը դրական է, բայց ամբողջական չէ՝ կիրառված գործիքակազմով, և չի սկսվել արտադրությունից: Ներքևից պետք է սկել, որ շղթան ամբողջությամբ լինի: Երկրորդ՝ միջազգային ոլորտում սպասումները չազանց մեծ դեր են խաղում մեր տնտեսության վրա, այնքանով որքանով որ ռուսական տնտեսությունը անկում է ապրում, դա թե՛ բացասական, թե՛ դրական հնարավորություն ստեղծելու առումով մեզ շանս է տալիս: Եթե կարողանանք օգտվել դրանից, մեր տնտեսությունն անկում չի ունենա»: