Կառավարությունը կօգնի՞ հայ արտահանողներին
Դեռ անցած տարվա դեկտեմբերից արտահանողները բարձրաձայնում էին, որ ռուսական շուկայում խնդիրներ ունեն՝ ռուբլու արժեզրկման, տեղական ապրանքների հետ անհավասար մրցակցության և գնողունակության անկման հետ կապված: Որոշ արտահանողներ կրճատեցին իրենց արտահանման ծավալները և սկսեցին նոր շուկաներ փնտրել։ Ոմանք էլ, օրինակ՝ «Յունիֆիշ» ձուկ արտադրող և արտահանող ընկերությունը, մեկընդմիշտ խզեցին իրենց կապերը ռուսական շուկայի հետ:
Այս օրերին առաջ եկած տնտեսական խնդիրները լուծելու համար տնտեսագետներն առաջարկում են արտահանումը խթանող ծրագրեր իրականացնել, սակայն այս պայմաններում, երբ Հայաստանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ գնալով իրավիճակը սրվում է, հրատապ է դառնում նոր շուկաներ գտնելու հարցը։ Մյուս կողմից էլ՝ արտահանողի համար առևտային նոր խաղի կանոնները յուրացնելն այնքան էլ հեշտ չէ:
Անցած ամիսների արտահանման թվային պատկերը մեզ երկար չսպասեցրեց. ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2015 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ՝ նվազել է 27.7%-ով և կազմել 592.5 միլիոն դոլար։
Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս վիճակագրությանը, նշեց, որ նման թվերը սպասելի էին, և այլ կերպ լինել չէր կարող. «Ոչինչ տեղի չի ունենում, իրավիճակը գնալով վատից ավելի վատն է գնում: Շատ հանդիպումներ ու քննարկումներ են իրականացվում, սակայն դրանք չեն կարող արդյունավետ լինել: Պետք է իրավիճակի փոփոխություն միայն, Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները պետք է վերացվեն, նավթի գինը բարձրանա, նոր հետո շուկան կսկսի դրական միտումներ արձանագրել»:
Ռուսական շուկայում գնողունակության անկման և հայկական ապրանքների մրցունակության հետ կապված՝ մեր զրուցակիցը նշեց, որ հայկական ապրանքներն էժան չեն և գնողունակությունն ընկած է, քանի որ հիմնականում արտահանում ենք գինի, կոնյակ, որը լյուքս տեսակի արտադրանք է։ Հետևաբար՝ մեր արտադրանքն այդ բացասական ազդեցությունը կրում է. «Վիճակն իսկապես ցավալի է, նույնիսկ լացել կարելի է. նշածս ընկերությունները, եթե անգամ ամբողջովին չեն կրճատել արտահանումը դեպի ռուսական շուկա, ապա հաստատ մի քանի անգամ կրճատել են: Մարդիկ գնում են հիմնական ապրանքատեսակները»:
Մենք զրուցեցինք արտադրող և արտահանող ընկերությունների հետ՝ հասկանալու համար նրանց խնդիրներն ու հեռանկարները: Զարմանալին, թերևս, այն է, որ որոշ ընկերություններ վիճակագրությանը հակառակ պատկեր ներկայացրին: «Սպայկա» ընկերության մարքետինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լիաննա Թամրազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց արտահանումների ծավալները գրեթե մնացել են անփոփոխ. «Խնդիրներ չկան, ծավալների նկատելի փոփոխություններ՝ ևս: Մեր աշխատանքը բնականոն հունով առաջ է գնում, և դեռևս մտահոգությունների առիթներ չկան»:
«Գրանդ Հոլդինգ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Վահրամ Բրուտյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ընկերության արտահանման ծավալներն ավելացել են: Կոնկրետ թվեր չնշելով՝ վերջինս տեղեկացրեց, որ իրենք իրենց վիճակագրությունն ամփոփում են ոչ թե առանձին երկրների մասով, այլ ընդհանուր. «Առանձին տվյալներ՝ ռուսական շուկայի հետ կապված, չեմ կարող ներկայացնել, ամեն դեպքում մեր հիմնական արտահանումը դեպի Մերձավոր Արևելք է»:
«Պռոշյանի գինու-կոնյակի գործարանի» փոխտնօրեն Ավետիք Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ իսկապես արտահանման ծավալների կրճատում եղել է, այս պահին համեմատաբար փոքր քանակով են արտահանում, որպեսզի ցանցից դուրս չգան. «Այսպես ասած, մեր տեղը պահում ենք, եթե իրացման ցանցից դուրս եկանք, հետո դժվար կլինի նորից վերականգնել այն: Մեզ համար ամենակարևորը ոչ թե ռուբլու արժևորումն է, այլ իրավիճակի կայունացումը, հետո արդեն պետք է մտածենք գների բալանսավորման մասին: Այսինքն, պայմանագրերը թողնենք ռուբլով, բայց գին բարձրացնենք»:
Ա. Գասպարյանն ասաց նաև, որ իր տեղեկություններով՝ հնարավոր է՝ կառավարությունը տուժած արտահանողներին օժանդակություն ցուցաբերի. «Գործատուների միությունը մեր նամակների հիման վրա հարցը բարձրացրել է, մնում է հասկանալ` ինչ տեսքով կլինի այդ օգնությունը: Քննարկվում են քիչ տոկոսով վարկերի, սուբսիդիաների տրամադրման և այլ տարբերակներ»: