«Մեր գոյատևման խնդիրը լուծվում է Ռուսաստանի միջոցով և ոչ՝ Եվրոպայի կամ Արևմուտքի». Գառնիկ Մարգարյան

168.am-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը:

– Մարտի 18-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ նախագահը հենց հիմա նման հայտարարությամբ հանդես եկավ, և ինչպե՞ս այդ հայտարարությունը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

– Իմ կարծիքով՝ դա ոչ թե իր և իշխող ռեժիմի գնահատականն է, այլ ազդեցությունների և ենթակայության տակ արված հայտարարություն, ինչպես նախկին մի շարք հարցերում: Ինձ թվում է՝ դա Արևմուտքի, վերջերս Հայաստան կատարած Եվրամիության խմբի այցի ազդեցությունն է, որովհետև Արևմուտքը մտահոգ է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ, և ես կարծում եմ՝ այդ հայտարարությունն ազդեցության հետևանք է, ոչ թե հիմնավոր, կշռադատված գնահատական:

Ով ուզում է նման հայտարարություն անի՝ նախագահ, վարչապետ կամ առանձին չինովնիկ, այն չի կարող ազդել հայ-ռուսական ֆունդամենտալ հարաբերությունների վրա: Կարող է՝ փոքր ինչ-որ «շտրիխ» լինել, բայց հիմնավոր ազդել չի կարող: Դրա համար ես կարծում եմ՝ դա հերթական քաղաքական հայտարարությունն է՝ ճնշումների ազդեցության տակ, և դա կանցնի-կգնա:

– Չե՞ք կարծում, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, իրոք, ազդում է հայ-ռուսական հարաբերությունների վրա:

– Պետք է մասնագիտական դիրքորոշումից նայել այդ հարցին: Ռուսաստանն ունի իր ռազմավարական շահերը Հարավային Կովկասում, նույն Ադրբեջանում, Հայաստանում, ինչո՞ւ չէ, նաև՝ Վրաստանում, և այդ առումով՝ նրա վաճառած զենքի, զինամթերքի քանակը տասնյակ անգամ զիջում է այն թվաքանակին, որը տրվում է Հայաստանին: Իհարկե, Սերժ Սարգսյանի կողմից բարձրաձայնել դա, որոշակի ժամանակավոր ազդեցություն կարող է թողնել, բայց դա չի կարող ազդել ռազմավարական, ինչպես նաև ԵՏՄ-ի շրջանակում հարաբերությունների վրա:

– Մայիսին Աստանայում ԵՏՄ անդամ պետությունների կայանալիք հանդիպմանը մասնակցելու հրավեր Հայաստանը դեռ պաշտոնապես չի ստացել, ու կարծիքներ կան, որ Սերժ Սարգսյանի՝ նման կոշտ հայտարարությամբ հանդես գալը պայմանավորված էր հենց այդ հանգամանքով: Ըստ Ձեզ՝ կարո՞ղ էր այդ հանգամանքը դրդել նախագահին նման հայտարարություն անել:

– Ես կարծում եմ՝ պետք է սպասենք, տեսնենք՝ Արևմուտքի ազդեցությունը Սերժ Սարգսյանի վրա ի՞նչ հետևանքների կբերի: Իհարկե, դա կբերի որոշակի խնդիրների առաջացմանը, իրավիճակի բարդացմանը, բայց չպետք է մոռանանք, որ կան վերջապես տնտեսական հարաբերություններ, կա գազի, կա սննդամթերքի, վառելիքի, ավիացիոն, տարբեր ստրատեգիական նյութերի խնդիրներ: Մենք ուրիշ այդպիսի գործընկեր չունենք, միայն Ռուսաստանն է, և կարծում եմ, որ այստեղ պետք է համբերատար սպասենք: Եթե գնացին բարդ պրոցեսներ, ապա սա կարող է բերել լուրջ հետևանքների ռեժիմի նկատմամբ:

– Այնուամենայնիվ, այդ հանդիպմանը մասնակցելու հրավեր Հայաստանը չի ստացել: Ինչո՞վ եք Դուք դա պայմանավորում:

– Ես չեմ ուզում որևիցե կանխատեսումներ կամ կանխագուշակումներ անել, բայց կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի նման երկակի պահվածքն է հիմնական պատճառը: Երբ եվրոպական տարբեր էմիսարներ կամ խմբավորումներ անընդհատ Հայաստանում են գտնվում և անգամ հայտարարում են, որ Հայաստանը Եվրոպայում է, և այլն, գուցե սրա ազդեցությունն էլ է: Ես կարծում եմ՝ ԵՏՄ-ի ձևավորված համակարգը և առաջին դեմքերը չեն ընդունում երկակի գնահատականներ քաղաքական դաշտում:

– Բայց ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀի՝ այդ միության մեջ լինելը, եթե պարբերաբար նման հանդիպումներին չհրավիրեն ՀՀին: Դա չի՞ հանգեցնի նրան, որ կա՛մ իրենք ՀՀին կհեռացնեն այդ միությունից, կա՛մ ՀՀն դուրս կգա:

– Ես կարծում եմ՝ դա ավելի շուտ կբերի ներսում լուրջ քաղաքական սրացման, քան այդ կառույցից մեզ դուրս հանելուն, որովհետև, եթե դուք փորձեք հարցումներ իրականացնել, ժողովրդի մեծ մասը կողմնակից է այդ միությունում մնալուն՝ տեսնելով ապագան, տեսնելով իրենց սոցիալական խնդիրների լուծումը: Դա կբերի ներսում քաղաքական բարդ պրոցեսների, որը լուրջ կազդի ներկայիս ռեժիմի մնալ-չմնալու հարցի շուրջ: Բայց մեր գոյատևման խնդիրը լուծվում է Ռուսաստանի միջոցով և ոչ՝ Եվրոպայի կամ Արևմուտքի:

Ըստ Ձեզ՝ Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը չի՞ նշանակում, որ նախագահն ինքը հնարավոր է համարում ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը և եվրոասոցիացման ճանապարհով գնալը:

– Ձեր հարցադրումն ուրիշ է, իմ պատասխանը՝ ուրիշ: Այդ դեպքում՝ ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս ենք մենք ապահովելու մեր անվտանգության խնդիրը, սահմանի, օդային տարածքի և այլ խնդիրները, երբ ես բազմաթիվ անգամ ասել եմ, որ մեր հարևան պետությունը՝ Թուրքիան, ՆԱՏՕ-ի խոշորագույն զորքն ունի, ռազմական բազաներն ունի, և այնտեղ իրենց առաջադրված խնդիրները հետևյալն են՝ ոչ այսօր, բայց իրավիճակի սրացման ժամանակ՝ այն բազաները, որ տեղակայված են՝ ուղղվեն Հայաստանի, անգամ Վրաստանի և այլոց դեմ, այդ պարագայում ի՞նչ ուժերով ենք մենք դիմակայելու և լուծելու մեր խնդիրները, երբ կա Կոլեկտիվ անվտանգության պայմանագիր, որն ապահովում է մեր անվտանգությունը, տարածքի կայունության խնդիրները: Մենք շատ անգամ էմոցիաների ենք տրվում՝ մոռանալով առկա լրջագույն պայմանագրերը, փաստաթղթերը և իրադարձությունները:

– Այս օրերին սահմանում լարված իրավիճակ էր, որի հետևանքով ունեցանք զոհեր և վիրավորներ: Շատերը դա պայմանավորում են Սերժ Սարգսյանի այդ հայտարարությամբ: Ըստ Ձեզ՝ կարո՞ղ էր նախագահի այդ հայտարարությունն ազդեցություն ունենալ սահմանում տիրող լարված իրավիճակի վրա:

Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է միջամտել կամ ադրբեջանական ռազմական ուժերին հրահրել անցնել նման գործողությունների: Ռուսաստանին այսօր բացարձակ պետք չէ, Ուկրաինայի լրջագույն խնդիրների առկայության պարագայում՝ ուզենալ նոր խնդիրներ Հարավային Կովկասում, առավել ևս՝ Հայաստանի նկատմամբ, որը հանդիսանում է կոլեկտիվ անվտանգության անդամ:

Ես յուրովի եմ մեկնաբանում այդ հարցը, սահմանում իրավիճակի բարդացումը դա ոչ միայն ադրբեջանական էմիսարների գործողությունների արդյունք է: Ես կարծում եմ՝ դա Թուրքիայի կողմից հրահրված դեպքերի հետևանք է, որովհետև Թուրքիան մտահոգ է ապրիլի 24-ին հայ ազգի նկատմամբ կատարած իր ոճրագործության համար, երբ տեսնում է՝ աշխարհի, Եվրոպայի և Արևմուտքի շատ երկրներ արդեն սկսել են սթափ և ողջամիտ գնահատել տեղի ունեցածը՝ երիտթուրքերի կողմից: Սա իրենց լրջորեն մտահոգում է, որովհետև իրենց երկրի ներսում էլ կան ուժեր, անհատներ, որոնք արթնացել են և ուզում են ճշմարտության ձեռք բարձրացնել: Սա, կարծում եմ, նրանց կողմից հրահրված գործողությունների հետևանք է: Եթե չկա Ռուսաստան, ապա ո՞ւմ միջոցով մենք պետք է ապահովենք հատկապես ռազմական տեխնիկայի, օդային տարածքի և այլ խնդիրներ:

 

Տեսանյութեր

Լրահոս