Կարեն Միրզոյան. «ԼՂՀ-ն շարունակում է ներդնել բոլոր ջանքերը տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով»

ԼՂՀ ԱԳ նախարարի ելույթը Երևանում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա համաժողովում.

Մարտի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդես է եկել ելույթով Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կայացած «Արարատի ստորոտին» 5-րդ միջազգային մեդիա համաժողովում։

Իր ելույթում ԼՂՀ արտաքին գործերի նախարարն անդրադարձել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարին և ազգային վերածննդի՝ արցախահայության անցած ուղուն։ Կարեն Միրզոյանը ներկայացրել է ազատ և բաց ժողովրդավարական հասարակություն կառուցելու Արցախի ժողովրդի ջանքերը և ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը:

«Լիակատար շրջափակման պայմաններում, ստիպված լինելով դիմագրավել թվով և զենքով գերազանցող հակառակորդին, արցախցիները, որոնց օգնության ձեռք մեկնեցին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը, ոչ միայն չընկրկեցին, այլև կարողացան պատերազմի թոհուբոհում ամրապնդել ու զարգացնել իրենց երիտասարդ պետականությունը՝ փոխելով պատմության ընթացքը», – նշել է Կարեն Միրզոյանը։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն իր խոսքում նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին, նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի որդեգրած՝ հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու քաղաքականությանը, ԼՂՀ-ում չեն տեսնում խաղաղ  կարգավորման այլընտրանք։

«ԼՂՀ-ն շարունակում է ներդնել բոլոր ջանքերը տևական խաղաղություն ու կայունություն հաստատելու նպատակով։ Արցախի սկզբունքային դիրքորոշումն է՝ կարգավորումը պետք է հիմնված լինի խաղաղության, իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հարգման վրա», – նշել է Կարեն Միրզոյանը։

Խոսելով Հայոց ցեղասպանության մասին, Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ «Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հրեշավոր հանցագործության, մարդկային անասելի ողբերգության, հայրենազրկության պատմություն է, այլև մարդ անհատի ու ազգի ոգու ուժի, տոկունության, մարդկային ու ազգային արժեքներին հավատարմության ու նվիրվածության պատմություն է»։

Նա համոզմունք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարն այսօր ստացել է նաև համամարդկային նշանակություն, քանի որ «ինչպես ցույց տվեց անցած հարյուրամյակը, ցեղասպանության հանցագործության անպատժելիությունը հանգեցնում է նոր ցեղասպանությունների»։

ԼՂՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս