
Թուրքիայում ցանկանում են պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը նվազեցնել մինչև 18-ի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) հանդես է եկել պատգամավոր դառնալու համար որպես տարիքային նվազագույն շեմ 18 տարին սահմանելու նախաձեռնությամբ:
ԱԶԿ-ի խորհդարանական խմբակցության փոխնախագահ Ահմեթ Այդընը սկսել է պատգամավորների շրջանում ստորագրահավաք անցկացնել՝ այդ հարցը սահմանադրական ուղղումներում ընդգրկելու համար: Առաջարկը խորհրդարանի նախագահությանը ներկայացնելու համար անհրաժեշտ է 184 ստորագրություն:
Ահմեթ Այդընը հայտարարել է, որ նախկինում իրենք նունպես հանդես են եկել նման նախաձեռնությամբ: Նա ընդգծել է, որ իրենց կազմակերպած ստորագրահավաքը չի առնչվում 10 տոկոս ընտրաշեմին, որը քաղաքական ուժերից պահանջվում է խորհրդարան մուտք գործելու համար:
Հիշեցնենք, որ 2007 թվականի հոկտեմբերի 21-ին Թուրքիայում սահմանադրական ուղղումների վերաբերյալ անցկացված հանրաքվեի արդյունքներով հաստատվել էր, որ այսուհետ պատգամավորների լիազորությունների ժամկետը կազմելու է ոչ թե 5, այլ՝ 4 տարի:
Դա հանգեցրեց նրան, որ 2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում անցկացվեցին խորհրդարանական վաղաժամ ընտրություններ, իսկ հաջորդ ընտրությունները սպասվում են հաջորդ տարվա հունիսին: Նույն ուղղումներով պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 30-ից նվազեցվեց մինչև 25-ի: