Հակոբ Հակոբյան. «Հարկային տեսուչներն ինչ ուզում՝ անում են»
«Հարկային տեսուչներն ինչ ուզում՝ անում են: Ես դեպք գիտեմ, որ անգամ 11% տարբերության վրա են կիրառել 22-րդ հոդվածը»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարկայինի աշխատանքից բողոքեց հանձնաժողովի անդամ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Հարկերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ:
ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Հարկերի մասին» օրենքի հենց 22-րդ հոդվածում, որով տույժեր են կիրառվում, եթե ապրանքի իրացման գնի ու արտադրողի հաշվետվությունների մեջ գնային 20% տարբերություն է լինում: Նախագծում նշվում է, որ խնդիրներ են հանդիսանում իրավական ակտերով կարգավորվող հարաբերությունները, այդ թվում՝ անուղղակի եղանակով հարկերի հաշվարկման համար հիմք հանդիսացող դեպքերի ոչ հստակ լինելը, կիրառվող հասկացությունների ոչ միատեսակ, տարաբնույթ ընկալումները, գործնականում անուղղակի եղանակով հարկային պարտավորությունների հաշվարկման բարդությունները (հաճախ անհնարին լինելը):
Հարկայինի աշխատանքից դժգոհեց նաև հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկը): Ըստ նրա՝ ներկայիս տնտեսական դժվարին պայմաններում, երբ բազմաթիվ ընկերություններ ստիպված են կամ փակվել, կամ աշխատողներին կրճատել, աջակցության փոխարեն ստուգումներ ու ճնշումներ են իրականացվում. «40 մթերող գործարան է փակվում, իսկ հարկայինը նստած է»:
ՀՀԿ-ական պատգամավոր Գարեգին Նուշիկյանի խոսքով՝ վերջին շրջանում է, որ կիրառվում է 22-րդ հոդվածը, իսկ մինչ օրս այն չի կիրառվել: Նա նշեց, որ գործարարներն առաջարկում էին ընդհանրապես հանել այդ հոդվածը:
«Եթե 20%-ի շեղում կա ապրանքի բացթողնման ու իրացման գնի մեջ, ինչո՞ւ չկիրառեն»,- տարասկուսեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միումյանը՝ չհամաձայնռլով, որ ճնշումներ կան: Ըստ նրա՝ ընկերություններում ստուգումներ իրակացնավում են օրենքի համապատասխան:
Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ մեթոդներն են շեղված:
Վ.Միրումյանը նշեց, որ 22-րդ հոդվածը չի կարող կիրառվել տարբեր ընկերությունների արտադրանքը համեմատելու համար, այլ նույն գործարանի վաճառքի ու հաշվետվությունների և ՊԵԿ հսկիչ չափումների վրա է հիմնվում: