Երիտասարդ արյունն ունի երիտասարդացնող ազդեցություն ծեր օրգանիզմի համար
Չկա մարդ, ով լսած չլինի հայտնի Դրակուլայի մասին: Նա հայտնի էր իր՝ երիտասարդ մարդկային արյուն խմելու նախասիրությամբ: Ըստ հայտնի ֆիլմի սյուժեի՝ Դրակուլան խմում էր արյունը՝ հավերժ երիտասարդ մնալու համար: Եվ այն, ինչը մի քանի տարի առաջ դեռ անհավանական էր թվում, այժմ դարձել է իրականություն:
Ամերիկացի գիտնականները փորձնական ճանապարհով ապացուցել են, որ երիտասարդ արյունն իսկապես երիտասարդացնում է օրգանիզմը, մասնավորապես՝ սիրտը: Այդպիսի եզրակացության գիտնականները եկել էին ավելի երիտասարդ կենդանիներից ծերերին արյուն փոխներարկելու արդյունքում:
Հայտնի է, որ տարիքի հետ սրտամկանը սկսում է հաստանալ: Բնական է, որ սիրտը շարունակում է աշխատել, բայց այդ դեպքում այն ավելի շատ հանգստի ժամանակի կարիք ունի: Այդպիսի հանգիստը՝ երկու կծկումների միջև եղած ժամանակ, կոչվում է դիաստոլա, իսկ դրա պաթոլոգիկ երկարաձգումը՝ դիաստոլային սրտային անբավարարություն: Հաշվի առնելով այդ փաստը, գիտնականներն իրենց առջև հիմնական նպատակ էին դրել՝ հսկողության տակ վերցնել սրտամկանի ծերացման գործընթացը:
Ամերիկացի հետազոտողների խումբը մի փորձ է անցկացրել: Նրանք վիրաբուժական միջամտությամբ իրար են միացրել երկու օրգանիզմների արյունատար համակարգերը: Շատ կարևոր է, որ այդ օրգանիզմների մեջ եղել է նշանակալի տարիքային տարբերություն: Որոշ ժամանակ անց փորձի հեղինակներ Էմի Ուեյջերսն ու Ռիչարդ Լին նկատել են, որ սիրտը սկսում է «երիտասարդանալ»: Փորձն իրականացվում էր լաբորատոր մկների վրա: Դրանց մանրամասն ուսումնասիրելուց հետո գիտնականներն արձանագրեցին, որ ծեր մկան սիրտն ուներ նույնպիսի ֆիզիոլոգիական առանձնահատկություններ, ինչպես երիտասարդ մկանը: Պարզ ասած, երիտասարդ արյունը պարունակում է իր մեջ ինչ-որ նյութ, որն ունակ է ազդելու ծեր օրգանիզմի վրա:
Լրացուցիչ փորձերից հետո այդ նյութը հայտնի դարձավ: Դա պեպտիդ GDF-11-ն է: Այդ սպիտակուցի մասին հայտնի է 2 փաստ. այն ազդում է համի զգայարանների վրա և այդ սպիտակուցի քանակն ավելի մեծ է երիտասարդ օրգանիզմների մոտ:
Գիտնականները հույս ունեն, որ հնարավոր է՝ սրտի ծերացման գործընթացը հսկողության տակ առնելուց հետո GDF-11-ը ազդի նաև այլ օրգանների վիճակի վրա, բայց դրա համար դեռ շատ փորձեր ու հետազոտություններ պիտի արվեն:
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ