Վերցրած վարկերը պետք է հասցեական լինեն, որ տնտեսությունը շահի. մասնագետներ
Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Չինաստանի Ներմուծման-արտահանման բանկի կողմից մեր երկրին արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման համաձայնագիրը: Վարկը, որը կազմում է 155.5 մլն յուան կամ 25 մլն դոլար, ուղղվելու է «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագրի» իրագործմանը: Վարկի արժույթը լինելու է չինական յուանը, մարման ժամկետը՝ 20 տարի, որից 5-ը՝ արտոնյալ:
Ավելի վաղ Համաշխարհային բանկն էր 30 մլն դոլարի վարկ տրամադրել Հայաստանի 150 համայնքներում սոցիալական ներդրումների համար: Վարկային միջոցներով այս համայնքներում պետք է իրականացվեն սոցիալական ենթակառուցվածքների (դպրոցներ, մանկապարտեզներ, բժշկական ու սոցիալական ծառայությունների կենտրոններ, համայնքային կենտրոններ, ջրամատակարարման ու աղբահանության համակարգեր), ինչպես նաև տնտեսական ենթակառուցվածքների (ոռոգման համակարգեր, գյուղմթերքների վերամշակման ու պահեստային շինություններ, շուկաներ և այլն) վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ:
«Ֆորեքս քլաբի» փորձագետ Իրինա Սիմոնյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով դրսից ֆինանսական միջոցների ներգրավմանը՝ նշեց, որ անհանգստանալ պետք չէ, քանի որ սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, սակայն կարևոր է, թե տրամադրվող վարկերն ինչ պայմաններ ունեն, քանի տարի են արտոնյալ, և այլն:
«Եթե տոկոսը ցածր է, և վարկն էլ կոնկրետ ուղղություն ունի, նորմալ է, դա ներդրում անելու մի ձև է: Ինչ վերաբերում է Համաշխարհային բանկի վարկին, կարծում եմ՝ ճիշտ ուղղություն է ընտրված, քանի որ մեր տնտեսությունը, արտադրությունը, աշխատատեղերը միայն Երևանի վրա շեշտադրելով՝ մենք բաց ենք թողնում մեր հնարավորությունները, տնտեսությունը սխալ ընթացք է ունենում»,- հայտնեց Ի. Սիմոնյանը:
Հարցին՝ արդյոք արտաքին պարտքի սպասարկման խնդիր չի՞ կարող առաջանալ, փորձագետը պատասխանեց, որ այս պահին արտաքին պարտքը նորմայի սահմաններում է, սակայն, իհարկե, բյուջեի վրա բեռն ավելի կմեծանա. «Պետք է վերանայել ցավալի կետերը և այնտեղ ներդրումներ անել: Այսօր մեզ համար առաջնային է արտադրության և արտահանման աջակցության ուղղությունը, նոր աշխատատեղերի ստեղծումը, ենթակառուցվածքների, հատկապես՝ համայնքային ճանապարհների մասով»:
Նրա խոսքով, շատ կարևոր է տնտեսական զարգացումների տրամաբանությանը հետևելը, համաշխարհային գործընթացներից Հայաստանը չի կարող առանձնացված լինել, հետևաբար՝ նման տնտեսական պայմաններում վարկերի ներգրավումը նպատակ ունի ավելի կառավարելի դարձնել ռիսկերը, մեղմել ցնցումները:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն այլ տեսակետ ունի: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե դրսի ֆինանսական կառույցները սկսել են Հայաստանին վարկեր տրամադրել, ուրեմն մեզ մոտ զարգանում են ճգնաժամային երևույթներ. «Մեր տնտեսության մեջ հիմա արձանագրվում են այդ միտումները, դրա համար սկսվել է վարկերի ակտիվ հոսքը: Համոզված եմ, որ ակտիվանալու է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը։ Ինչ վերաբերում է սպասարկմանը, կարևոր է՝ արդյո՞ք վարկերն առաջիկա տարիների համար կունենան արտոնյալ պայմաններ, սպասարկման ծավալները, բաշխվածությունը ի՞նչ տեսք կունենան»:
Վ. Խաչատրյանը նշեց, որ դրսի բանկերի տրամադրած գումարների 30 տոկոսը գնում է խորհրդատվությանը, որոնք մատուցում են իրենց մասնագետները, այսինքն՝ իրենց մասնագետին բարձր աշխատավարձ ենք տալիս մեր քաղաքացիների հաշվին: «Համայնքներում ներդրումները պետք է տանեն նրան, որ Երևանը բեռնաթափվի, այստեղ ներդրումներն արդարացված են, քանի որ կա արտագաղթի խնդիր, որն այս կերպ կմեղմվի: Եթե վարկերի ընդհանուր կառուցվածքին նայենք, դրանք ուղղված են ենթակառուցվածքային ծրագրերին, ես կարծում եմ՝ պետք է գյուղատնտեսական ցածր տոկոսադրույքներով վարկերը շատ լինեն, ջրամաբարներին ուղղված, էներգախնայողությանը, որը կբերի տնտեսության մեջ ենթակառուցվածքների ակտիվ գործունեության»:
Վերջինս կարևորեց նաև ճանապարհների որակը, քանի որ գյուղատնտեսական արտադրանքը պետք է հեշտորեն հասցնել վերջնական սպառողին, եթե ենթակառուցվածքային հարթություններով նման խնդիրներ կան, անիմաստ է ներդրումներ անել ոլորտում:
«Կարևոր է նաև նախաձեռնողականությունը, հարցումները ցույց են տվել, որ երբ հարցրել են մարդկանց` ի՞նչ եք արել ձեր տնտեսական վիճակը բարելավելու համար, 60-70 տոկոսն ասել է՝ ոչինչ։ Նրանք խնդրի լուծումը տեսնում են ոչ թե մասնավոր, այլ պետական հատվածում: Փաստորեն, վարկերը կան, կարող են աշխատել, սակայն չկա բավարար հետաքրքրվածություն, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ վարկը տրամադրվի ցածր տոկոսադրույքով, որ շահութաբերություն ապահովվի»,-ավելացրեց տնտեսագետը: