Ինչու խոստացան, եթե շրջանառության հարկի մասին նոր օրենքի քննարկումներին մեզ չհրավիրեցին. Ստեփան Ասլանյան
Երբ «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգվեց, ոլորտի ներկայացուցիչները հույս ունեին, որ հրավիրվելու են մասնակցելու օրենքում փոփոխությունների հետ կապված քննարկումներին։ Սակայն վերջերս, առանց իրենց իմացության, ԱԺ-ում օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը՝ նշելով, որ օրենքը հետաձգելիս խոստացել էին նոր օրենքի քննարկումներին շահագրգիռ կողմերին հրավիրել:
«Պատկան մարմիններից ոչ մեկի կողմից հրավեր չեմ ստացել մասնակցելու կամ քննարկելու օրենքը և չգիտեմ՝ արդյոք քննարկվո՞ւմ է օրենքը, թե՞ ոչ: Եղել էր պայմանավորվածություն միասին քննարկելու, սակայն կասկածելի շտապողականությամբ նոր օրենքի նախագիծը բերվեց ԱԺ: Կասկածում ենք անգամ, որ նոր նախագիծը չէր քննարկվել այն խմբակցությունների կողմից, որոնք ասել էին՝ քննարկելու ենք ձեռներեցների հետ»,- հայտնեց Ս. Ասլանյանը՝ նկատելով, որ ոչ մի ձեռներեց պատրաստ չէ հարկային բեռի բարձրացման, իսկ սա ակնհայտորեն հարկերի բարձրացում է ենթադրում:
Նրա խոսքով, պետական պաշտոնյաներն իրենց կաբինետներում մտածել են, որ օրենքը լավն էր և կարող է գործել, սակայն դեռևս չկա մի ձեռերեց, որ ասած լինի, թե օրենքը լավն է. «Սպասում են երկրորդ քննարկմանը, որը հետաձգվում է, երևի փորձում են որոշ բաներ վերծանել, որ առանց մեր հուշումների՝ լավ փոփոխություններ անեն։ Սակայն, եթե եղան նոր խնդիրներ, ձեռներեցները կդիմեն այլ քայլերի: Պետք է սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում, նոր հասկանանք՝ ճաշին ինչ խառնենք՝ ա՞ղ, թե՞ սոդա»:
Ոլորտի ներկայացուցիչը նշեց, որ օրենքը պետք է լինի ոչ թե քայլ առաջ, այլ լավը: Քանի դեռ տարբերակ կա օրենքը լավը դարձնելու, անհասկանալի է՝ ինչ է նշանակում՝ քայլ առաջը։ Տարբերությունը և առաջընթացն այն է, որ օրենքը քննարկելու բերեցին Ֆինանսների նախարարությունից, այն կառույցից, որը շահագրգռված է ձեռներեցության ոլորտի զարգացման համար:
Անդրադառնալով օրենքների տարբերությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ առաջին օրենքով ձեռներեցին պարտադրվում էր հաղորդում տալ, թե ով է տրամադրել ապրանքը, կամ, եթե չկա փաստաթուղթը, տեսուչները ցանկացած պահի կարող էին մտնել և 30 անուն ապրանքներ ստուգման ենթարկել, իսկ փոքր խանութների դեպքում ստուգումներ կարող են լինել ամեն օր:
«Երկրորդ օրենքում այս ստուգումների մասին բան չկա, և ես հասկանում եմ՝ սա ձեռներեցների աչքերին թոզ փչելու հերթական մոտեցումն է , ասում են՝ դուք փաստաթղթավորվեք, մինչև իրենք ստուգումների մասին օրենքում լրացումներ կանեն, որ տեսուչը կարող է ցանկացած պահի մտել խանութ: Եթե մենք թույլ տվեցինք, որ հարկային տեսուչը մտնի խանութ, մենք կստեղծենք աշխարհի ամենակոռումպացված բունը: Համատարած այս վիճակն է այդ կառույցում. ձեռներեցները հո պատահական չէ՞, որ բարձրաձայնում են, մտահոգություններ հայտնում»,- հայտնեց նա:
Ըստ Ս. Ասլանյանի՝ անհրաժեշտ է, որ իշխանությունը քայլեր անի, որպեսզի ստեղծվի մի կառույց, որը պաշտպանի առևտրականների շահերը. խնդրով զբաղվող հ/կ-ներ կան, որոնց պետք է երկխոսության հրավիրեն, որպեսզի նման խնդիրների դեպքում մարդիկ հրապարակ չվազեն, այլ դիմեն այս կառույցին: