Ադրբեջանն անօդաչու թռչող սարքերի ներկրման ցուցանիշով չորրորդն է աշխարհում. SIPRI

Newsru.co.il-ի փոխանցմամբ՝ Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Իսրայելն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանման ոլորտում առաջին տեղում է աշխարհում: 1985-2014 թվականներին աշխարհում արտահանված ԱԹՍ-երի 60.7 տոկոսն արտադրվել է Իսրայելում:

Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որը մատակարարել է հաշվետու ժամանակահատվածում արտահանված ԱԹՍ-երի 23.9 տոկոսը: Երրորդ տեղում Կանադան է՝ 6.4 տոկոս: 2010-2014 թվականներին Իսրայելն արտահանել է 165 ԱԹՍ, ԱՄՆ-ը՝ 132 ԱԹՍ, իսկ ահա երրորդ տեղում ընթացող Իտալիայի ցուցանիշը կազմել է միայն 37 ԱԹՍ:

SIPRI-ն ընդգծել է, որ շատ նեղ է այն երկրների շրջանակը, որոնք արտահանում են իրենց ԱԹՍ-երը: 2005-2009 թվականներին այդպիսի երկրների թիվը կազմել է 11, իսկ 2010-2014 թվականներին՝ միայն 10: Միևնույն ժամանակ ԱԹՍ ներկրող երկրների թիվն աճել է մինչև 35-ի:

ԱԹՍ-երի խոշորագույն ներկրողը Մեծ Բրիտանիան է, որը 2010-2014 թվականներին ԱՄՆ-ց գնել է 6 հարվածային ԱԹՍ, իսկ Իսրայելից՝ տարբեր տիպի ևս 55 ԱԹՍ (ընդհանուր առմամբ՝ նշված ժամկետում արտահանված ԱԹՍ-երի 33.9 տոկոս):

ԱԹՍ-երի երկրորդ խոշոր ներկրողը Հնդկաստանն է, ով հաշվետու ժամանակահատվածում գնել է արտահանված բոլոր ԱԹՍ-երի 13.2 տոկոսը: Ապա գալիս են Իսրայելը, Ադրբեջանը, Գերմանիան, Թուրքիան, Ֆրանսիան, Սինգապուրը և Բրազիլիան:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ SIPRI-ի զեկույցի համաձայն՝ Եվրոպայում զենքի խոշորագույն ներկրողը Մեծ Բրիտանիան է՝ 14 տոկոս, իսկ Ադրբեջանը երկրորդն է՝ 13 տոկոս: Ադրբեջանը 2010-2014 թվականներին զենքի ներկրման ծավալն ավելացրել է 249 տոկոսով՝ համեմատած 2005-2009 թվականների հետ: Ընդ որում, Ադրբեջանի ներկրած զենքի ծավալի 85 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին:

Տեսանյութեր

Լրահոս