2010-2014 թվականներին Ադրբեջանը զենքի 85 տոկոսը ներկրել է Ռուսաստանից. SIPRI
Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած տարեկան նոր զեկույցում (Yearbook 2015) անդրադարձ է կատարված նաև Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրին, որի շուրջ նախորդ տարի գրանցվել է մեծ լարվածություն:
Ընդգծվում է, որ Ադրբեջանը 2010-2014 թվականներին զենքի ներկրման ծավալն ավելացրել է 249 տոկոսով՝ համեմատած 2005-2009 թվականների հետ: Ընդ որում, Ադրբեջանի ներկրած զենքի ծավալի 85 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին: Եվրոպայում զենքի խոշորագույն ներկրողը Մեծ Բրիտանիան է՝ 14 տոկոս, իսկ Ադրբեջանը երկրորդն է՝ 13 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի ներկրած զենքի ծավալը կազմել է Ադրբեջանի ներկրած զենքի ծավալի 4 տոկոսի չափ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո բանակին, ապա զեկույցում նշված է, որ այն էական ուժ է, սակայն անհայտ է մնում, թե երբ և որտեղից են նրանք ձեռք բերել զենք: Ըստ ամենայնի, Հայաստանը որոշակի քանակությամբ զենք է մատակարարել նրան: