Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է միլիոնատերերի մասին հետազոտությունը
FinParty-ի փոխանցմամբ՝ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է Ռուսաստանում կապիտալի սեփականատերերի մասին կատարված հետազոտությունը: Դրա հիմքում ընկած են 39 հարցվածների հետ խորքային հարցազրույցներ:
Հետազոտությունը պատրաստել է «Սկոլկովո» բիզնես դպրոցի՝ Բարեկեցության ու բարեգործության կառավարման կենտրոնը, որի փորձագիտական խորհրդի ղեկավարը Ռուբեն Վարդանյանն է:
Հետազոտության վրա կատարված աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի, այն կոչված է պարզել ժառանգականության, սեփական ակտիվների կառավարման, բարեկեցության ու բարեգործության հարցերում ռուս խոշոր ձեռնարկատերերի ու ներդրողների վերաբերմունքը:
Հարցմանը մասնակցած 39 մարդկանց մեծ մասի տարիքը կազմել է 45-65 տարեկան, նրանց 13 տոկոսն ընդգրկված է Forbes-ի ռուսական ցուցակում, իսկ ունեցվածքի նվազագույն շեմ է սահմանվել 100 միլիոն ռուբլին: Կազմակերպիչների խոսքերով՝ նրանց հետ անցկացված հարցազրույցներն աչքի են ընկել իրենց բացությամբ ու տևականությամբ: Օրինակ, ամենաերկար զրույցներից մեկը շարունակվել է 3.5 ժամ:
Վարդանյանի կարծիքով՝ ներկայիս օրակարգի առանցքային հարցերի թվում են կապիտալի կառավարման ու ժառանգականության հարցերը, ինչի պատճառն այն է, որ 1917 թվականից հետո առաջին անգամ Ռուսաստանում ձևավորվել է մարդկանց սերունդ, որը հնարավորություն ունի հաջորդ սերնդին թողնել նյութական զգալի բարիքներ:
Հարցվածների արժեքային կողմնորոշման հետազոտումը վկայել է, որ բիզնեսի ու մասնավոր կապիտալի սեփականատերերը ռուսաստանցիների մեծ մասից տարբերվում են սկզբունքային կարևոր գծով: Ինչպես ասել է Վարդանյանը, նրանք բոլորն էլ պատրաստ են որոշումներ ընդունել և գործել հարմարավետության գոտուց դուրս:
Հետազոտության գիտական ղեկավար Իվան Կլիմովն իր հերթին հայտարարել է, որ նրանք հակված են հաջողության և բաց են փոփոխությունների համար, այսինքն չեն վախենում ռիսկի դիմել և պատրաստ են պատասխանատվություն կրել իրենց իսկ որոշումների համար:
Նրանց կեսը պլանավորում է իրենց ընկերությունների սեփականատերեր մնալ ավելի քան 5 տարով, իսկ համեմատաբար փոքր մասը բիզնեսը դիտարկում է որպես ակտիվ, որը պետք է փոխանցվի ընտանիքին:
Վարդանյանը հայտարարել է. «Դա նշանակում է, որ մարդիկ հարկադրված կլինեն վաճառել այն, իսկ դա անելը հեշտ չէ: Հենց որ նրանք հասկանում են դա, փոխվում է բիզնես վարելու հանդեպ մոտեցումը. ակնհայտ է, որ անհրաժեշտ է այն դարձնել թափանցիկ»: