Եթե ՌԴ-Արևմուտք առճակատման ֆոնին հաջողվում է պահպանել Մինսկի խումբն աշխատանքային վիճակում, դա արդեն արդյունք է
Մեր զրուցակիցն է ԼՂՀ արտաքին և անվտանգության քաղաքականության հանրային խորհրդի նախագահ, քաղաքական գործիչ, նախկին դիվանագետ Մասիս Մայիլյանը
– Պարոն Մայիլյան, օրերս բավականին շրջադարձային զարգացումներ տեղի ունեցան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում, որն ըստ էության անուշադրության մատնվեց հանրության կողմից։ Ըստ էության, ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխվում է Մինսկի խմբի կոնֆերանսի ձևաչափ։ Հետաքրքրականն այն է, որ 1992 թ. ստեղծված Մինսկի խումբը պետք է հասներ կրակի դադարեցմանը Ղարաբաղում և հրավիրեր Մինսկի կոնֆերանս, փաստորեն, այն հրավիրվում է 23 տարի անց, և Բելառուսի ԱԳ նախարարը խոսում է բանակցային գործընթացի եզրափակիչ փուլի և խաղաղության համաձայնագրի մասին այն ժամանակ, երբ ԼՂ հակամարտությունն ըստ էության ավելի շատ գտնվում է արևմտյան համանախագահների «կառավարման» ներքո` ՌԴ զբաղվածության պատճառով, և Մինսկը, ըստ էության, դարձել է Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների կարգավորման հարթակ։ Ո՞րն է այս գործընթացի նպատակը և ի՞նչ են պատրաստում միջնորդները հակամարտող կողմերի համար։
– Այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 23 տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպեցին Մինսկում, բացարձակապես չի խոսում խաղաղության պայմանագիր ստորագրելու կողմերի և միջնորդների պատրաստակամության մասին։ Վերջին 9-10 տարիների ընթացքում կողմերը նույնիսկ չեն կարողացել համաձայնեցնել այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է պատրաստվեր համապարփակ համաձայնագրի նախագիծը։
– Եթե 1992թ. որոշվել էր, որ կարգավորման գործընթացի ավարտից հետո պետք է հրավիրվեր այս կոնֆերանսը, ապա, եթե այն այսօր արդեն նախանշվել է, կարելի է ենթադրել, որ կա որոշակի կոնսենսուս գոնե հակամարտող կողմերի միջև, բայց դա ներկայիս լարվածության պայմաններում քիչ հավանական է։ Այսինքն` կոնֆերանսը հրավիրվում է նո՞ր որոշումների կայացման նպատակով, և այդ որոշումները որքանո՞վ կապ ունեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների հետ։
– Հստակ տեղեկատվություն չի եղել այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի համաժողովի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Բելառուսական կողմը միայն հաստատել է իր պարտավորությունը նման համաժողով անցկացնելու վերաբերյալ, երբ դրան պատրաստ կլինեն կողմերը։ Պաշտոնական Մինսկը պատրաստ է նաև ԼՂ հակամարտության կողմերին հանդիպումների և բանակցությունների համար հարթակ տրամադրել։
– Ձեր կարծիքով` ինչո՞ւ է այս նոր գործընթացը մեկնարկում աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս պայմաններում։ Ո՞րն է Արևմուտքի նպատակը։
– Նորը կամ լավ մոռացված հինն այն է, որ համանախագահները որոշել են շփվել ընդլայնված կազմով։ Մինսկի գործընթացի մեկնարկային փուլում բանակցություններն ընթանում էին ԼՂՀ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի 9 անդամ-երկրների ձևաչափով։ Այս փուլից հետո որպես միջազգային միջնորդներ` սկսեցին հանդես գալ միայն համանախագահները, իսկ մյուս երկրները` ժամանակ առ ժամանակ ստանալ հաշվետվություններ բանակցային գործընթացի վերաբերյալ։ Հնարավոր է` ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները փորձում են օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամ-երկրների ներուժը` գործընթացին նոր լիցք հաղորդելու նպատակով։
– Ռուսաստան-Արևմուտք առճակատման պայմաններում և ուկրաինական հակամարտության ֆոնին, երբ հակասություններ ունեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որքանո՞վ արդյունավետ կարող է լինել այս ձևաչափով կոնֆերանսը։
– Կրկնեմ, որ համաժողովի մասին դեռ խոսք չկա։ Բայց եթե Ռուսաստան և Արևմտյան երկրներ առճակատման ֆոնին հաջողվում է պահպանել Մինսկի խումբն աշխատանքային վիճակում, դա արդեն արդյունք է։
– Ըստ Ձեզ` ունի՞ արդյոք Մինսկն Արևմուտքի մանդատը, առաջ քաշելով ԼՂ հակամարտության եզրափակիչ կոնֆերանսի անցկացման հարցը, որն ամրագրված է 1992թ., թե՞ սա ինքնակամորեն շրջանառության մեջ դրված թեմա է Բելառուսի իշխանությունների կողմից հաստատելու համար Բելառուսի խաղաղարարական իմիջը։
– Միայն այն բանից հետո, երբ կողմերը կկարողանան համաձայնեցնել կարգավորման սկզբունքները, ապա մշակել խաղաղության համաձայնագրի փոխընդունելի նախագիծ, կարող է ակտուալ դառնալ խաղաղության համաժողով հրավիրելու հարցը։ Համաժողովը պետք է պատրաստի ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Բելառուսի Հանրապետության իշխանությունները նման կարևոր միջոցառում անցկացնելու համար սիրալիր կերպով հարթակ կտրամադրեն։ Իհարկե, եթե Մինսկում ստորագրվի խաղաղության համաձայնագիր Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ապա դա օգտակար կլինի նաև ընդունող կողմի միջազգային հեղինակության, այս դեպքում` Բելառուսի համար։