Աբխազական երկաթուղու վերաշահագործման հիմքեր դեռ չկան
Ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը Վրաստանին հիշեցնում է Կովկասյան երկաթուղու Աբխազական հատվածի վերաշահագործման անհրաժեշտության մասին` զուգահեռաբար շարունակելով խորը քաղաքական և ռազմական ինտեգրացիան Հարավային Օսեթիայի և Աբխազիայի հետ, ինչը խոչընդոտում է Ռուսաստան-Վրաստան բանակցություններին: Չկարողանալով լուծել Հայաստան-ԵՏՄ տարածք ընդհանուր սահմանի հարցը, հերթական անգամ երեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձավ երկաթուղային ճանապարհին՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցությունների այս հարցով: «Սակայն հիմնական որոշումը պետք է կայացնեն գործընթացի անմիջական մասնակիցները, առաջին հերթին՝ Աբխազիան ու Վրաստանը:
Դրանում, հասկանալի պատճառներով, շահագրգռված է Հայաստանը: Մենք պատրաստ կլինենք աջակցել այդ շարժի վերականգնմանը, սակայն պայմանների շուրջ պետք է պայմանավորվեն առաջին հերթին՝ Սուխումն ու Թբիլիսին»,- ասել է Լավրովը: Այնինչ և՛ Սուխումը, և՛ Թբիլիսին իրար նկատմամբ պահանջներ ունեն և պատրաստ չեն նստել բանակցային սեղանի շուրջ:
Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում բացառեց Աբխազական երկաթուղու շահագործման հնարավորությունները մոտ ապագայում՝ Աբխազիայի և Հյուսիսային Օսեթիայի նկատմամբ ՌԴ քաղաքականության, այդ թվում՝ այդ տարածքների հետ կնքվող անհեթեթ համաձայնագրերի պատճառով:
Նրա համոզմամբ` քանի դեռ Ռուսաստանը վարում է նման քաղաքականություն, Վրաստանի համար այդ հարցը փակ է՝ պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակում: Ցինցաձեի խոսքով` Վրաստանը նման զիջումների չի կարող գնալ՝ նույնիսկ հանուն Հայաստանի, քանի որ դա դեմ է Վրաստանի ազգային շահերին: Վրաստանցի փորձագետի խոսքով` երկաթուղու վերաշահագործումը ո՛չ քաղաքականապես, ո՛չ տնտեսապես ձեռնտու չէ Վրաստանին, առավել ևս, երբ չկան զիջումներ ռուսական կողմից, և Վրաստան-Ռուսաստան բանակցությունները ներկայիս ռիթմով դեռ երկար կշարունակվեն:
168.am-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը հերթականն է, ավանդականը, որով ռուսական կողմը հերթական անգամ է փորձում ցույց տալ, որ իրենք խնդիր չեն տեսնում այս հարցում, չնայած շահագրգռված կողմը հայկականն է, և ուղիղ բանակցություններ պետք է տեղի ունենան Աբխազիայի և Վրաստանի միջև, ինչը որոշակի դժվարությունների է հանգեցնում, քանի որ կա դեռևս չլուծված հակամարտություն, ավելին՝ այսօրվա դրությամբ երկու երկրների միջև շփումները գրեթե զրոյական են և ընթանում են Ժնևյան համագործակցության և բանակցությունների ձևաչափով, որի մեջ ընդգրկված են նաև ԵՄ-ն, ՌԴ-ն և այլ շահագրգիռ կողմեր:
«Չեմ տեսնում հավանականություն, որ մոտակա հինգ տարիների ընթացքում ինչ-որ իրատեսական փոփոխություն լինի Աբխազական երկաթուղու վերաշահագործման ուղղությամբ: Բայց եթե հայկական կողմն ակնկալում է, որ պետք է ակտիվացնել տնտեսական հարաբերությունները ՌԴ-ի, ԵՏՄ անդամ երկրների հետ՝ Վրաստանի տարածքով, երևի թե պետք է այլընտրանքային ճանապարհներ փնտրի, որոնք զուգահեռ Վերին Լարսի ճանապարհին՝ կարող են բեռնաթափել ծանրաբեռնվածությունը և ակտիվացնել տնտեսական հարաբերությունները»,- ասաց Ջոնի Մելիքյանը: