Խաբեությո՞ւն, թե՞ անփութություն. բնակիչներին չեն զգուշացնում, որ ջրաչափերն անվճար են փոխվում
Վերջին օրերին ընկերությունից զանգահարում են բնակիչներին, կամ աշխատակիցներն անձամբ են այցելում բնակարաններ ու տներ և զգուշացնում, որ պետք է փոխել ջրաչափերը: Ըստ կանոնակարգի, ջրաչափերը պետք է փոխվեն 4 տարին մեկ անգամ:
«Երևան-Ջուր» ընկերության մամուլի ծառայության պետ Մուրադ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ հին ջրաչափերը նորերով փոխելու գործընթացն այս պահին շարունակվում է: Դիտարկմանը ի պատասխան, որ բնակիչները դժգոհություններ ունեն` նոր ջրաչափի գների հետ կապված, վերջինս տեղեկացրեց, որ ջրաչափերը բնակչի սեփականությունն են, սակայն տրամադրվում են անվճար:
«Մեզ ոչ ոք չի ասել, որ ջրաչափերն անվճար են տրամադրվելու, ասել են, որ ժամանակն է՝ փոխելու, սակայն, որ այն անվճար է տրամադրվելու, նման խոսք չի եղել: Մենք արդեն գնացել ենք, նոր ջրաչափ գնել։ Ինչո՞ւ պետք է ավելի գումար ծախսեինք, եթե կարելի էր ասել, որ այն անվճար տրամադրվում է քաղաքացիներին»,- մեզ հետ զրույցում հայտնեց Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներից տիկին Արևիկը:
Ընկերության մամուլի խոսնակը նշեց, որ ընկերությունը փոխում է նաև անսարք կամ այլ խնդիրներ ունեցող ջրաչափերը, մինչդեռ քաղաքացիները պնդում են, որ տեխնիկական խնդիրների դեպքում անգամ շատ քիչ է հանդիպում, որ անվճար նոր ջրաչափ տրամադրվի:
«Անցած տարի մեր ջրաչափի հետ խնդիր կար, հաշվիչն արագ էր պտտվում։ Որպեսզի մեր վրա ծախսը շատ չլինի, զանգահարեցինք մի քանի անգամ Ջրմուղի մեր տարածք, տեղյակ պահեցինք, սակայն մեկ ամսից ավելի տևեց, մինչև կարողացանք համոզել, որ մեր պատճառով չի առաջացել խնդիրը: Ջրմուղի աշխատակիցը նշում էր, որ մենք ենք միջամտել, որ հաշվիչը դանդաղեցնենք, սակայն հակառակն է ստացվել»,- հայտնեց Զավենը, ում հաջողվել էր նոր ջրաչափ ունենալ՝ դատարան դիմելու սպառնալիքից հետո:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս իրավիճակին, նշեց, որ նման դեպքեր հաճախ են առաջանում, պարզապես քաղաքացիները պետք է իրենց իրավունքներին տեղյակ լինեն և ծառայություն մատուցող կողմին պարտավորեցնեն կատարել օրենքով սահմանված պարտավորությունը:
«Եթե սպառողին տեղյակ են պահում, որ ջրաչափը փոխելու ժամանակն է, ուրեմն պետք է նաև տեղեկացնեն ընթացակարգերի մասին, թե այն ինչ պայմաններով է տրամադրվում, հակառակ դեպքում քաղաքացին շփոթության մեջ է հայտնվում»,- հայտնեց Պողոսյանը:
Ջրաչափերի շուկայական գինը, ըստ Պողոսյանի, տատանվում է 12-20 հազարի սահմաններում, քաղաքացին այն ձեռք է բերում այն ժամանակ, երբ իր պատճառով է խնդիրներ առաջացել սարքի հետ, օրինակ, կնիքի վնասում, հատուկ խազեր, որոնք անտեսանելի են դարձնում թվերը, և այլն:
«Նման դեպքերում քաղաքացին տուգանվում է, նյութական պատասխանատվություն է կրում սարքի համար: Ի դեպ, սպառողները, որոնց չի տեղեկացվում, որ սարքերն անվճար են, և չի բացատրվում այն ձեռք բերելու կարգը, կարող են զանգահարել «Երևան-Ջուր» ընկերության թեժ գծին և դիմել խնդրով զբաղվող այլ մարմինների»,- հայտնեց Սպառողների միության նախագահը:
Հավելենք նաև, որ այս օրերին բնակիչները ևս մեկ անհանգստություն ունեն. «Երևան-Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու սակագները: Ընկերությունն առաջարկում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը: Ըստ այդմ՝ մանրածախ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը կկազմի 172.6 դրամ/խմ: