Ըստ մասնագետների՝ եվրապարտատոմսերի թողարկման համար ճիշտ ժամանակ չի ընտրվել
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է երկրորդ անգամ եվրապարտատոմսեր թողարկել: Կառավարության ֆինանսատնտեսական վարչության պետ Մակար Ղամբարյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պարտատոմսերի ծալավներն ու ժամկետները հնարավոր է իմանալ միայն թողարկումից հետո` պայմանավորված պահանջարկով:
«Նախորդ անգամ ծավալը 700 մլն դոլար էր, մինչդեռ պահանջարկն ավելի մեծ էր: Հպարտորեն պետք է նշեմ, որ պահանջարկն առաջարկից մի քանի անգամ մեծ էր, այս շուկան ևս գործում է հայտնի առաջարկ-պահանջարկ սկզբունքով: Միջազգային շուկայի պահանջարկի համեմատ՝ մեր առաջարկն ավելի ցածր եղավ»,- հայտնեց Ղամբարյանը՝ նկատելով, որ երկրորդ թողարկումից ևս սպասելիքները մեծ են:
Նրա խոսքով՝ սա շատ կարևոր քայլ է պետության կողմից՝ միջազգային ֆինանսական շուկայում հեղինակության և դրանից բխող դրական հետևանքների առումով:
Հայաստանում Հարվարդի համալսարանի շրջանավարտների ակումբի նախագահ, Arrow
Global Ltd ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության այս և այլ քայլերը Կենտրոնական բանկի պահուստների լրացման նպատակ ունեն, որպեսզի դրամի հետ կապված տատանումներ չլինեն. եթե դրանց ծավալները նվազեն, դրամը կարժեզրկվի` իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Ավետյանի խոսքով, պարտատոմսերի թողարկումը միտված է մեղմելու իրավիճակը:
«Պահանջարկը կախված է տոկոսադրույքից. եթե բարձր լինի, ապա հետաքրքիր լինի դրսի ներդրողների համար։ Կարծում եմ՝ այս անգամ նախորդից ավելի բարձր կլինի, քանի որ միջազգային հեղինակավոր մի շարք գործակալություններ Հայաստանի վարկանիշն իջեցրել են, հետևաբար՝ միջազգային տնտեսական նման իրավիճակում ներդրողներն ավելի քիչ ռիսկեր են վերցնում իրենց վրա և պահանջում են բարձր տոկոսադրույք, որը մեզ համար այդքան էլ լավ չէ»,- տեղեկացրեց Ավետյանը:
Մասնագետի խոսքով, Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկը, որ տևական ժամանակ պահպանվել է, (կապիտալի) արտարժույթի պակասն է, որովհետև արտահանումը ցածր է եղել. «Այս պակասը լրացվել է աշխատուժի արտահանմամբ և վերջին տարիներին դրսից եկող վարկերով։ Քանի որ միջազգային տնտեսությունը թուլացել է, արդեն դժվար է դարձել այդ վարկերի ներգրավումը, մյուս կողմից էլ՝ կրճատվել են տրանսֆերտները: Հետևաբար, նման գործողությունների միջոցով կառավարությունը ցանկանում է որոշակիորեն կարգավորել իրավիճակը»:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ եվրապարտատոմսերի թողարկման համար ճիշտ ժամանակահատված չի ընտրվել, քանի որ այս պահին եվրոն շարունակաբար արժեզրկվում է. «Այս քայլը նշանակում է, որ մեր կառավարությունը դրսից գումարների ներգրավման կարիք ունի, սակայն նման պայմաններում մենք կունենանք արժեզրկված պարտատոմսեր, որի տոկոսադրույքը համեմատաբար բարձր կլինի»:
Վ. Խաչատրյանը նշեց, որ այս գործիքի օգտագործումը հետագայում կարող է խնդիրների պատճառ դառնալ, դժվարացնել հետագա թողարկումը, ազդել տոկոսադրույքների վրա, և այլն: Բացի դրանից, տնտեսագետի խոսքով, ամբողջ աշխարհում մարդիկ ազատվում են եվրոյից, իսկ մեր կառավարությունն ուզում է պարտք վերցնել եվրոյով. «Այս թողարկումը կարող է ազդել միջազգային շուկայում Հայաստանի հանդեպ վստահության վրա»: