Բաժիններ՝

Հայաստանը ստիպված կլինի համաձայնել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանն ու Ռուսաստանի բանկին հանձնարարել է հստակեցնել արժութային ու ֆինանսական ոլորտների ինտեգրման հետագա ուղղությունները ու դրա համար ժամանակ է տվել մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը։ Ընդ որում, միասնական արժույթը չի լինելու ռուսական ռուբլին, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր։ Քննարկվում է 2 անվանում` ալթընը, որի ծագման արմատները հասնում են Ոսկե Հորդա, կամ «եվրազը», որ նման լինի եվրոյին և ԵՏՄ անվանմանը։ ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ պարզ չէ, թե ի՞նչ է ենթադրում այդ միասնական արժութային միությունը, կամ ի՞նչ սկզբունքներով այն պետք է աշխատի:

Ըստ նրա` անցած տարի, երբ խոսում էին միասնական արժույթի մասին, դրան անցումը նախատեսվում էր 2025-28-ին, բայց այս միությունը կարծես այլ բան է. «Մի այլ գաղափար էլ կար, որ ֆինանսական գործընթացները միասնական կարգավորող մարմին պետք է ստեղծվի, բայց դրա կենտրոնը դեռ չէին որոշել` որտեղ պետք է լինի։ Հաշվի առնելով ՌԴ-ում ստեղծված տնտեսական իրավիճակը, այս ծանր պայմաններում արժույթի կտրուկ արժեզրկումը, գործընթացները, կարծես, արագացման կարիք ունեն, քանի որ այսօր ԵՏՄ-ում տնտեսական պատերազմ է գնում անդամ երկրների մեջ` Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի։ Հայաստանը դեռևս այդ պատերազմի մեջ չկա, բայց կարելի է ասել, որ դա Հայաստանին էլ է վերաբերում։

Նազարբաևը դեռ 1 ամիս առաջ մի նախաձեռնություն ցուցաբերեց, որ հնարավոր է` ՌԴ-ից ներկրվող որոշ ապրանքատեսակների հետ կապված սահմանափակումներ մտցնեն, քանի որ ՌԴ-ից ներկրվող ապրանքն ավելի մրցունակ էր դարձել` շնորհիվ իրենց երկրում արժույթի արժեզրկման, և ղազախական ապրանքներն այլևս չէին վաճառվում։ Մենք նման փաստի առաջ կանգնել ենք` կոնկրետ ալյուրի հետ կապված։ Բելառուսի հետ էլ մաքսային խնդիրներ էին առաջացել, դեկտեմբերին ՌԴ համապատասխան ծառայություններն արգելել էին ներկրումը, կամ պահանջում էին մաքսազերծման կանոններ կիրառել Բելառուսից ՌԴ մթերվող ապրանքների վերաբերյալ, և Լուկաշենկոն հայտարարել էր, որ չի բացառվում, որ ինքը դուրս գա միությունից։

Այսինքն` տնտեսական ներքին պատերազմ կա այդ երկրների մեջ, որ հիմնականում պայմանավորված էր անցած տարի առաջացած ֆինանսական խնդիրներով։ Եվ կարծես ԵՏՄ պայմանագիրը ստորագրելու ժամանակ տեսանելի չէր, որ դա կարող է շատ արագ խնդիր դառնալ»։

Կարդացեք նաև

Վ.Խաչատրյանի խոսքով` հիմա այդ խնդիրը կա և կա այն կարգավորելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա` ի վերջո, նպատակն այն է լինելու, որ միասնական արժույթ ստեղծեն, և ամեն երկիր իր գնահատականը կամ իր մասնակցության աստիճանը պետք է որոշի, որովhետև դա և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի Հայաստանի համար, որը փոքր երկիր է, և, առավել ևս հիմա` խոցելի է դարձել արտարժույթի պակաս ունենալու առումով։ Տնտեսագետի խոսքով` ՀՀ-ն արտարժույթի պակասը լրացնելու հնարավորություններ արդեն չունի` հաշվի առնելով, որ արտաքին պարտքը հասել է առավելագույն համարվող սահմանին, արտահանումներն ու տրանսֆերտները պակասել են, ներդրումներ չկան.

«Մեր արտահանումների ու ներմուծումների տարբերությունը կազմում է 2.5-3 անգամ, և պետք է իրականում այդ տարբերությունը գտնել։ Արտարժույթի կամ, ընդհանուր առմամբ, ՀՀ-ում վճարային հաշվեկշռի այդ բացասական մասը պետք է լրացվի։ Խնդիրն այն է, թե որտեղի՞ց պետք է լրացվի։ Դա լրացնելու հնարավորությունն այսօր մեր տնտեսությունը չունի` վերջին տարիներին վարվող տնտեսական քաղաքականության հետևանքով, որովհետև ամեն ինչ խոստացան, ամեն ինչ ասվեց, բայց այդպես էլ իրականություն չդարձավ, ու մենք ո՛չ արտահանման տնտեսություն ունենք, ո՛չ մրցակցություն ունենք, ո՛չ էլ մրցունակ արտադրանք ունենք, որ կարող ենք դրսում դրանով փոխարինել այն խնդիրը, որ առաջանում է արտարժույթի պակասի հետևանքով։

Երկրորդ` այս պայմաններում իրականում մենք կարիք ունենք մի այլ, ավելի ուժեղ տնտեսության մեջ մտնելու և արտարժույթն օգտագործելու։ ԵՏՄ 4 անդամների մեջ ամենաթույլ ու փոքր տնտեսությունը Հայաստանն ունի։ Ու որպեսզի կարողանանք ընդհանրապես գոյատևել, ստացվում է, որ այս միություններից օգտվելու հնարավորություն չկա, ԵՏՄ-ի մեջ ենք և ստիպված պետք է եղած կանոններին հարմարվենք ու առաջարկվող տարբերակին` միասնական արժութային միությանը, պետք է համաձայնենք»։

Բացասական կողմը, ըստ Վ.Խաչատրյանի` այն է, որ սա իրականում ՀՀ ինքնուրույնության կորուստ է. «Թեկուզ վերցնենք դեկտեմբերին և՛ ՌԴ-ում, և՛ ՀՀ-ում արտարժույթի շուկայում տեղի ունեցող դեպքերը։ ՀՀ ԿԲ-ն` իր ինքնուրույն վարվող քաղաքականությամբ, ֆինանսական լծակներով, կարողացավ բավականին արագ հարցը լուծել, և հիմա էլ ֆինանսական շուկայում գործում են այն նորմատիվները, որոնք ՀՀ տնտեսության համար են սահմանված և որոնք էականորեն տարբերվում են ռուսական, ղազախական կամ բելառուսական նորմատիվներից։ Հիմա ինչքանո՞վ այդ ամենը ՀՀ-ի տնտեսության զարգացման համար նպաստավոր կլինի, այստեղ մենք կորցնում ենք այդ լծակը։ Մենք ինքներս կարող էինք դա որոշել` երբ և ինչպես դա օգտագործել։ Մինչդեռ, երբ ստեղծվի այդ միությունը, դրա ընդհանուր խաղի կանոնների համապատասխան պետք է գործենք։ Որպես համեմատություն` կարող եմ նշել Հունաստանի տնտեսությունը, որը եվրոգոտու մեջ մտնելով` էականորեն իր տնտեսական վիճակը վատացրեց»։

Վ.Խաչատրյանը նշեց, որ եթե միասնական արժույթ լինի, հայկական դրամը դուրս կգա շրջանառությունից, իսկ ՀՀ-ն էլ չի ունենա ընտրության իրավունք` միանա՞լ միությանը, թե՞ ոչ։ Նրա խոսքով` մենք ինքներս ենք մեզ փակուղային վիճակում դրել` չունենալով համապատասխան տնտեսություն և տնտեսական հնարավորություններ. «Եթե մենք կարողանայինք ունենալ այնպիսի տնտեսություն, որ մրցունակ լիներ, կարող էինք այդ միության մեջ չմտնել, իսկ մտնելուց էլ` գոնե մեր պայմանները թելադրել։ Օրինակ` նույն Ղազախստանը, պարզ չէ, թե ինչ արձագանք կտա այդ նախաձեռնությանը, բայց նրանք կարող են դիմադրել և իրենց պահանջները թելադրել։ Իսկ մենք այդ հնարավորությունը չունենք։

Անցած 2 ամիսն էլ ցույց են տալիս, թե ինչ խղճուկ վիճակում ենք հայտնվել։ Ռուսական շուկան, որ ամենակարևոր հաղթաթուղթն էր օգտագործվում ԵՏՄ անդամ դառնալու համար, որ այդ շուկան բաց է լինելու, պարզվում է, որ այսօր այն չկա` զուտ արտարժույթի շուկայում դեպքերի հետ կապված։ Մենք ստիպված կլինենք կատարել այն բոլոր հրահանգները, որ կկայացնեն մյուս 3 երկրները։ Դա արդեն այսօր երևում է։ Մենք միության մեջ իրավական առումով` ունենալով ձայն, փաստացի` այդ ձայնը չունենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս