Բաժիններ՝

Լարսում հայկական բեռների համար կանաչ ուղի կգործի. Tert.am

Լարսի ռուս-վրացական անցակետում Հայաստանից ուղևորվող բեռների համար կբացվի հատուկ «կանաչ ուղի», որպեսզի արագացված ընթացակարգով բեռնատարները ապրանքները արտահանեն Հայաստանից Ռուսաստան։ Մեկ ամսվա ընթացքում հայկական և ռուսական կողմերի կողմից մոնիտորինգներ կիրականացվեն, թե հայկական բեռներն ինչ արագությամբ են անցնում այդ մաքսակետը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը։

«Որպեսզի հնարավորինս այդ պրոցեսն արագացվի: Մեկ ամսվա ընթացքում մեր և իրենց կողմից մոնիտորինգներ կիրականացվեն, թե ինչքանով մեր բեռները և ինչ արագությամբ են անցնում այդ մաքսակետերը, որպեսզի այն, ինչ մենք ասում էինք, որ ԵԱՏՄ-ին միանալուց հետո մենք ավելի ազատ և հեշտ կներթափանցենք շուկաներ, դա ապահովվի»,–հավելել է նա։

Սուրեն Կարայանը նաև հավելել է, որ օրերս ռուսական կողմի և  Էկոնոմիկայի նախարարության և մաքսային, հարկային և էներգետիկայի նախարարության մեր ներկայացուցիչների հետ նավթամթերքների արտահանմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Ինչպես գիտեք, 2013-ի դեկտեմբերի Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց երկկողմանի համաձայնագիր, որը վերաբերում էր նավթամթերքներին և չմշակված ադամանդի հումքին, որ այդ ապրանքների գծով արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվելու: Սակայն կար խնդիր, մասնավորապես նավթամթերքների որոշ խմբերի մասով, որ օգտագործվում է «Ռուսալ Արմենալի» կողմից որպես հումք, և խնդիր է բարձրացվել այդ կազմակերպության կողմից, որ ռուսական կողմը չի տրամադրում այդ հումքը, հեղուկ նավթային պարաֆինը` առանց արտահանման մաքսատուրքի դրույքաչափի»,- ասել է Սուրեն Կարայանը:

Նրա  տեղեկացմամբ` հարցը ևս բարձրացվել է  և ՌԴ էկոնոմիկայի և Էներգետիկայի նախարարությունների հետ համատեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շատ կարճ՝ ընդամենը 1-2 շաբաթվա ընթացքում այդ ապրանքատեսակն այսօր Հայաստան կառաքվի առանց արտահանման մաքսատուրքի դրույքաչափի:

Անդրադառնալով հարցին, որ  հաշվի առնելով, որ հունվարի 1-ից Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել, փոխնախարարը նշել է, որ դեռ վաղ է ցուցանիշներից խոսելը, դա պահանջում է որոշակի ժամանակահատված:

Հայտնի է, որ ԵԱՏՄ անդամակցության արդյունքում որոշ ապրանքների վրա մաքսատուրքեր են ավելանալու. բանակցվել են 1800 ապրանքներից 750-ը, որպեսզի մաքսատուրքերը 2-5 տարի չփոփոխվեն:

Ի պատասխան հարցի, թե քանի որ չբանակցվածների թվում են հագուստի, օծանելիքի որոշ տեսակներ, ապա կա՞ն տվյալներ, որ նրանց ներկրումը պակասել է, Սուրեն Կարայանը հիշեցրել է, որ կառավարությունն ի սկզբանե որոշել էր պահպանել այն ապրանքների դրույքաչափերը, որոնք ունեին առաջին հերթին սոցիալական մեծ նշանակություն, կամ որոնց գների թանկացումը կարող էր ազդել լայն զանգվածների վրա: Հիշեցնենք, որ երկրորդ խումբը, որ ներառած էր ցանկում, այն ապրանքներն են, որոնք հումք են հանդիսանում ՀՀ արտադրողների համար:

«Մնացած ապրանքների մասով դեռ գների բարձրացման կտրուկ արձանագրումներ չկան, բայց միգուցե ավելի մանրամասն պետք է նայել վիճակագրությունը»,- ի պատասխան ասել է Սուրեն Կարայանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս