Բաժիններ՝

«Այս փուլում միասնական արժութային միության ստեղծման հարցը շատ ակտուալ չէ». Միքայել Մելքումյան

«Այս փուլում միասնական արժութային միության ստեղծման հարցը շատ ակտուալ, հասունացած չի, բայց հետագայում դրա հնարավորությունները, թե ինչ ռազմավարություն կմշակեն, տնտեսական զարգացման ընդհանրական ծրագրերը ինչպես կհամադրվեն դրա հետ, դա պետք է քննարկել: Պետք է անկախությունը չխախտելու հարցերը քննարկել, որ մարդկանց և´ ֆինանսական, և´ տնտեսական անկախ կարգավիճակը չխախտվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ խոսելով ԵՏՄ-ի շրջանակներում միասնական արժութային միություն ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ սկսելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հանձնարարականի վերաբերյալ:

Նշելով, որ այսօր Հայաստանի էմիսիան դրամն է, Մ. Մելքումյանը հայտարարեց, որ միասնական արժութային միության հնարավորություններն ուղղակի քննարկվում են, բայց դա չի կարող արագ հասունանալ. «Ընդհանուր արժույթի դեպքում դրամը դուրս կգա շրջանառությունից: Բայց ես այս պահին հակված չեմ, որ դա լինի, որովհետև պետք է քննարկել հետևանքները դրական և բացասական, թե ինչ կլինի: Միանշանակ արձագանք տալը այս պահի խնդիր չի: Հետագայում, եթե կլինեն զարգացումներ, որ ԵՏՄ ազդեցությունը որոշիչ կլինի ՀՀ-ի համար, որ կարողանանք ռիսկեր հանել ՀՀ-ի համար, այլ հարց: Բայց հիմա դրա իրականացման մասին խոսելը վաղ է»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում արդեն աշխատանքներ են սկսվում ԵՏՄ-ի շրջանակներում միասնական արժութային միություն ստեղծելու ուղղությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանն ու Ռուսաստանի բանկին հանձնարարել է հստակեցնել արժութային ու ֆինանսական ոլորտների ինտեգրման հետագա ուղղությունները ու դրա համար ժամանակ է տվել մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը: Ընդ որում՝ միասնական արժույթը չի լինելու ռուսական ռուբլին, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր: Քննարկվում է 2 անվանում՝ «ալտին», որի ծագման արմատները հասնում են Ոսկե Հորդա, կամ «եվրազ», որ նման լինի եվրոյին և ԵՏՄ անվանմանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս