Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրով հունվար-փետրվար ամիսներին 270 կյանք է փրկվել

«Սա եզակի այն ծրագրերից է, որից օգտվում են ոչ թե սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում ներառված քաղաքացիները, այլև բացառապես նրանք ում մոտ բժիշկն ախտորոշում է կյանքին վտանգ սպառնացող սուր, ծանր ինֆարկտ»,-այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը։

ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության պետ Սարո Ծատուրյանի հետ նրանք լրագրողներին ներկայացրեցին 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի հունվար-փետրվար ամիսների արդյունքները։

Նշվեց, որ ծրագրի ներդրմանը նախորդել են բազմաթիվ քննարկումներ, նախապատրաստական մեծ աշխատանքներ։ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված հստակ չափորոշիչները սահմանում են բժշկական այն ցուցումները, որոնց դեպքում անհրաժեշտ է հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Ծրագրի իրականացման նպատակով դեռ անցած տարի ՀՀ առողջապահության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է կնքել սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների հետ:

2015թ. հունվար-փետրվար ամիսներին ծրագրի շրջանակում բուժօգնություն է ստացել 270 քաղաքացի։ Նրանցից 255-ը ստենտավորվել է, իսկ 15-ի կորոնարոանգիոգրաֆիայի արդյունքներով ստենտավորման կլինիկական անհրաժեշություն չի եղել։

Կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից բխող այս նոր ծրագրի առողջապահական և սոցիալական նշանակությունը, նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում բժշկական սպասարկման որակի ապահովմանը։

«Յուրաքանչյուր դեպք մանրակրկիտ վերլուծության է ենթարկվել Առողջապահական պետական գործակալության մասնագետների կողմից։ Տեղերում ուսումնասիրվել են հիվանդության պատմագրերը, կատարված հետազոտությունների ախտորոշման ճշգրտությունը և համապատասխանությունը նախարարի հրամանով հաստատված չափորոշչով սահմանված նորմերին։ Այս մշտադիտարկումն իրականացվում է ծրագրում ընդգրկված քաղաքացիների հիվանդանոցում գտնվելու ընթացքում և շարունակական է լինելու»,-ասաց Սարո Ծատուրյանը։ Նա մանրամասնեց, որ ստենտավորված 270 քաղաքացիներից 151-ը` Երևանի, 119-ը՝ ՀՀ մարզերի բնակիչներ են, նրանցից 210-ը տղամարդ է, իսկ 60-ը՝ կին: Ծրագրի շահառուների միջին տարիքը` 63 է, որից 7-ը` մինչև 40 տարեկան, 27-ը` 40-49, 74-ը` 50-59, 94-ը` 60-69, 52-ը` 70-79, 16-ը` 80 և ավելի բարձր տարիքի են:

Հիշեցնենք, որ սուր ինֆարկտների դեպքում սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով հատկացվել է 500 մլն դրամ։ Ծրագիրը միտված է առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավմանը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում և որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է։

 

Տեսանյութեր

Լրահոս