
Apple Watch «խելացի ժամացույցները» վաճառքում կհայտնվեն ապրիլի 24-ին

BBC-ի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը ներկայացրել է Apple Watch նոր «խելացի ժամացույցները», որոնք վաճառքում կհայտնվեն ապրիլի 24-ին: Սկզբնական շրջանում դրանք կվաճառվեն 7 երկրում՝ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Ավստրալիայում ու Կանադայում:
Ժամացույցների գները կազմելու են 349-17.000 դոլար՝ կախված այն մետաղից, որից պատրաստված է նրա կորպուսը և գնորդի ընտրած գոտուց: Ընդհանուր առմամբ, ընկերության կայքում ներկայացվել է 38 տարբեր մոդել:
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը հայտարարել է, որ Apple Watch-ը մեկ լիցքավորմամբ կարող է աշխատել մինչև 18 ժամ, ընդ որում՝ ամբողջական լիցքավորման համար պահանջվում է 2.5 ժամ: Բացի այդ, կա Power Reserve հատուկ գործառույթ, որը գրեթե բոլոր գործառույթներն անջատելով՝ մարտկոցի աշխատանքը կերկարաձգի մինչև 72 ժամի:
Apple Watch-ի հիմնական նորարարությունն այն է, որ նա հնարավորություն է տալիս տեղեկանալ մարդու առողջության և մասնավորապես զարկերակի հաճախականության մասին: Բացի այդ, այն կարող է իրականացնել (անշփում) վճարում, ընդունել հեռախոսազանգեր, ուղարկել տեքստային հաղորդագրություններ, օգտագործվել դռների էլեկտրոնային փականների բացման հարցում և այլն:
Ներկա դրությամբ ժամացույցների համար մշակված է հազար հավելված՝ ներառյալ Facebook-ն ու Instagram-ը: Apple-ն առաջին անգամ Apple Watch-ը ներկայացրել է 2014 թվականի սեպտեմբերին՝ նոր iPhone 6-ի ու iPhone 6 Plus-ի հետ: