Բաժիններ՝

«Ես չունեմ աստղային հիվանդություն և նարցիսիզմ». Հրաչ Մուրադյան

Հարցազրույց հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Հրաչ Մուրադյանի հետ

– Բացի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարից, նաև երկու պրոդյուսերական նախագծեր եք իրականացնում։ Մնո՞ւմ է ժամանակ Ձեզ համար։

– Այո, մի քանի ժամ` քնելու համար։ Այդ ժամերը միայն իմն են։

– Եվ դա Ձեզ բավարա՞ր է։

Կարդացեք նաև

– Իհա՛րկե ոչ։ Ես վաղուց արդեն անձնական կյանք չունեմ և դա ցավով եմ նշում։ Արդեն հաղթահարել եմ 31-ի շեմը և նոր եմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում այդ տարիքը տղամարդու համար։ Ավելի քան երբևէ սկսել եմ մտածել անձնական կյանքի մասին։ Բայց մտածելը մի բան է, գործելն ինձ մոտ ոչ մի կերպ չի ստացվում։

– Չի՞ ստացվում, թե՞ լավ չեք ուզում։

– Ուզելը` ուզում եմ, շատ եմ ուզում։ Ինչ-որ մի կետից պիտի սկսեմ, բայց ես այդպես էլ չեմ հասկանում, թե որ կետից սկսել։

Hrach Muradyan (7)

– Միգուցե չե՞ք ուզում, որ աշխատանքը տուժի։

– Ուզեմ-չուզեմ` տուժելու է։ Հնարավոր չէ ռոբոտի պես աշխատել, երբ ունես ընտանիք։

– Միգուցե կարիերի՞ստ եք։

– Անկեղծ ասած, երբևէ չեմ հասկացել այդ բառի իմաստը։ Եթե ինձ ասեք, թե ինչ նկատի ունեք` «կարիերիստ» ասելով, ավելի ստույգ կպատասխանեմ։

Hrach Muradyan (10)

– Չգիտես` ինչո՞ւ, բոլորն այդ բառի մեջ բացասական որակներ են տեսնում, և հիմնականում ընկալվում է` որպես մարդու մի տեսակ, ով հանուն իր աշխատանքային վերելքների` պատրաստ է քայլել անգամ մարդկանց «գլուխների» վրայով և տեղն ընկած պահին` դեմ գնալ իր իսկ սկզբունքներին։

– Եթե դիտարկենք այդ տեսակետը, որի հիման վրա դուք տալիս եք ձեր հարցը, ապա ասեմ, որ չկա դեռ որևէ «գլուխ», որի վրայով անցել եմ։ Այն, որ աշխատասեր եմ, ես չէ, որ պետք է նշեմ այդ մասին։ Ինձ քիչ թե շատ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ինձ համար առաջին հերթին աշխատանքն է, հետո միայն՝ մնացածը։ Ինչ վերաբերում է սկզբունքներին` ասեմ, որ շատ սկզբունքային եմ և չեմ կարող դեմ գնալ իմ սկզբունքներին։

– Դուք անում եք մի աշխատանք, որը թիմային է։ Եվ եթե այդ թիմի անդամներից որևէ մեկը թերանա իր գործում` տուժում է ամբողջ հաղորդումը` ի դեմս Ձեզ։ Եվ որպեսզի դա տեղի չունենա, պատրա՞ստ եք չափազանց խիստ լինել, զայրույթի պահին, երբեմն` անհիմն, վիրավորել աշխատակիցներին։

– Վիրավորելու մասով հարցը պետք է ուղղեք մարդկանց, ում հետ աշխատում եմ։ Այո, խիստ եմ։ Առաջին հերթին` իմ, և հետո միայն` թիմակիցներիս հանդեպ։ Իմ թիմի ցանկացած անդամ գիտի այդ մասին։ Բայց ամենակարևորն այն է, որ դրան չի հասնում։

– Ինչպիսի՞ ղեկավար եք Դուք։

Hrach Muradyan (3)– Մենք թիմ ենք։ Ի պաշտոնե ստացվել է այնպես, որ վերջնական որոշումը ես պետք է կայացնեմ, բայց անգամ այդ վերջնական որոշում ասվածը ևս ընդհանուր քննարկման արդյունք է։

Նույնիսկ մեր ժողովներն իմ սենյակում չեն անցնում, այլ ես եմ գնում իրենց մոտ։ Ես շատ ընկերական եմ իմ անձնակազմի յուրաքանչյուր անդամի հետ, բայց ոչ աշխատանքի ժամանակ։

– Միայն անկեղծ` հաճա՞խ եք մարդկանց ազատում աշխատանքից։

– Այս 5 տարիների ընթացքում ես որևէ մեկին չեմ ազատել աշխատանքից։ Կան մարդիկ, ովքեր գնացել են, կան մարդիկ, ովքեր գնացել և հետ են եկել։ Մեզ մոտ կա առավոտյան հավաքվելու միանշանակ գաղափար, որ բոլորս նույն ժամին պետք է այստեղ լինենք։ Եվ դրանից հետո ամեն մեկն իր աշխատանքի գրաֆիկն է սահմանում։ Ես կարող է գիշերը ժամը 3-ին այստեղ լինեմ և տեսնեմ, որ մոնտաժայինում աշխատանքներ են ընթանում, որն իրենց պարտականությունների մեջ չի մտնում։ Դա հոգատար լինելու, ավելին անելու ձգտում է նրանց կողմից։

– Միգուցե աշխատանքը կորցնելու խնդի՞րն է պատճառը։

– 100 տոկոսով կարող եմ ասել, որ աշխատանքը կորցնելու խնդիրը չէ, այլ միայն լավ արդյունք ստանալու ձգտում։

– Ի՞նչ եք կարծում` Ձեր թիմակիցները սիրո՞ւմ են Ձեզ։

– Սիրելու առումով գնահատական չեմ կարող տալ, բայց, որ հարգում են` դա միանշանակ։ Ի վերջո, կարելի է վախենալ ղեկավարից, բայց ես ղեկավար չեմ։ Ես ինձ չեմ համարում այդպիսին։

– Երբ «Կիսաբաց լուսամուտները» դեռևս նախագծային փուլում էր, պատկերացնո՞ւմ էիք, որ այն կարող էր նման հետաքրքրություն առաջացնել։

Hrach Muradyan (2)

– «Կիսաբաց լուսամուտների» մտահղացումը Հրաչ Քեշիշյանինն ու Դավիթ Ավետիսյանինն է։ Հրաչն ու Դավիթը տարիներ առաջ առաջարկեցին ինձ անել թոք-շոու։ Ես համաձայնեցի միայն այն պայմանով, որ դա չի լինելու հեռուստատեսությունը ողողած, հորինված պատմություններով և վճարովի դերասաններով հերթական շոուն, այն պետք է լիներ միայն իրական պատմություններ` իրական հերոսներով։ Մի քանի ամիս հաղորդումը գնաց եթեր, սակայն ես ամեն եթերից հետո հասկանում էի, որ դա այն չէ, ինչպիսին պետք էր լիներ տվյալ հաղորդումը։ Մի քանի ամիս հետո որոշում կայացվեց, որ թե՛ պրոդյուսերական, թե՛ խմբագրական աշխատանքները թողնում են իմ ուսերին։

– Ո՞վ կայացրեց այդ որոշումը։

– Հրաչն ու Դավիթը։

– Ձե՞ր առաջարկով։

Hrach Muradyan (8)– Ո՛չ, դա ընդհանուր որոշման արդյունք էր։ Եվ միայն դրանից հետո եղավ այն «Կիսաբաց լուսամուտները», որն այսօր տեսնում ենք էկրանին։ «Կիսաբաց լուսամուտների» միտքն ու ստարտը Դավիթինն ու Հրաչինն են։

– Երբ հաղորդման թիմը թերանում է, այն Ձե՞զ է վատ իրավիճակի մեջ դնում, թե՞ հաղորդումը։ Դուք Ձե՞զ եք կարևորում հաղորդման մեջ, թե՞ հաղորդումը։

– Բոլոր նրանք, ովքեր նայում են հաղորդումը, կարո՞ղ են ասել, որ հաղորդման շրջանակներում ես ինչ-որ մի բան անում եմ ի շահ ինձ։

– Ուշադրության կենտրոնում ինքնըստինքյան Դուք եք։

– Իմ թիմը շատ լավ գիտակցում է, թե ինչ պատասխանատվություն եմ ես կրում։ Ես իրենցից յուրաքանչյուրի աշխատանքն եմ ներկայացնում։ Այդ ես, լինելով կադրում, կարող եմ թերանալ և ցույց չտալ շաբաթներով արված իմ թիմի աշխատանքը։ Թե՛ ես, թե՛ իմ թիմը պատասխանատու ենք մեր հաղորդման համար։

Hrach Muradyan (1)

– Միշտ նշվում է` երկրի գլխավոր թոք-շոուգ Ձեզ համար դա շոո՞ւ է, թե՞ մարդկային պատմություններ։

– Ինձ համար դա մի երևույթ է, որտեղ դու ամբողջովին մի մարդու ճակատագրի կողքին ես։ Ժամանակին դժվար էր, քանի որ ես այդ ճակատագրի կողքին չէի, ես այդ ճակատագրի մեջ էի։ Երբ հոգեբանների հետ աշխատեցի, ինձ ասացին, որ կողքից հայացք չունենալու դեպքում պարզապես չեմ կարողանալու երկար շարունակել նախագիծը։

– Հաղորդումը դիտելու առաջին 10 րոպեներից հետո «կախվելու» ցանկություն է առաջանում միայն այն մտքից, որ այն ամենը, ինչ ցուցադրվում է, իրականություն է։ Դուք ինչպե՞ս չեք «գժվում»։

Hrach Muradyan (5)– Հիմա այլևս` ոչ։ Երեք տարի առաջ առանց հապաղելու կարող էի ասել, որ դա այդպես է, բայց հիմա՝ ոչ։ Մի քանի տարի առաջ ես ամեն տեսագրությունից հետո այնքան վատ էի ինձ զգում, որ երկու օր ուղղակի գոյություն չունեի։

– Սովորե՞լ եք լինել անտարբեր։

– Ոչ թե սովորեցի լինել անտարբեր, այլ սովորեցի լինել պատմության կողքին, այլ ոչ` ներսում։ Երբ դու մեջն ես, դու չես տեսնում ելքի ճանապարհը։ Երբ դու կողքին ես, միտքդ պարզ է, և արդեն տեսնում ես, որ, օրինակ, այսինչ դեպքում կարելի է այսպես վարվել։

– Դուք դիմե՞լ եք հոգեբանների։

– Այո, հատուկ դիմել եմ հոգեբանների, որոնց հետ խոսել և հասկացել եմ, թե ինչ է պետք անել։

– Ձեզ հաճախ համեմատում են Անդրեյ Մալախովի հետ։ Միգուցե և հաղորդումների բովանդակային նմանությունն է պատճառը, միգուցե և կան այլ պատճառներ… Դա Ձեզ գոհացնո՞ւմ է, թե՞ ոչ այդքան։

– ժամանակին նեղվում էի համեմատություններից։ Հիմա, եթե անգամ ցանկանան չիբուրաշկայի հետ համեմատել ինձ` թող համեմատեն։ Ես որևէ խնդիր չունեմ։ Եթե չլիներ ռուսական շուկան, և նայեինք ամերիկյան, եվրոպական նախագծեր, որոնք նույն ձևաչափի մեջ են աշխատում, շատ ավելի համեմատելու տեղ կունենայինք։ Անկեղծ ասած, երբեք չեմ հասկացել, թե ո՞րն է իմ և Մալախովի նմանությունը, բացի նույն ֆորմատի ծրագրից։

– Հարցազրույցներից մեկում չեք մերժում, որ ժամանակին կար և՛ աստղային հիվանդություն, և՛ նարցիսիզմ։ Իսկ հիմա չկա՞։ Չկա, որովհետև…

– Որովհետև յուրաքանչյուր քիչ թե շատ ճանաչված անձնավորության մոտ դա փուլ է, որը գալիս և գնում է։ Գնում է, եթե կարողանում ես դա հաղթահարել։ Իսկ եթե ոչ` նշանակում է, որ դոփում ես նույն տեղում։ Նա, ով դոփում է նույն տեղում, փորձը ցույց է տալիս, որ տվյալ մարդն առաջ չի գնում։ Այն, որ ես փոքր քայլերով գնում եմ առաջ` ճիշտ հակառակի վկայությունն է։ Նշանակում է, որ ես չունեմ աստղային հիվանդություն և նարցիսիզմ։ Ինձ մոտ դա եղել է, որովհետև ես ընդամենը 16 տարեկան եմ եղել, երբ ինձ վրա չափազանց շատ ուշադրություն է կենտրոնացել։ Դու, ուզես թե չուզես, ինչ-որ առումներով տարբերվում ես։ Ինստիտուտ եմ ընդունվել` արդեն ճանաչված լինելով։ Հիշում եմ, երբ ինստիտուտ էի մտնում, մարդիկ մի տեսակ չափից դուրս ուշադիր էին նայում ինձ։ Բայց ես մեղավոր չէի, որ մինչ ինստիտուտ ընդունվելը հեռուստատեսությունում եմ եղել։

– Կեսկատակ-կեսլուրջ ասում են, որ չեք ամուսնանում, քանի որ միայն Ձեզ եք սիրում։

– Ես ինձ գնահատում եմ, ոչ թե սիրում։ Հաստատ կան մարդիկ, ում ես ինձանից ավելի շատ եմ սիրում։

– Դուք և Արթուր Զաքարյանը երկու համատեղ նախագիծ եք իրականացրել` «Վեցերորդ զգայարանն» ու «Սոված խաղերը»։ Պատրա՞ստ եք անձամբ լինել «Վեցերորդ զգայարանի» հյուրը։

Hrach Muradyan (6)

– Առաջին եթերաշրջանից ասել եմ` այո, պատրաստ եմ լինել «Վեցերորդ զգայարանի» հյուր։ Ուղղակի վստահ եմ, որ հետագայում տարատեսակ սխալ խոսակցությունների տեղիք կտա իմ մասնակցությունը տվյալ հաղորդմանը։ Կասեն, որ կողմնապահություն է եղել, որ իր ծրագիրն է, ինչպես ցանկացել` այնպես էլ մոնտաժել էգ

– Ունե՞ք ռուսերեն ասված` «Скелеты в шкафу», որոնց մասին չէիք ցանկանա, որ հանրությունն իմանար։

– Իհա՛րկե ունեմ։ Եթե ես և Արթուրը ստեղծել ենք հարթակ, որտեղ հրավիրում ենք մարդկանց` խոսելու և ի ցույց դնելու հանրությանն իրենց գաղտնի կողմերը, ապա մենք էլ պետք է պատրաստ լինենք դրան։ Թե՛ ես, և թե՛ մեր հաղորդավարուհին` Մերին, պատրաստ ենք լինել հյուրի կարգավիճակում։ Սակայն, նորից եմ կրկնում, վստահ չեմ, որ դա ճիշտ կընկալվի։

– Ձեր կյանքում կա՞ մի օր, որ չէիք ցանկանա` լիներ։

– Փառք Աստծո` ոչ։ Ես շատ ռեալիստ եմ, երբեք չեմ եղել ռոմանտիկ, ֆանտազյոր։ Ես հնարավորի սահմանման մեջ եմ իմ ցանկությունները կառավարում։ Երբ գիտեմ, որ դա կարելիից դուրս է, չեմ էլ մտածում այդ ուղղությամբ։

– Ի՞նչ եք կարծում, ժամանակը բուժո՞ւմ է ցավոտ վերքերը։

– Ժամանակը ոչինչ էլ չի բուժում, այլ միայն բթացնում է ցավը։ Ես կիսվող անձնավորություն չեմ, իմ ցավն ինձ հետ է, այն միայն իմն է։

– Հարցազրույցներից մեկում նշում եք, որ ամենից շատ ցավում եք, որ Ձեր հայրն այդպես էլ չտեսավ, թե ինչպես ստեղծեցիք Ձեր ընտանիքը, ունեցաք Ձեր բալիկին։ Չե՞ք վախենում, որ աշխատանքի հետևից ընկնելով և միայն աշխատանքով ապրելով՝ շատ կուշացնեք, և, Աստված մի արասցե, Ձեր մայրն էլ չի տեսնի դա։

– Ցավոք սրտի, ես այդ մասին մտածում եմ անընդհատ։ Այդ միտքն ինձ հանգիստ չի տալիս, տանջում և արդեն խանգարում է ինձ։ Հնարավոր չէ պլանավորել մի բան, որը պլանավորելով չի լինում` ընտանիքը, սերը։ Ի վերջո, ֆլյուիդները, որ պետք է իրար հանդիպեն` պատվերով չեն հանդիպում։

– Ժամանակին Դուք և Հրաչուհի Ութմազյանը համատեղ սելֆի տեղադրեցիք ֆեյսբուքում և քննարկումների, կարծիքների տեղիք տվեցիք։ Ինչո՞ւ արեցիք դա, եթե գիտեիք, որ այդպես էլ լինելու է։

– Դուք ունե՞ք ընկերներ, որոնց հետ լուսանկարվում և տեղադրում եք այդ լուսանկարները ֆեյսբուք։

– Ընկերներ շատ չունեմ, սակայն համատեղ լուսանկարները համացանցում քիչ չեն։ Բայց ես հանրային անձ չեմ։ Եվ իմ լուսանկարները բուռն քննարկման թեմա դժվար թե դառնան։

Hrach Muradyan (12)Hrach Muradyan (4)– Ես ու Հրաչուկը շատ լավ ընկերներ ենք։ Ես էլ ունեմ ընկերներ, որոնց հետ ուզում եմ նկարվել և տեղադրել իմ էջում։ Կարող եմ ենթադրել, թե հանրությունն ինչպես է դրան արձագանքում։ Բայց եթե ես ենթադրեմ յուրաքանչյուր բան, որ կարող է հասարակությունն անել և ասել, ուրեմն չպետք է անեմ ոչ մի քայլ։ Հասարակությունն ուզեց խոսել, որ ես և Հրաչուկն իրար հետ ենք, ուրեմն պատճառ կգտնի։ Հիմա նույն հասարակությունը խոսում է այն մասին, որ ես ու Մերի Մակարյանը միասին ենք։ Այս դեպքում ոչ մի նկար չեմ տեղադրել։ ճի՞շտ է։ Եթե ցանկություն կա խոսելու` խոսելու են, և բացարձակ պետք չէ առիթ տալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս