Բաժիններ՝

Հայաստանում հնարավոր է 12 շաբաթվա ընթացքում ստեղծել տեխնոլոգիական ոլորտի հաջողված սկսնակ ընկերություն

Սկսնակ ընկերություն ստեղծելու և համաշխարհային շուկա դուրս գալու, սեփական գաղափարներն իրականացնելու համար անհրաժեշտ չէ տեղափոխվել Սիլիկոնյան հովիտ:

Ցանկացած սկսնակ ընկերության զարգացման համար ամենակարևոր շրջանն առաջին կես տարին է: Հենց այդ առաջին ամիսներն են որոշում ընկերության ձևավորման և զարգացման ողջ ընթացքը: Արդյունավետ բիզնես մոդելի մշակումը, ուժեղ թիմի ստեղծումը, ծրագրային ապահովումը, ներդրողներին ներկայանալը և շատ այլ ունակություններ անհրաժեշտ են թիմին կայանալու և ընկերության վերածվելու համար։ Իհարկե, ստարտափները ժամանակի ընթացքում հաճախ հասնում են այդ ամենին, բայց ինքնուրույն կայացման համար որքա՞ն ժամանակ է իրենցից պահանջվում: Այստեղ էլ օգնության են գալիս բիզնես-աքսելերատորներն ու աքսելերացիոն ծրագրերը, որոնք օգնում են ստարտափներին հաշված ամիսների ընթացքում կայանալու, ունենալու ձևավորված ու շուկայի պահանջների համապատասխան արտադրանք, լուծում։

Հայաստանում ստարտափերի համար եզակի աքսելերացիոն ծրագրի է իրականացնում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (ՄԻԿ), որն աշխարհի 116 ՄԻԿ-երից ընդգրկվել է լավագույն 4 -ի շարքում ՝ հնարավորություն ունենալով իրականացնել 12 շաբաթ տևողությամբ ինտենսիվ աքսելերացիոն ծրագիր: Ներկայումս 7 թիմեր մասնակցում են ՄԻԿ-ի աքսելերացիոն ծրագրին և աշխատում են իրենց գաղափարների կյանքի կոչման վրա։

‹‹Այժմ մեր սթարթափն ունի աշխատանքային տարածք Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում, անհրաժեշտության դեպքում կարող ենք օգտվել կենտրոնի բոլոր ռեսուրսներից, սարքավորումներից, անվճար մասնակցել դասընթացներին, միջոցառումներին, բացի այդ ստանում ենք բիզնես/տեխնոլոգիական խորհրդատվություն: Կենտրոնի թիմի և մենթորների մշտական հսկողությամբ մեր գաղափարն աստիճանաբար վերածվում է պատրաստի պրոդուկտի, ինչն էլ ավելի է ոգևորում ու մղում նոր հաջողությունների հասնելուն››,- նշում է dHunt թիմից Հայկ Ադամյանը։

Կարդացեք նաև

«dHunt»-ը արագ առաքման համակարգ է (հասանելի մոբայլ և վեբ տարբերակներով), որը շահավետ է և’ պատվիրատուի, և’ առաքիչի համար: Երբ մարդ չի ցանկանում դուրս գալ տնից, սակայն մթերքի արագ առաքման կարիք ունի, այս գործադիրի միջոցով նա կարող է հրապարակել իրեն անրաժեշտ մթերքի լուսանկարը կամ անվանումը, և կարճ ժամանակահատվածում այն կառաքվի։

«Քանի որ ներկայումս ծրագրավորման վերաբերյալ գրականությունն անգլերեն լեզվով է, ինչ շատ ժամանակ խոչընդոտ է ծրագրավորում սովորողների՝ հատկապես դպրոցականների համար, մենք որոշեցինք ստեղծել հատուկ ծրագիր, որը թույլ կտա դառնալ ծրագրավորող՝ առանց անգլերեն լեզվի իմացության անհրաժեշտության։ Ստեղծում ենք ամբողջական փաթեթ նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ծրագրավորում զրոյական վիճակից։ Այն ունի կոմպիլյատոր, խնդիրներ ամրագրելու հնարավորություն և աճը ցուցադրող գրաֆիկա: Անհրաժեշտ է պարզապես մուտքագրել ցանկացած կոդ H#, հետո ընտրել այն լեզուն, որով ցանկանում եք թարգմանություն իրականացնել››,- ներկայացնում է H# նախագծի համահիմնադիր Արման Եղիազարյանը։

Աքսելերացիայի մասնակից թիմերից է նաև «Ask on’ FIY»-ը, որի ծրագիրը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջիկներին իրենց հետաքրքրող հարցերն ուղղել հենց տեղաբնակներին հավելվածի միջոցով: «Eye Motion» թիմը ստեղծում է տեսողության վերականգնողական խաղ՝ նախատեսված կլինիկաների և ՏՏ կազմակերպությունների համար: Տան ներքին հարդարանք և այլ էլ առանց դիզայներների ծրագրի վրա է աշխատում «Home Planning» թիմը: «Flaxton»-ը մշակում է ծրագիր, որը վերաբաշխում է սերվերներին ուղղված հարցումները մի քանի սերվերների միջև: Աքսելերացիայի մասնակից թիմերից է նաև «Penny»-ին իր բջջային հավելվածով, որը վերլուծում է օգտվողների բանկային հաշիվը և հասկանում նրանց եկամուտների և արդյունքների վարքագիծը։ Այն կարող է բացահայտել միջոցներ, որոնք օգտատերերը չեն օգտագործում և չեն փոխանցում խնայողական հաշվի վրա, առաջարկի կատարել փոխանցումը կամ ավտոմատ կատարի այն:

Ապրիլին կկայանա աքսելերացիա ծրագրի Դեմո օրը, որի ընթացքում թիմերը հնարավորություն կունենան իրենց վերջնական արտադրանքները/ծառայություները ներկայացնել միջազգային լսարանին ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Չիլիից և մի շարք այլ հավանական ներդրողների, ձեռներեցների ու մասնագետների դատին, գտնել ներդրումներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը սկսել է իր գործունեությունը 2011 թվականին Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Մայքրոսոֆթ կորպորացիայի համատեղ ջանքերով: Ստեղծումից անմիջապես հետո Կենտրոնը միացել է ինովացիոն կենտրոնների համաշխարհային ցանցին և սկսել ակտիվ գործունեություն ծավալել  Մայքրոսոֆթի կողմից ողջ աշխարհում նորարար և սետղծագործ մտքի զարգացման նպատակով  իրականացվող նախաձեռնությունների շրջանակում:

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս