ԲՀԿ-ն կսրբագրի Ծառուկյանի սխալները

Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում (ԲՀԿ) տեղի ունեցավ այն, ինչ սպասվում էր. Գագիկ Ծառուկյանը հեռացավ նախագահի պաշտոնից ու քաղաքականությունից, ԲՀԿ նախագահ դարձավ Նաիրա Զոհրաբյանն ու անմիջապես ԲՀԿ-ն հայտարարեց ընդդիմություն: ԲՀԿ-ի հետ ու նրա շուրջ կատարվածը որոշակի ժամանակ դեռ կմնա քննարկումների, վերլուծությունների տիրույթում: Բայց, ինչպես ասում են, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Գագիկ Ծառուկյանն ուզում էր Հայաստանի նախագահ դառնալ և այդ պատճառով դեմ էր սահմանադրական փոփոխություններին: Այսինքն՝ ինչպես ինքն էր հայտարարել, Ծառուկյանը դարձել էր խոչընդոտ սահմանադրական փոփոխությունների իրականացման համար: Հիմա խոչընդոտը վերացվեց, ու արդեն առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարի, որ գնում է սահմանադրական փոփոխությունների: Ի դեպ, պատահական չէ, որ այսօր՝ ԲՀԿ համագումարից կարճ ժամանակ անց, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի: Այսինքն՝ Սահակյանը ազդարարել է, թե ինչ է հայտարարելու Սերժ Սարգսյանը:

Ի՞նչ դիրքորոշում կարտահայտի սահմանադրական բարեփոխումների դեմ ընդամենը մեկ ամիս առաջ կատաղի պայքար մղող ԲՀԿ-ն՝ արդեն «վերակազմավորումից» հետո:

Մամուլում գրվել է, որ իշխանությունը ԲՀԿ-ին կարող է անգամ թույլ տալ «ընդհանուր առմամբ» շարունակել քննադատել սահմանադրական բարեփոխումները: Այսօր Նաիրա Զոհրաբյանն անգամ հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների հարցում կուսակցության դիրքորոշումը չի փոխվել: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո ԲՀԿ-ն ինքը կարող է արդեն շահագրգիռ դառնալ սահմանադրական բարեփոխումների անցկացման հարցում:

Ծառուկյանից հետո այդ կուսակցությունում չկա այնպիսի մեկը, ով կարող է հավակնել առաջադրել իր թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում:

Այդպիսին կարող էր համարվել Վարդան Օսկանյանը, ով արդեն իսկ կուսակցությունից հեռանալու դիմում է ներկայացրել: Իսկ դա նշանակում է, որ ԲՀԿ-ից էականորեն հեռանում է նաև Ռոբերտ Քոչարյանը, ում համար նաև ԲՀԿ-ն կարող էր դեմ լինել սահմանադրական փոփոխություններին և պայքարել գործող նախագահական համակարգի պահպանման համար: Հիմա, երբ ԲՀԿ-ն մնում է առանց նախագահի տեսանելի թեկնածուների, նրա համար շատ ավելի շահեկան կարող է դառնալ անցումը կառավարման խորհրդարանական համակարգին, որին բացահայտ կամ ստվերային աջակցության դեպքում ԲՀԿ-ն կկարողանա լուծել մանդատների հարցն ապագա խորհրդարանում:

Ամեն դեպքում հետաքրքիր է լինելու հետևել, թե ինչպե՞ս է ԲՀԿ-ն հանդես գալու, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմության կարգավիճակում: Առնվազն վերջին ամիսներին ԲՀԿ-ն վարում էր գրեթե արմատական ուժին բնորոշ գործունեություն՝ խուսափելով այդպես էլ իրեն ներկայացնել՝ որպես ընդդիմություն: Հիմա հակառակի ժամանակն է՝ ԲՀԿ-ն հայտարարվել է ընդդիմություն, բայց ամեն ինչ անելու է՝ հանուն իշխանության:

Ինչ վերաբերում է անձամբ Գագիկ Ծառուկյանին, ապա նա իր ելույթում, ըստ էության, արձանագրել է, որ գնում է այն ճանապարհով, որի մասին Սերժ Սարգսյանը խոսել էր փետրվարի 12-ի իր ելույթում՝ հայտարարելով, որ ոչինչ չունի Գագիկ Ծառուկյան անձի դեմ:

Ծառուկյանն այսօր ուղիղ ասել է, որ քաղաքականությունից բացի՝ շարունակելու է զբաղվել այն ամենով, ինչով զբաղվում էր, բայց՝ որպես քաղաքացի Գագիկ Ծառուկյան:

Ու ամենակարևորը՝ նա գրեթե նույնքան ուղիղ հայտարարել է, որ այլևս չի ֆինանսավորելու կուսակցության գործունեությունը: «Իմ խնդրանքն է Ձեզ՝ ինձ այլևս քաղաքական հարցերով չդիմել, ես չեմ խառնվելու ձեր որևէ որոշմանը: Ես որևէ կապ այլևս չունեմ ԲՀԿ-ի հետ»,- ասել է Ծառուկյանը:

Մի խոսքով, նա գրեթե ամբողջությամբ կատարել է այն պայմանները, որոնք նրան առաջադրվել են Սերժ Սարգսյանի ելույթով ու դրանից հետո: Դրա դիմաց ստանալով՝ որպես քաղաքացի Գագիկ Ծառուկյան՝ «երկրին օգտակար լինելու» հնարավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս