Բուլղարիան ու Ադրբեջանը վերակենդանացրել են Nabucco գազատարը

Novinite-ի փոխանցմամբ՝ Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնագիր են ստորագրել Nabucco գազատարի նախագծի վերակենդանացման մասին (նկատի է առնվում Nabucco West գազատարը – 168.am):

Խոսքը գնում է նախագծի բուլղարական հատվածի մասին, որը նրա մասնակիցների միջև անհամաձայնության պատճառով սառեցվել էր մի քանի տարի առաջ: Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը հանդիսանում է ԵՄ-ի բացառապես բարյացակամ անդամ և մտադիր է կատարել Երրորդ էներգոփաթեթի բոլոր պահանջները:

Բորիսովի խոսքերով՝ դա մասնավորապես դրսևորվել է «Հարավային հոսք» գազատարի կառուցումն արգելափակելու որոշման հարցում, որը բուլղարական տարածքի միջոցով պետք է ռուսական գազ մատակարարեր Եվրոպայի կենտրոնական ու հարավ-արևելյան երկրներին:

Բորիսովն ընդգծել է, որ Nabucco-ի կառուցումը կծառայի Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի շահերին: Բուլղարիան 2010-ական թվականների սկզբին Ռումինիայի հետ համատեղ սկսել է նախագծի իրագործման աշխատանքները, սակայն դրանք դադարեցվել են նախագծի չեղյալ հայտարարման պատճառով:

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի գազի ապացուցված պաշարները կազմում են 2.5 տրիլիոն խորանարդ մետր, ինչը համարժեք է Եվրոպայի կողմից մոտ 4 տարում սպառած գազի ծավալին:

Հիշեցնենք, որ 2013 թվականի ամռանը «Շահ Դենիզ» կոնսորցիումը հայտարարեց, որ ադրբեջանական գազը Եվրոպա կհասցվի TAP նախագծով և ոչ թե Nabucco West նախագծով:

Դրանով իսկ ադրբեջանական գազը, որ թուրք-եվրոպական սահման է հասնելու «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան գազատար) ու «Անդրանատոլիական» (TANAP) գազատարներով, վերջին հաշվով «Անդրադրիատիկ» գազատարով (TAP) կհասցվի իտալական Պուլա (Եվրոպայի հարավ):

Մինչդեռ եթե «Շահ Դենիզ» կոնսորցիումն ընտրեր Nabucco West-ի տարբերակը, ապա ադրբեջանական գազը թուրք-եվրոպական սահմանից կուղղվեր դեպի ավստրիական Բաումգարտեն (Եվրոպայի կենտրոն): Սակայն Ռուսաստանին («Գազպրոմ») շատ չխանգարելու և նրա զայրույթը չհարուցելու հանգամանքը «Շահ Դենիզ» կոնսորցիումին հարկադրեց ընտրել TAP-ի տարբերակը:

Տեսանյութեր

Լրահոս