ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից բանակցությունների երկարաձգումը ԼՂ հակամարտության գոտում հանգեցնում է լարվածության. Ադրբեջանցի փորձագետ

«Խաղաղ բանակցություններում հնարավոր հաջողությունը ԼՂ հակամարտության կողմերի համար լավագույն ելքը կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բաքվի Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն, ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Մուբարիզ Ահմեդօղլուն` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա իրավիճակին և ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը:

Նա նշեց, որ հակամարտության գոտում առաջացած ներկայիս լարվածությունն Ադրբեջանին ձեռնտու չէ, քանի որ Ադրբեջանն ունի որոշակի խնդիրներ երկրի ներսում: Թեև, ըստ նրա, մանաթի ճգնաժամը հաղթահարվելու է, և Ադրբեջանը կարողանալու է գումարներ կուտակել այս «ակցիայի» շնորհիվ: Ըստ նրա` ադրբեջանական կողմի համար անհանգստացնող է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, քանի որ ՄԽ-ն սկսել է խստացնել իր հռետորաբանությունը՝ ուղղված Ադրբեջանին:

«Մենք բազմիցս ենք ասել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարողանում օգնել կողմերին՝ լուծել ԼՂ հակամարտությունը, և գործում է հօգուտ Հայաստանի: Հունվարի սկզբին Կրակովում համանախագահները խիստ հայտարարություն տարածեցին՝ մեղադրելով Ադրբեջանին սահմանային լարվածության մեջ, քանի որ Ադրբեջանն օգնություն չի ցուցաբերում ՄԽ գործունեությանը, այնինչ նման պարտավորություն է ստանձնել»,- ասաց Ահմեդօղլուն` շարունակելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պարզապես ձգձգում է բանակցային գործընթացը, որը սրում է իրավիճակը սահմանին:

Նրա հավաստիացմամբ` Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների, առավել ևս՝ պատերազմի չի պատրաստվում, և խաղաղ բանակցություններում հնարավոր հաջողությունը կողմերի համար լավագույն ելքը կլիներ:
Հիշեցնենք, որ երեք օր առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կրկին հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը լարված է:

«Պարբերաբար կրակոցները, հրադադարի ռեժիմի խախտումներն ավելանում են, սակայն այն վերահսկելի է: Հայկական Զինուժը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության հարցում իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Լինում են սադրանքներ, որոնք արժանի հակահարվածներ են ստանում»,- ասել էր նախարարը:

 

Տեսանյութեր

Լրահոս