
Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը սպառնալիք է ՌԴ-ի ազգային անվտանգության համար. Լուկաշևիչ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Մոսկվայում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Արևմտյան երկրների կողմից Ուկրաինային զենքի հնարավոր մատակարարումները հղի են խաղաղ կարգավորման տապալմամբ և սպառնալիք են Ռուսաստանի համար.
«Սպառազինության մատակարարումները հղի են ոչ միայն հրադադարի տապալման և (Ուկրաինայի) հարավ-արևելքում նոր էսկալացիայի վտանգով, այլև սպառնում են Ռուսաստանի ազգային անվտանգությանը: Ինչպես գիտեք, ուկրաինական կողմը քանիցս հրետակոծել է մեր երկրի տարածքը»:
Լուկաշևիչի խոսքերով՝ «նորմանդական քառյակի» արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները վաղը Բեռլինում քննարկելու են Ուկրաինայում խաղաղ կարգավորման հարցը:
Դա մասնավորապես վերաբերում է փետրվարի 12-ին ձեռք բերված մինսկյան պայմանավորվածությունների իրագործմանը: Լուկաշևիչը մանրամասնել է, որ ռուսական պատվիրակությունը գլխավորելու է փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: