
Իրանը մշտապես կլինի Ամերիկայի թշնամին. Նեթանյահուի ելույթն ԱՄՆ Կոնգրեսում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին զգուշացրել է Իրանի հետ միջուկային համաձայնագիր ստորագրելու հարցում: Նա այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի առջև ունեցած ելույթում.
«Եթե Իրանը համաձայնվի առաջարկված պայմաններին, ապա գործարքը չի կանխի Իրանի կողմից միջուկային զենք մշակելը. այն միայն կերաշխավորի, որ Իրանը ստանալու է միջուկային զենք»:
Նեթանյահուի խոսքերով՝ Իրանը, որի տնտեսությունը տուժել է նավթի գնանկումից, կարող է ճնշում գործադրել, որպեսզի վերանայվեն ապագա համաձայնագրի պայմանները: Նա առաջարկել է Իրանից պահանջել առավել լուրջ զիջումներ՝ կապված իր միջուկային ծրագրի հետ, հրաժարվել ահաբեկչությանն աջակցելուց, Իսրայելին սպառնալուց և հարևան երկրների դեմ ագրեսիայից:
Նեթանյահուն կարծում է, որ միայն եթե Իրանը համաձայնվի այդ պայմաններին, ապա կարելի կլինի հանդել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները. «Իրանը մշտապես կլինի Ամերիկայի թշնամին»:
Նեթանյահուն Կոնգրեսում ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոն Բոյների հրավերով: Դա զայրացրել է Սպիտակ տանը, քանի որ իրեն նախապես չեն իրազեկել ադպիսի պլանների մասին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Իրանը պետք է 10 տարով սառեցնի իր միջուկային ծրագիրը, սակայն Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարեց, որ Իրանը բանակցային գործընթացի ժամանակ զիջումներ չի անի ԱՄՆ-ին:
Ի դեպ, Նեթանյահուն սրանից առաջ ԱՄՆ Կոնգրեսում ելույթներ է ունեցել նաև 1996 և 2011 թվականներին: Ցայժմ երեք անգամ Կոնգրեսի առջև ելույթ էր ունեցել միայն Ուինսթոն Չերչիլը: