Բաժիններ՝

Դեպի Ռուսաստան արտահանումների խնդիրը և 50 մլրդ արտահանողների «առեղծվածը»

Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների խնդիրը շարունակում է մտահոգել հայ տնտեսվարողներին. ռուսական կողմը ցանկանում է պայմանագրեր կնքել միայն ռուբլով, մինչդեռ մեր տնտեսվարողներին դոլարային պայմանագրերն են ձեռնտու:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռ վաղ է խոսել արտահանումների նախկին ծավալների վերականգնման մասին, քանի որ ռուսական շուկայում իրավիճակը շարունակում է նույնը մնալ:

«Ժամանակը ցույց կտա, թե հայ և ռուս գործարարները երբ իրար հետ երկխոսություն կսկսեն, սակայն այս վիճակը մի տեսակ դարձել է ստատիկ, և հնարավոր չի դառնում աշխուժացնել ոլորտը»,- հայտնեց Մխչյանը:

Անդրադառնալով 50 մլրդ դրամ տարեկան արտահանմանն ուղղված պետական արտոնությանը, որի դեպքում շահութահարկը 20 տոկոսից դառնալու է 2 տոկոս, մեր զրուցակիցը նկատեց, որ Հայաստանում չկան այնպիսի ոլորտներ, որտեղ հնարավոր լինի նման ծավալներ ապահովել: Նա նշեց, որ այս օրենքը ճանապարհ է բացում նոր ներդրումների և համագործակցությունների համար, որոնք դեռևս անհայտ են հասարակության համար:

«Շատ հնարավոր է, որ նոր նախագիծ է պատրաստվում, որ կապված է ԵՏՄ-ի հետ, և կան գաղտնի ոլորտներ, որտեղ հնարավոր է նման ծավալի արտահանում իրականացնել»,- հայտնեց միության նախագահը՝ նկատելով, որ այս օրենքն ինքնանպատակ չէ, և շուտով պարզ կդառնա, թե այս արտոնությունը որ ոլորտին է ուղղված: Վերջինս չբացառեց, որ հնարավոր է՝ այս օրենքը ռուս ներդրողների շահերից է բխում:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ևս համոզված է, որ այս օրենքը հատուկ նպատակ է հետապնդում, սակայն նրա համար դեռ պարզ չէ, թե ինչու հենց նման արտոնություն արվեց:

Ինչ վերաբերում է արտահանումների ոլորտին, Բոստանջյանը  հայտնեց, որ մեր գործարարները հստակեցումների կարիք ունեն, նրանց եկամուտները դարձել են խոցելի. «ռուբլին դոլարի և եվրոյի համեմատ՝ շարունակում է ճնշված մնալ, այս դեպքում մեր ապրանքարտադրողները  չեն կարողանում ստանալ այն որոշակի շահույթը, որ ստանում էին նախկինում»:

Որպես հարցի լուծում` տնտեսագետը կարծում է՝ քանի դեռ ԵՏՄ-ի հետ բանակցություններն ընթացքի մեջ են, Հայաստանի կառավարությունը պետք է պետական մակարդակով բարձրացնի և կարգավորի այս հարցը. «Տնտեսվարողը պետք է կանխավ համոզված, երաշխավորված լինի  արտահանման դեպքում իր եկամուտների հարցում: Նման իրավիճակներում, ըստ էության, վատ դրության մեջ է հայտնվել արտահանման ոլորտը, օրինագիծ պետք է մշակվի, որն արագ պետք է գործողության մեջ դրվի»:

Բոստանջյանը նկատեց, որ եթե նշված նախաձեռնողականությունը պետությունն իր վրա չվերցնի, ոլորտում առաջացած ճգնաժամն ավելի կխորանա, քանի որ տեղական արտահանողները ռուսական շուկայում հստակեցումների կարիք ունեն:

Հիշեցնենք, որ ռուսական շուկայում հայ արտահանողների դժվարություններն ի հայտ են եկել  դեռ 2014թ. երկրորդ կիսամյակից, երբ ռուբլին կամաց-կամաց սկսեց թուլացնել իր դիրքերը: Ստեղծված իրավիճակում գնահատականներ հնչեցին, որ կառավարությունը պետք է վերանայի արտահանման քաղաքականությանն ուղղված իր գործառույթները, արդյունքում՝ առաջարկվեց 50 մլրդ տարեկան արտահանման համար շահութահարկի կրճատման տարբերակը, որի ազդեցությունն արտահանման ոլորտի վրա դեռ վաղ է գնահատել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս