Ինչու դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով բողոքները

Փետրվարի 2-ին Վերաքննիչ դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով բողոքները՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Datalex դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է վերաքննիչ դատարանի որոշումը: Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի և Վարդան Վարդանյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով՝
1. Գործի քննությունն իրականացնել վերաքննության կարգով:
2. Բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի և Վարդան Վարդանյանի անմեղությունը, կամ գործն ուղարկել նոր դատաքննության։
3. Փոխել ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի խափանման միջոց կալանքը։
4. Բավարարել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները, մասնավորապես` ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանին դատարան հրավիրելու վերաբերյալ։
5. Հաստատել, որ ՀՀ Նախագահ Ս.Սարգսյանի կողմից խախտվել է գործով անցնող ամբաստանյալ Շանթ Հարությունյանի և մյուսների անմեղության կանխավարկածը:
6. Հաստատել, որ իր պաշտպանյալների՝ կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատ իրականացման իրավունքը խախտվել է։

Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը նույնպես բերել է վերաքննիչ բողոք, որով խնդրել է այն բեկանել և իր պաշտպանյալների նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Հայկ Հարությունյանը խնդրել է ճանաչել ու հռչակել իր անմեղությունը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ավետիս Ավետիսյանը նույնպես բերել է վերաքննիչ բողոք, որով խնդրել է ամբողջությամբ բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, քանի որ համաձայն չէ դատավճռի հետ, և կայացնել արդարացման դատավճիռ: Սևակ Մնացականյանը ևս խնդրել է իրեն արդարացնել և անհապաղ ազատ արձակել:

Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի, Սևակ Մնացականյանի շահերի պաշտպան Ա.Պողոսյանը խնդրել է ճանաչել և հռչակել Ավետիս Ավետիսյանի, Հայկ Հարությունյանի և Սևակ Մնացականյանի անմեղությունը` նրանց մեղսագրվող արարքների կատարման մեջ։

Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի շահերի պաշտպան Հ. Քոչարյանը խնդրել է ճանաչել ու հռչակել նրանց անմեղությունը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Մկրտիչ Հովհաննիսյանի շահերի պաշտպան Ռ.Հովհաննեսյանը խնդրել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով թողնել անփոփոխ (դատարանը Մկրտիչ Հովհաննիսյանին արդարացրել էր այս մեղադրանքում), օրինական ուժի մեջ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով բեկանել և փոփոխել: Մկրտիչ Հովհաննիսյանին ճանաչել անպարտ, հռչակել նրա անմեղությունը նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրան ազատել դատարանի դահլիճից, կամ Մկրտիչ Հովհաննիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, ազատել դատարանի դահլիճից, կամ նվազեցնել սահմանված պատժաչափը։

Լիպարիտ Պետրոսյանը խնդրել է այն ճանաչել ու հռչակել իր անմեղությունը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ալեք Պողոսյանի շահերի պաշտպան Է.Աղաջանյանը խնդրել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) Ալեք Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության պատճառով, հռչակել այդ մասով նրա անմեղությունը և կայացնել արդարացման դատավճիռ: Ամբաստանյալ Ա.Պողոսյանից համապարտորեն, հօգուտ պետական բյուջեի, որպես դատական ծախս` 297.000 դրամ գումարի բռնագանձումը վերացնել:

ՀՀ վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ մեջբերել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, ապա նշել, թե դատարանի հետևությունները, որ ամբաստանյալները կատարել են հանցավոր արարք, «հիմնավոր են և բխում են ինչպես գործող օրենսդրության պահանջներից, այնպես էլ քրեական գործով ձեռք բերված, դատաքննության ընթացքում հետազոտված` ամբաստանյալներին վերագրվող հանցավոր արարքները հիմնավորող բավարար, թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցներից»: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, թե քրեական գործի շրջանակներում ամբաստանյալների նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու հիմքեր չկա:

«Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն քրեական գործի շրջանակներում գործով տուժողների և վկաների` Ոստիկանության աշխատակիցներ լինելու հանգամանքն ինքնին չի նվազեցնում նրանց ցուցմունքների ապացուցողականության նշանակությունը, դրանք նույնպես Վերաքննիչ դատարանի գնահատմամբ թույլատրելի են, վերաբերելի և արժանահավատ: Տվյալ դեպքում, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ դատական ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գործը քննելիս և լուծելիս Դատարանի կողմից վերլուծության և գնահատման են ենթարկվել վկաներ Կարինե Հարությունյանի, Արմեն Տեր-Մովսիսյանի, Ալեքսան Հովհաննիսյանի, Արտավազդ Անտոնյանի, Ռուբեն Պետրոսյանի, Վահագն Մինասյանի, Լաուրա Պետրոսյանի, Հմայակ Պետրոսյանի, Գնել Հովհաննիսյանի, Սարգիս Հովակիմյանի ցուցմունքները, ինչպես նաև դատապայթունատեխնիկական, դատաբժշկական, դատապայթունատեխնիկական և դատահետքաբանական, դատաապրանքագիտական, թմրամիջոցի քրեագիտական փորձաքննությունների եզրակացությունները, քննչական և դատավարական գործողությունների արձանագրությունները, այլ փաստաթղթերը և իրեղեն ապացույցները»,- նշված դատարանի որոշման մեջ:

Վերաքննիչ դատարանը նշել է, թե գործը քննելիս և լուծելիս ընդհանուր իրավասության դատարանի կողմից քրեադատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, այդ թվում` անմեղության կանխավարկածի, ինչպես նաև՝ մրցակցության սկզբունքների խախտումներ, որոնք ազդել կամ կարող էին ազդել սույն գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ այս գործի շրջանակներում դատական ակտը բեկանելու և քրեական գործն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր դատաքննության ուղարկելու հիմքեր չկան, «առավել ևս, որ ամբաստանյալներ Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի շահերի պաշտպան Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքում այդ առումով` մասնավորապես, նոր դատաքննության ծավալի վերաբերյալ որևէ փաստարկ, հիմնավորում կամ պատճառաբանություն, ըստ էության, չի ներկայացվել, ուստի պաշտպան Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքն այդ մասով նույնպես պետք է մերժել:
Անդրադառնալով պաշտպան Ի.Պետրոսյանի վերաքննիչ բողոքում բերված` ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանի պաշտպանության իրավունքի խախտման և ամբաստանյալներին վերջին խոսք չտրամադրելու պատճառաբանություններին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, չեն բխում քրեական գործի նյութերից, ուստի չեն կարող հիմք հանդիսանալ դատական ակտը բեկանելու համար»:

Պատրաստեց ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Տեսանյութեր

Լրահոս