Բաժիններ՝

«Քաղցր» կյանք չգտանք

Հերթական անգամ ընտանեկան ալբոմը թերթելիս` հանդիպեցի հին մի լուսանկարի. ես եմ, քույրս, մայրս, բայց օտար երկրում: Ես փոքր էի և համարյա ոչինչ չեմ հիշում. ինչո՞ւ գնացինք, ինչո՞ւ նկարում հայրս չկա, ինչո՞ւ է մայրս տխուր, և վերջապես ինչո՞ւ վերադարձանք:

Պատմությունը հետևյալն է. 1996 թվականի մի գարնանային երեկո, հերթական լարված քննարկումներից հետո ծնողներս որոշել են ինձ ու քրոջս համար լավ ապագա փնտրել Եվրոպայում` ավելի կոնկրետ` Գերմանիայում: Կարճ ժամանակում հավաքել են անհրաժեշտ ողջ գումարը ու մեկնել Լվով, այնտեղից էլ ավտոբուսով` Վարշավա: Մոտ մեկ ամիս Լեհաստանում սպասելու ընթացքում նրանք 3 անգամ փորձել են անցնել սահմանը: Հայրս պատմում է, թե ինչպես սահմանի հակառակ կողմում մեզ դիմավորող մարդիկ չէին եկել, ու մենք մի շարք մարդկանց հետ մնացել էինք անտառում:

– Մարդիկ այնքան էին սառել, որ ճարահատյալ մայրուղի էին դուրս գալիս` հույս ունենալով, որ գոնե ոստիկանները կնկատեն իրենց,- ասում է հայրս:
Երրորդ փորձից սահմանն անցնելուն պես ընտանիքս ներկայացել է փախստականների ճամբար` կացարան խնդրելու` պատճառաբանելով, թե հալածվում է Հայաստանի իշխանությունների կողմից:

Քույրս, որ այդ ժամանակ վեց տարեկան էր, հիշում է.

– Ճամբարում շատ կեղտոտ էր: Լիքը տարբեր մարդիկ կային, վախենում էինք դուրս գալ:

Մի քանի փաստաթղթերում սխալների պատճառով` հորս ժամանակավոր կալանքի են ենթարկել: Մայրս պատմում է, թե ինչպես է մնացել օտարության մեջ, երկու երեխա ձեռքին, թե ինչպես է ստիպված եղել և՛ հայր, և՛ մայր լինել, թե ինչպես է վեցամյա քույրս ընկերուհի ու խորհրդատու դարձել մորս համար, օգնել նրան` խնամելու ինձ:
Բազմաթիվ հարցազրույցներից հետո մեզ բնակարան են տրամադրել Աուգսբուրգ քաղաքում: Մորս խոսքերով` բոլոր հայ ընտանիքները հասել-օգնել են ամեն դժվար պահի ու աջակցել` խնամելու մեզ:

– Կարմիր խաչից լավ զգեստներ էինք ստանում, գնումներ անելու կտրոններ, ու շաբաթական երկու անգամ` նաև սնունդ: Մեկ-մեկ նույնիսկ սննդի մի մասը վաճառում էի ու բավականին գումար խնայում,- հիշում է մայրս:
Քրոջս հիշողությունները` գերմանական դպրոցի հետ կապված, վառ են.

– Ճիշտ է, փախստականների երեխաներն առանձին դասարանում էին սովորում, բայց ուրախ ու հետաքրքիր դասեր էին անցնում:

Մի քանի ամսվա քննարկումներից հետո հայրս Գերմանիայում մնալու թույլտվություն չի ստացել: Նրան վերադարձրել են Հայաստան` նույնիսկ մորս ու մեզ հրաժեշտի իրավունք չտալով:

Որոշ ժամանակ անց մորս ու մեզ առաջարկել են Գերմանիայի քաղաքացիություն: Մայրս կանգնել է երկընտրանքի առջև. մի կողմում` երկար սպասված թույլտվությունը, մյուս կողմում` մասնատված ընտանիք: Եվ որոշումը կայացրել է` հանուն ընտանիքի:
Դրանից մոտ մեկ ամիս հետո մայրս, քույրս և ես կամավոր վերադարձանք հայրենիք: Մենք մեկն էինք այն հազարավոր ընտանիքներից, որոնք իրենց երջանկությունը կապում են հեռվում երևացող դրախտի հետ: Սակայն բախվելով այլ իրականության` վերադարձանք` այլևս չարտագաղթելու հաստատ մտադրությամբ:

ՆԵԼԼԻ ՄԵՀՐԱԲՅԱՆ
Հրապարակումը՝ «168 Ժամ» թերթում տպագրված «Միգրացիա. Լույս և ստվեր» ներդիրից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս