Բաժիններ՝

«Ֆրանսիայում անցկացրած մեր ութ ամիսները ժամանակի կորուստ էին…»

Ներկայացնում ենք երևանաբնակ քույր և եղբոր պատմություն, ովքեր Հայաստանից մեկնեցին Ֆրանսիա` աշխատելու և մշտական բնակություն հաստատելու ցանկությամբ, բայց ութ ամիս անց վերադարձան հայրենիք: Նրանք պատմեցին իրենց արտագաղթելու, հանդիպած դժվարությունների մասին` պայմանով` չհրապարակել իրենց անունները: Եղբայրը` 22, իսկ քույրը 24 տարեկան էր, երբ տուրիստական վիզայով մեկնեցին Ֆրանսիա:

«Տեղ հասնելով` «հանձնվեցինք» Ֆրանսիայի իշխանություններին, ստեցինք, թե կորցրել ենք փաստաթղթերը և օգնության, բնակության կարիք ունենք: Թույլ տվեցին բնակվել Ֆրանսիայում` մինչ դատական գործընթացի ավարտը: Այնտեղ բնակվում էինք հարազատների, ծանոթների տանը: Վեց ամիս անց դատարանը մերժեց մնալու և ապրելու իրավունք ստանալու մեր խնդրանքը»,- պատմում է քույրը:

Ամսական ամեն մեկին հատկացնում էին 350 եվրո, բայց, ինչպես իրենք են ասում, դա ոչինչ էր այնտեղի ծախսերի համար, թեպետ տան վարձ չէին վճարում: Մայրը ծիծաղով պատմում է, որ այդ ընթացքում ինքն է այստեղից երկու հազար եվրո, նաև ծխախոտ ու այլ իրեր ուղարկել: Տեսնելով, որ մնալն այլևս իմաստ չունի, նրանք դատարանի որոշումից երկու ամիս անց դիմեցին Ֆրանսիայի իշխանություններին, ստացան անձնագրին փոխարինող փաստաթուղթ և օրինական ճանապարհով վերադարձան հայրենիք:

Նրանք դժգոհ չէին Ֆրանսիայի քաղաքացիների վերաբերմունքից. «Շատ բարեհամբույր էին, երբ որևէ վայրի հասցե էինք հարցնում, իրենց գործը թողնում և մեզ հետ գալիս էին, նման խնդիրներ չենք ունեցել: Այսուհանդերձ, Ֆրանսիայում անցկացրած մեր ութ ամիսները ժամանակի կորուստ էին, ոչինչ ձեռք չբերեցինք, անգամ ունեցած գումարն էլ ծախսեցինք, ու եղավ հակառակ գործընթացը` դեռ Հայաստանից էլ մշտապես ֆինանսական օժանդակություն ստացանք»:

Կարդացեք նաև

Վերադառնալով Հայաստան` նրանք դիմեցին Ֆրանսիայի դեսպանատուն` օգնություն ստանալու նպատակով, և քանի որ այնտեղ արված խախտումներ չունեին, ինքնակամ էլ վերադարձել էին, ստացան տասը բարձրորակ կարի մեքենաներ` բիզնես հիմնելու համար: Ասում են, որ այդպիսի կարի մեքենաներ Հայաստանում շատ քչերն ունեին:
«Բիզնեսը բացեցինք, մեկ ամիս աշխատեցինք, բայց ֆինանսական խնդիրների և աղջկաս ամուսնանալու պատճառով ստիպված եղանք դադարեցնել արտադրամասի աշխատանքները: Մեքենաներից մեկ-երկուսով աղջիկս տանն է գործ անում, իսկ մնացածը դեռևս ավտոտնակում է դրված, մինչ նոր սեփական տուն գնենք և այնտեղ կրկին վերաբացենք բիզնեսը»,- պատմում է նրանց մայրը:
Նրանք այլևս չեն ցանկանում հեռանալ հայրենիքից, հատկապես, երբ քույրն ամուսնացել է և բալիկներ ունի, իր հայրենիքում իրեն երջանիկ և ազատ է զգում:

ԴԻԱՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Հրապարակումը՝ «168 Ժամ» թերթում տպագրված «Միգրացիա. Լույս և ստվեր» ներդիրից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս