
Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքական ու առևտրային-տնտեսական կարևորագույն գործընկերն Ադրբեջանն է. Կոսաչև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի համար կարևորագույն առևտրա-տնտեսական ու քաղաքական գործընկեր է:
Նա հավելել է, որ Հարավային Կովկասի հանրապետությունները Ռուսաստանի համար կարևոր են՝ յուրաքանչյուրն իր չափով. «Ռուսաստանը շահագրգռված է, որ տարածաշրջանում կյանքը լինի կայուն ու խաղաղ»: Սենատորը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ ռուսերեն լեզվի և երկրում ապրող իրենց համաքաղաքացիների հանդեպ շատ հոգատար վերաբերմունքի համար:
Կոսաչևն Ադրբեջանի հետ փոխգործակցության ուղղությունների թվում հատակապես նշել է էներգետիկ ոլորտը՝ ընդգծելով, որ դրանում Ռուսաստանն ու Ադրբեջանը կարող են հանդես գալ որպես գործընկերներ և ոչ թե մրցակիցներ: Ադրբեջանին Ռուսաստանի կարևորագույն գործընկեր անվանած Կոսաչևը Հայաստանն անվանել է Ռուսաստանի ամենամոտ գործընկեր.
«Մենք միասին ենք ոչ միայն ԱՊՀ-ում, այլև՝ ՀԱՊԿ-ում, իսկ այժմ նաև՝ ԵՏՄ-ում: Մեր երկրի հետ ինտեգրացիոն այդ նախագծերը շատ լայն աջակցություն են ստանում հայ հասարակությունում, այդ գործընթացները ոչ միայն ղեկավարության արած ընտրության, այլև՝ մարդկանց մոտ գոյություն ունեցող հայացքների արդյունք են»:
Կոսաչևի խոսքերով՝ ի հակադրումն այդ տրամադրությունների՝ Հայաստանում հակառակ ուղղությամբ գործում են մեծ թվով աշխարհաքաղաքական մրցակիցներ. «Մոտ 350 ՀԿ քարոզչություն է իրականացնում եվրասիական ինտեգրման դեմ և «Արևելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման օգտին:
Մենք կոռեկտ չենք համարում նրանց աշխատանքը, որովհետև կոռեկտ չենք համարում «կամ-կամ» հարցադրումը. կա՛մ մեզ հետ եք, կա՛մ՝ նրանց հետ: Այդ դիրքորոշումն արդեն իսկ կործանել կամ գրեթե կործանել է Ուկրաինան և կարող է կործանել յուրաքանչյուր այլ երկիր, եթե հարցը դրվի ուղիղ և համառորեն:
Հուսով եմ, որ Հայաստանին կհաջողվի խուսափել նման ընտրության փորձությունից, և մենք՝ Ռուսաստանն ու Հայաստանը, դաշնակցային վերաբերմունքն ու բարեկամությունը կպահպանենք տարիներով ու դարերով, ինչպես որ դա եղել է անցյալում:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա նա տեսնում է, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը զարգացնում իրենք հարաբերությունները Ռուսաստանի հետ և սկսում է հասկանալ, որ Ռուսաստանից մեկուսանալով՝ բաց է թողնում հնարավորություններ ու օգուտներ:
Ռուսաստանը՝ որպես այդ երկրների հարևան երկիր, շահագրգռված է, որ Կովկասում կարգավորվի իրավիճակը, որ բոլորը հարցերը չլուծվեն ուժային ճանապարհով, ճնշման ու սպառնալիքների միջոցով և լուծվեն քաղաքական պայմանավորվածությունների միջոցով»: