
Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Փետրվարի 25-ին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հյուրերին` էկոնոմիկայի նախարարը բարձր է գնահատել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի գործունեության արդյունավետությունը և հույս հայտնել, որ մոտ ապագայում տնտեսական ոլորտում համագործակցության նոր հնարավորություններ կլինեն: Նախարարը ներկայացրել է տնտեսական ոլորտում` մասնավորապես գործարար միջավայրի, ենթակառուցվածքների և ստանդարտացման ոլորտներում իրականացվող բարեփոխումները և նշել այդ բնագավառներում ֆինանսավորման անհրաժեշտությունը:
Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Իգնատովը ներկայացրել է Բանկի ֆինանսավորման պայմանները, Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերը և պատրաստակամություն է հայտնել համագործակցել ինչպես վերոնշյալ ոլորտների բարեփոխումների ծրագրերի, այնպես էլ Հայաստանի ներդրումային ծրագրերի շրջանակում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական զարգացմանն առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային քննարկումներ ծավալել համատեղ ծրագրերի մշակման համար: