Ինչու է ԱՄՆ-ը Հայաստանից դիվերսանտների վերադարձ պահանջում

Ինչպես օրերս տարածաշրջան կատարած այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը, այնպես էլ նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայկական կողմերին կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել 2014թ. հուլիս ամսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներին՝ դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ն և Դիլհամ Ասկերովին:

Ի դեպ, այս դիվերսանտներն առաջինն էին, որոնք անկախության հռչակումից հետո դատական պատասխանատվության ենթարկվեցին Ղարաբաղում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից:  Ասկերովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով՝ սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ լրտեսության, 350-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանց պատշաճ թույլտվության ԼՂՀ պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, 245-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մարդուն բացահայտ առևանգելու՝ կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելով՝ զենքի գործադրմամբ, ինչպես նաև ուրիշին պատկանող գույքի գաղտնի հափշտակման մեջ։

Ուշագրավն այն է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները, կոչ անելով վերադարձնել դիվերսանտներին՝ Ասկերովին և Գուլիևին անվանում են «բանտարկյալներ» կամ «պատանդներ» և ոչ՝ «ահաբեկիչներ», «դիվերսանտներ», «գերիներ», ինչն էլ հենց մտահոգում է հայաստանյան փորձագիտական հանրությանը:

Թեև Հայաստանում Վիկտորյա Նուլանդը, ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ վերադարձնել հանցագործներին, եթե նրանք ԼՂՀ տարածքում մարդկանց են սպանել, ասաց, որ դա սարսափելի հանցագործություն է, այնուամենայնիվ հայկական կողմերը կարող են մարդասիրական ժեստ իրականացնել: Պաշտոնական Ստեփանակերտը պնդում է, որ չի կարող մարդասիրական ժեստ իրականացնել, քանի որ առաջնորդվել է ժողովրդավարական սկզբունքներով և օրենքներով՝ կատարելով բաց և թափանցիկ դատավարություն, դիվերսանտներին պաշտպանության հնարավորություն տալով: Ավելին, ԼՂՀ նախագահի խոսնակը համարում է, որ Ասկերովին և Գուլիևին վերադարձնելը նույնն է, ինչ Գուանտանամոյի բանտում ձերբակալված ահաբեկիչներին կամ Բեն Լադենի համախոհներին ազատ արձակելը:

Manvel Sargsyan168.am-ի հետ զրույցում Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը նշեց, որ սա իսկապես շատ լուրջ նախաձեռնություն է, քանի որ անընդհատ բարձրաձայնվում է, հետապնդվում ԱՄՆ ամենատարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Նրա կարծիքով` պատահական չէ, որ ԱՄՆ-ը նման պայման է դնում Հայաստանի առջև, և դրանով իսկ այս կոչը և պահանջը հետաքրքիր է:

«Տեսակետ կա, որ այս կոչով ամերիկացիները ցույց են տալիս, որ չեն ընդունում Ղարաբաղի օրենքը և դատելու իրավունքը, թեև ընդունում են, որ այդ մարդիկ հանցագործներ են: Սա լուրջ կոչ է, բայց ինչո՞ւ էր նրանց անհրաժեշտ անընդհատ բարձրացնել այն, դժվար է պատասխանել: Պարզ է, որ սա մեծ քաղաքականություն է հատկապես այն ֆոնին, երբ կրկնում են, որ Հայաստանի հետ ցանկանում են խորացնել հարաբերություններն անգամ ռազմական ոլորտում, և, բնականաբար, այս ամենն իրար հետ կապված են: Սա ամերիկյան քաղաքականության լուրջ բաղադրիչ է, որը պետք է փորձել հասկանալ ու լուրջ գնահատական տալ: ԱՄՆ-ը չի ճանաչում Ղարաբաղի իրավունքը՝ այդ մարդկանց որպես հանցագործ ճանաչել»,- մեկնաբանեց Մանվել Սարգսյանը: Վերջինիս կարծիքով՝ դիվերսանտներին վերադարձնելը պարզունակ մոտեցում կլինի, այստեղ մարդասիրական ժեստի խնդիր չէ: «Եթե Հայաստանի առջև անլուծելի խնդիրներ են դնում, դա կապված է այլ խնդիրների հետ»,- ասաց Սարգսյանը:

masis mailyanԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վիկտորյա Նուլանդի, իսկ ավելի վաղ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատասխաններն ադրբեջանցի լրագրողների` երկու հանցագործների վերաբերյալ հարցերին, այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ երկրների բարձրաստիճան դիվանագետները չեն տիրապետել այդ աղմկահարույց գործի մանրամասներին: Ավելին, Մայիլյանի համոզմամբ, Վիկտորյա Նուլանդն ու Սերգեյ Լավրովն արձագանքեցին «պատանդներ» բառին և, ինչպես հարիր է նման դեպքերում, արտահայտվեցին հօգուտ նրանց ազատ արձակման:

«Կարծում եմ, որ սա հայկական դիվանագիտության, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատների թերի աշխատանքի արդյունքն է»,- նկատեց նա: Մասիս Մայիլյանը նաև նշեց, որ ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատանքը, որի նպատակը դատապարտյալ հանցագործներին որպես պատանդ ներկայացնելն է, պետք է կանխվի, ԼՂՀ-ի և ՀՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է պատրաստեն և ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչություններին, միջազգային կազմակերպություններին փոխանցեն արժանահավատ տեղեկատվություն ԼՂՀ-ում այդ հանցավոր խմբի գործողությունների, ապա՝ անցկացված դատական գործընթացի թափանցիկության վերաբերյալ: «Այն փաստը, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո քարտուղարը կրկնել է Վիկտորյա Նուլանդի արտահայտությունները, նշանակում է, որ մենք այդ գործում ուշանում ենք»,- նկատեց Մայիլյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս