«Հայոց ցեղասպանությունն ավելի ճիշտ է անվանել «էթնոցիդ»». Ալբերտ Նալչաջյան

««Գենոցիդ» տերմինը, որը ժամանակին ընդունվել է, ունի որոշ թերություններ: Իմ կարծիքով՝ երևույթը պետք է անվանել «էթնոցիդ»՝ էթնոսի ոչնչացում, «գենոցիդը»՝ ցեղի կամ գենի ոչնչացումն է: Հայերեն տերմինը՝ «ցեղասպանությունը», ավելի մոտ է իրականությանը, բայց ավելի ճիշտ է՝ «էթնոցիդը», իմ կարծիքով՝ այն ավելի ադեկվատ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:

Հոգեբանը նաև պարզաբանեց՝ ասելով, թե թուրքերի կողմից իրականացված այս հանցագործությունն ավելի ճիշտ է «էթնոցիդ» անվանել, քանի որ էթնոսների տարբեր տեսակներ կան՝ սկսած տոհմից, այնուհետև՝ ցեղը, ցեղային միությունը, ժողովուրդը, ազգը և ազգի զարգացման տարբեր մակարդակները: Ըստ նրա՝ պետք է հստակեցնել՝ խոսքն ինչի՞ մասին է՝ ո՞ւմ են ոչնչացրել և ո՞վ է ոչնչացրել:

Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված համահայկական հռչակագրի մասին՝ հոգեբանը նշեց, թե՝ «Հիշում և պահանջում եմ» կարգախոսը տեղին է և օգտակար, եթե ճիշտ օգտագործվի դիվանագիտական ասպարեզում: Միաժամանակ նա նշեց, թե հռչակագրի տեքստից այդքան էլ գոհ չէ. թեև այնտեղ գրեթե ամեն ինչ ասված է. «Չգիտեմ՝ նման փաստաթուղթ պե՞տք էր իսկապես ստեղծել և հրապարակել, որովհետև, գիտեք՝ սա բարդ, միջազգային «խաղ» է՝ ագրեսիվ հարևանների հետ: Արդյոք բոլոր խաղաթղթերը պե՞տք է բացել, թե՞ ոչ. որովհետև եթե դուք թշնամուն ասում եք՝ ես ինչ եմ պահանջելու, նա կարող է նախապատրաստվել, իսկ եթե նրան թողնենք անորոշության մեջ, տագնապ առաջ կգա: Թող անընդհատ վախեցած լինեն, թե մենք ինչեր ենք պահանջելու: Կարծում եմ՝ պետք է չափավոր լինի փաստաթուղթը, որը հիմա նախապատրաստվում է, և առանց ինձ ու ձեզ հարցնելու կհրապարակեն, իհարկե: Ես այս վերջին հռչակագիրը դրական եմ գնահատում այն տեսակետից, որ փաստաթղթերի մեջ հստակորեն ասված է՝ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1894թ. մինչև 1923 թ. շատ կարևոր է իմանալ ժամկետը»:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախապատրաստությունների ու ակնկալվող միջոցառումների շեշտը, ըստ հոգեբանի, պետք է տեղափոխել հերոսական դրվագների վրա, որովհետև եթե ասում ենք՝ այստեղ սպանեցին մի ամբողջ գյուղ, այնտեղ 10 հազար հոգու աքսորեցին, այդ տեղեկությունները մենք գիտենք: Հայ ժողովուրդին՝ հատկապես երիտասարդությանը, հոգեբանի խոսքով, չպետք է շատ հուզել, պետք է տեղյակ պահել, պատմությունը անպայման պետք է իմանալ, բայց պետք է ցույց տալ նաև, որ հայ ժողովրդի մեջ հերոսականությունը՝ դիմադրելու, հաղթելու ունակությունը, պահպանվել է: Ամեն դեպքում՝ Ա. Նալչաջյանը կարծում է, որ 100-ամյակը պետք է նշել ընդգծված, դա այնպիսի տարեդարձ է, որը չի էլ կարելի հենց այնպես թեթևակի հիշատակել և անցնել:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ ազդեցություն է գործել Հայոց ցեղասպանությունը ժողովրդի հոգեկան կերտվածքի վրա, հոգեբանը նշեց. «Հայ ժողովուրդը երկար դարեր գտնվել է սուլթանական իշխանության ներքո և գտնվել է ստորացված վիճակում, ժողովրդի կեցվածքի մեջ միշտ եղել է տագնապ և սարսափ՝ տիրող ազգի գործողությունների նկատմամբ: Տագնապախռովությունը հայ ժողովրդին միշտ հատուկ է եղել, և Ցեղասպանությունն այդ ժողովրդի տագնապն ու սարսափը բարձրացրեց մի նոր մակարդակի: Ժամանակակից հոգեբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ շատ հիվանդություններ առաջ են գալիս մարդկաց մոտ երկարատև և ուժեղ տագնապների ազդեցության հետևանքով»:

Լուսանկարը՝ 168.am-ի

Տեսանյութեր

Լրահոս