Բաժիններ՝

«Նաիրիտը»՝ հեքիաթի անսպառ աղբյուր

Երկուշաբթի օրը՝ փետրվարի 16-ին, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կրկին բողոքի դուրս կգան գործարանի առջև՝ կրկին պահանջելով վճարել 18-24 ամսվա աշխատավարձի պարտքը: Աշխատանքից ազատված 1800 նաիրիտցիների վերջնահաշվարկի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Թե ե՞րբ, ո՞վ, ի՞նչ միջոցներից է վճարելու միլիոնների կուտակված պարտքը, հայտնի չէ: ՀՀ կառավարությունը շարունակում է «էսօր-էգուց» ասել ու փափուկ բարձ դնել նաիրիտցիների գլխի տակ:

Փետրվարի 16-ին կլրանա ուղիղ 1 ամիս, ինչ նաիրիտցիները բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով ստեղծված անելանելի իրավիճակից ելք գտնել և պարտքի մարման ժամանակացույց կազմել:

«Ժողովրդավարություն հռչակած պետության ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի իր քաղաքացու հիմնարար իրավունքի` աշխատանքի և դրա դիմաց վարձատրություն ստանալու իրավունքի պաշտպանության համար: Մենք ակնկալում ենք, որ այս խնդիրը կլինի Ձեր անմիջական հսկողության և ուշադրության կենտրոնում և մինչև փետրվարի 6-ը կստանա իրավական-օրինական լուծում»,- նշված էր նամակում:

«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը 168.am-ին տեղեկացրեց, որ նախագահականից պատասխանել են, որ նամակը վերահասցեագրվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, որտեղից էլ ասել են, թե ընթացքի մեջ է:

Ըստ նրա՝ երկրում քաղաքական իրավիճակի սրացումը կարող է ազդել նաիրիտցիների վրա, մասնավորապես՝ ակցիաների անցկացման առումով: Հ. Թադևոսյանի խոսքով՝ նախնական որոշում կար, որ երկուշաբթի երթ կկազմակերպվի, բայց այժմ հայտնի չէ, թե քաղաքական վիճակն ինչ կթելադրի:

Ուշագրավ է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգող խմբից միայն 2 մարդ է ազատվել աշխատանքից: Մյուսները շարունակելու են աշխատել գործարանում: Չի բացառվում, որ սա գործարանի ղեկավարության կողմից տակտիկական քայլ է՝ բողոքի ակցիաների ժամանակ նրանց ակտիվությունը նվազեցնելու նպատակով:

Մեր հարցին՝ արդյոք համակարգող խմբի անդամների մեծամասնության չկրճատումը չի՞ ազդի նրանց ակտիվության վրա, Հ.Թադևոսյանը պատասխանեց, որ չի կարծում, որ աշխատանքից չազատվածներն ակտիվ չլինեն, քանի որ նրանք էլ են ուզում իրենց փողը ստանալ:

Ի դեպ, «Նաիրիտում» դեռ շարունակում են սպասել խոստացված՝ Համաշխարհային բանկի փորձագետներին: Նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե փորձագետները գործարան կայցելեն փետրվարին: Ամիսն արդեն կիսվել է, բայց փորձագետների «շունչը չի զգացվում»: Եվ չկա որևէ պաշտոնական պարզաբանում, թե ինչու են նրանք ուշանում: Այժմ էլ լուրեր են շրջանառվում, թե ՀԲ փորձագետները գործարան են այցելելու հենց երկուշաբթի օրը, երբ նախատեսված է նաիրիտցիների բողոքի ակցիան: Սա հերթական անգամ դեժավյուի զգացում է առաջացնում: Երբ նախատեսվում է բողոքի ակցիա, ու դրանից օրեր առաջ լուրեր են տարածում, թե աշխատավարձ է վճարվելու:

Իրականում շատ անհավանական է, որ «Նաիրիտում» կրկին աուդիտ կիրականացվի: Դա այդքան էլ էժան հաճույք չէ: Դեռ Արմեն Մովսիսյանի նախարարության ժամանակաշրջանում բրիտանական «Jacobs» ընկերության կողմից իրականացրած աուդիտի եզրակացության հաստափոր հաշվետվությունը չի հասցրել «սառչել»: Շուրջ 1000 էջանոց եզրակացությունն իր մեջ ներառում է «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված ցանկացած բնույթի գնահատական: Դրա համար կառավարությունը «Jacobs»-ին վճարել է 300-400 հազար դոլար: Ընդ որում՝ «Jacobs»-ը միջազգային ասպարեզում ճանաչված ու բավականին հեղինակավոր կազմակերպություն է, նրա գնահատականները կասկածի տակ չեն կարող դրվել: Եվ այժմ բոլորովին իմաստ չունի նոր աուդիտ անել ու կրկին այդքան մեծ գումար ծախսել: Առավել ևս, որ այդ գումարն ավելի նպատակային կարելի է ծախսել: Առավել ևս, որ նոր աուդիտը ոչ մի նոր բան չի բացահայտելու:

Ուրեմն ո՞րն է Երվանդ Զախարյանի նպատակը: Ինչո՞ւ է առաջ քաշվեց ՀԲ փորձագետների վարկածը: Պարզապես նախկինի պես՝ հերթական անգամ ժամանակ շահելու և նաիրիտցիների ուժերը մաշեցնելո՞ւ համար: Հարցեր են, որոնց կարող է պատասխանել Երվանդ Զախարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս