Բաժիններ՝

«Հայաստանն այսօր մանկական ուռուցքաբանների կարիք ունի. նոր մասնագետեր չկան». Հայկուհի Գյոկչյան

2001 թվականից փետրվարի 15-ն ընդունված է համարել Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր. օրվա նպատակը, ըստ ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանի, հանրության ուշադրությունը մանկական քաղցկեղի և դրա խնդիրների վրա սևեռելն է, քանի որ ընդհանրապես քաղցկեղի բուժումը, մասնավորապես՝ մանկական տարիքում, բավականին թանկարժեք է համարվում:

Խոսելով Հայաստանում մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների և այդ հիվանդության  խնդիրների մասին՝ ՀՀ գլխավոր քիմիաթերապևտը նշում է, որ Հայաստանում չունենք շատ զարգացած տեխնոլոգիաներ, և ամենակարևորը՝ չունենք ոսկրածուծի փոխպատվաստում, որը շատ արդիական է մանկական քաղցկեղի բուժման համար: Եվ ինչպես՝ ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում մանկական քաղցկեղի բուժումը պետական հովանու ներքո է: Ինչպես՝ բոլոր ոլորտներում, այնպես էլ՝ բժշկության մեջ, ըստ Հայկուհի Գյոկչյանի, մենք Եվրոպայից հետ ենք մնում՝ մասնավորապես, բժշկական սարքավորումների և նոր դեղորայքի առումով:

«Այն դեղամիջոցները, որոնք պետությունը կարող է ապահովել, գտնվում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի դեղատանը, և երեխաներին դրանք տրամադրվում են պետական պատվերի շրջանակներում, իսկ այն դեղորայքը, որը բավականին թանկարժեք է և պետպատվերի միջոցով չեն կարող ձեռք բերել, ծնողները ձեռք են բերում «Նվիրիր կյանք» հիմնադրամի շնորհիվ:  2009 թ. ի վեր Հայաստանում գործում է «Նվիրիր կյանք» հիմնադրամը, որն Առաջին տիկնոջ հովանու ներքո է գործում, և այսօր երեխաներն այդ թանկարժեք դեղորայքը գնելու խնդիր չեն ունենում, քանի որ ցանկացած դեղորայք ծնողը ներկայացնում է հիմնադրամին, վերջինս էլ զբաղվում է այդ գործով և ապահովում նրանց այդ թանկարժեք դեղորայքով»,- ասում է Հայկուհի Գյոկչյանը:

Քաղցկեղով հիվանդ երեխաները Հայաստանում, ըստ Հայկուհի Գյոկչյանի, բուժվում են անվճար, միայն, եթե երեխային անհրաժեշտ է լինում ոսկրածուծի փոխպատվաստում, այդ դեպքում որոշ չափով օգնում է հիմնադրամը, իսկ մնացած գումարը վճարում են ծնողները, և երեխային ուղարկում են արտերկիր՝ ոսկրածուծի փոխպատվաստում անցնելու համար:

ՀՀ գլխավոր քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում մանկական քաղցկեղի մեկ երրորդն արյան հիվանդություններն են, դրանից հետո գերակշռում է գլխուղեղի քաղցկեղը, իսկ հետո մնացածը՝ ոսկրային սարկոմաները, երիկամի ուռուցքները, նեյրոպլաստոմաները, և այլն: 0-5 տարեկան երեխաների մոտ ավելի շատ էմբրիոնալ քաղցկեղներն են հանդիպում, որոնք ունեն իրենց մեջ ժառանգական գործոններ, կամ ներարգանդային կյանքում զարգացման արատների արդյունքի հետևանք կարող են լինել, իսկ դեռահասային տարիքում գերակշռում են ավելի շատ՝ ոսկրային սարկոմաները, արյան համակարգի հիվանդությունները, ավշային համակարգի հիվանդությունները: 16 տարեկանից բարձրերի մոտ քաղցկեղը նմանվում է արդեն մեծահասակների քաղցկեղին: Մանկական տարիքում առաջին տեղում են արյան հիվանդությունները:

Ի տարբերություն մեծահասակների՝ երեխաների մոտ ավելի շուտ են հայտնաբերում քաղցկեղ հիվանդությունը, և սա պայմանավորված է բժիշկներին դիմելու հանգամանքով: Եթե մեծահասակները կարող են տարիներով բժշկին չդիմել, ապա երեխաները՝ ոչ. Հայաստանում և ամբողջ աշխարհում կա այդպիսի կարգ՝ մանկաբույժին պարտադիր այցելում են 2-3 ամիսը մեկ, և այդ ընթացքում մանկաբույժների մեծ մասը բավական ուշադիր է լինում: ՀՀ գլխավոր քիմիաթերապևտը նկատում է՝ հատկապես վերջին տարիներին մանկաբույժների զգոնությունը շատ է բարձրացել մանկական քաղցկեղի հանդեպ, և երեխաների մոտ ավելի վաղ փուլերում են հայտնաբերում քաղցկեղը: Վերջին տարիներին նաև նկատվել է՝ տղաները կրկնակի  ավելի շատ են հիվանդանում քաղցկեղով, քան՝ աղջիկները:

Հայկուհի Գյոկչյանը ցավով նշում է նաև, որ մենք այսօր մանկական հեմատոլոգներ բավականին քիչ ունենք, իսկ մանկական ուռուցքաբան՝ ընդամենը մեկը՝ պրոֆեսոր Գրիգոր Բադալյանն է, ով ղեկավարում է Մանկական ուռուցքաբանության բաժանմունքը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:  «Հայաստանը մանկական ուռուցքաբանների կարիք ունի այսօր, նոր մասնագետներ չկան, որի պատճառները հստակ են.  Բժշկական համալսարանում վերջին տարիներին առանձին չի դասավանդվում մանկական ուռուցքաբանություն առարկան, 5 տարի առաջ դասավանդվում էր, և բացի այդ՝ այն բավական բարդ մասնագիտություն է: Կարծում եմ՝ եթե մարդ ցանկանում է դառնալ մանկական ուռուցքաբան, նրան պետք է և՛ բժիշկները, և՛ հասարակությունն ամեն կերպ աջակցեն, որ այս մասնագետները նվիրվեն իրենց գործին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս