Պատասխան «հեղինակային իրավունքներ» պահանջող Նորա Արիսյանին
Հարգելի Դոկտ. Նորա Արիսյան,
Ցավում եմ, որ առանց պատշաճ ճշգրտման, Հայաստանի և սփյուռքի մի շարք լրատվամիջոցներին տեղեկություն էիք տարածել՝ Ձեր «հեղինակային իրավունքները պահանջելով»:
2015 թ. փետրվարի 10-ին Արմենպրես լրատվական գործակալությունից ստացա հեռախոսազանգ, որով աշխատակիցը նախքան տեղեկատվություն տարածելը պատշաճ էր համարել ինձնից ճշտել զանգվածային լրատվության միջոցով Ձեր տարածած նամակի բովանդակության ստուգությունը:
Ցավում եմ, որ առանց ծանոթանալու իմ գրքին՝ «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ», (ՀՀ ԳԱԱ «Գիություն» հրատ., Երևան՝ հայ., անգլ., 2011; Ստամբուլ՝ թուրք., 2013), «վիրտուալ» եզրակացության էիք հանգել:
Հակառակ մեր տարիների անձնական ծանոթությանը, որ նշում եք, թե «միշտ հիացմունքով կարդացած եմ Ձեր հոդուածներն ու գիրքերը», այնուամենայնիվ նախընտրել էիք զանգվածային լրատվության միջոցով խոսել ինձ հետ՝ Ձեր «հեղինակային իրավունքների պահանջը» սփռելով աշխարհով մեկ: Այնինչ Ձեր հեղինակային իրավունքը վերոհիշյալ գրքերիս մեջ արդեն իսկ պաշտպանված է եղել իմ կողմից, քանի որ, արաբերենից թարգմանել տալով, վերծանելով և Ձեր անունով երեք լեզուներով հրատարակելով, գիտական շրջանառության մեջ եմ դրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվի պահոցներում պահվող արաբերեն այդ խտասալիկը:
1. Տե՛ս հիշյալ գրքիս «Ներածություն» բաժինը, էջ 8՝
«2002 թ. Դամասկոսից (Սիրիա) Դոկտ. Նորա Արիսյանը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվին էր ուղարկել Դեյր էլ Զորի, Ռաս ուլ Այնի և Ռաքքայի անապատներում ապրող արաբ-բեդվին ականատեսներից տեսագրած հուշ-հարցազրույցներ, որոնցից 5-ը թարգմանաբար վերծանել եմ և տեղադրել սույն հատորի մեջ»:
2. Տե՛ս «Սկզբնաղբյուրներ» բաժինը, էջ 516, Ծանոթագրություն 1՝
«1999 թ. պատմական գիտությունների թեկնածու, դամասկոսաբնակ Նորա Արիսյանը հարցազրույց է ունեցել Սիրիայի արաբ բեդուին անապատականների հետ: Նա տեսաերիզը հանձնել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվին: Այս հինգ վկայությունները [Վկ. 302-306] ես վերծանել և ներկայացնում եմ թարգմանաբար»:
3. Տե՛ս «Անձնանունների ցուցիչներ» բաժինը, էջ 786: Երբ, թյուրիմացությունը հերքելու նպատակով, ես նույն օրը՝ փետրվարի 10-ին վերոհիշյալ տվյալները ներկայացրեցի Ձեզ Facebook-ով, խնդրելով հերքում տալ բոլոր լրատվական գործակալություններին, Դուք այնուամենայնիվ նախընտրեցիք Ձեր ներողությունը մասնավոր կերպով՝ Facebook-ով հայտնել ինձ (նամակի վերծանությունը տես ստորև), նաև խոստացաք Արմենպրեսին ևս տեղեկացնել թյուրիմացության մասին: Մինչդեռ հարկ էր, որ բոլոր լրատվամիջոցներին ուղարկած լինեիք հերքում: Այլ կերպ ասած, ինձ գրած Ձեր մասնավոր գրությունը հանրայնացնեիք բոլոր լրատվամիջոցներով:
Այժմ կրկնում եմ խնդրանքս՝ հերքում տալ ոչ միայն Արմենպրեսին, որը ինձնից ճշգրտելով փաստերը, հարկ չէր համարել տարածել այդ թյուրիմացությունը, այլև՝ Հայաստանի և սփյուռքի այլ լրատվամիջոցներին ևս, որոնց Դուք տարածել եք այդ ոչ ճիշտ տեղեկությունը, քանի որ դա է պահանջում իմ 60-ամյա գիտական անբասիր վաստակի հեղինակային իրավունքը:
Վերժինե Սվազլյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
Առաջատար գիտաշխատող
Հեռ. 091 99-22-26 բջջ.
<[email protected]>
Առ ի գիտություն՝
Facebook.com
Nora Arissian 1:51am Feb 11
“Sireli Dr. Verjin Svazlian… yerpek yes tsheyi uzeyi tsezi vnas hasni…yes mishd al harkankov modetsam em tsezi…im miag bahantshs vor ayt hodvazneri vercum nshver aghpure…
Hasgaca nayev vor ayt gaykere vercnum em hadvazner..aranc hsdag hghumneri…
Amenbarakayi yes hima ghrajarvem armenpressi im namages…”
************************
Նամակի վերծանությունը.
Նորա Արիսյան 01:51, փետրվար 11, 2015.
«Սիրելի Դոկտ. Վերժինե Սվազլյան… Երբեք ես չէի ուզենա ձեզ վնաս հասցնել… Ես միշտ ալ հարգանքով մոտեցած եմ ձեզի… Իմ միակ պահանջս՝ որ այդ հոդվածների վերջում նշվեր աղբյուրը…
Հասկացա նաև, որ այդ կայքերը վերցնում են հատվածներ… առանց հստակ հղումների…
Ամեն պարագայի ես հիմա կհրաժարվեմ «Արմենպրեսի» իմ նամակես…»:
Փետրվար 13, 2015