Ռուսաստանը վաղուց որոշել է պրո-հայկական դիրքորոշում չունենալ. Լիլիթ Գևորգյան
168.am-ի զրուցակիցն է Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
– Տարեսկզբից լարված է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում: ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է հանդիպումների միջոցով մեղմել լարվածությունը, բայց չի հաջողվում: Ըստ Ձեզ` խնդիրն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն անարդյունավե՞տ է աշխատում Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հետևանքով, թե՞ հակամարտությունն ինքնին մտել է անվերահսկելի փուլ, և, ինչպես մի շարք փորձագետներ են պնդում, իրավիճակը պայթյունավտանգ է:
– ԵԱՀԿ-ի անարդյունավետության պատճառներից մեկն Ուկրաինայի ճգնաժամն է: Մինսկի խմբի համանախագահների ուշադրության կենտրոնում արևելյան Ուկրաինայում մոլեգնող պատերազմն է: Երկրորդ հանգամանքը Ռուսաստանի պասիվ դիրքն է Ադրբեջանի նկատմամբ: Եթե նախկինում Մոսկվան արագ էր արձագանքում հայ-ադրեբեջանական սահմանային մահացու բախումներին, ապա հիմա Ռուսաստանը լուռ է, քանի որ ինքն է Ուկրաինայում անուղղակի կոնֆլիկտի մեջ: Բացի այդ, Ռուսաստանն այնքան էլ դեմ չէ սահմանային բախումներին, քանի որ դրանք մշտապես հիշեցնում են Հայաստանի իշխանություններին ու նաև հասարակությանը, որ եթե Ադրբեջանի վրա ռուսական զսպաշապիկը չլինի, ապա Հայաստանն ավելի վատ վիճակում կարող է լինել:
Ինչ վերաբերում է կոնֆլիկտի անվերահսկելիությանը, կարծում եմ, որ այն դեռ վերահսկելի է, պարզապես բախումների հաճախակիությունը դուռ է բացում անկանխատեսելի սխալների համար, որը կարող է լայնամասշտաբ բախման բերել: Բանակցություններն արդյունքի կհասնեն միայն այն դեպքում, եթե ուկրաինական բանակը և ռուսամետ ապստամբները համոզվեն, որ ռազմական բախումներից այլևս չեն կարող որևէ նոր նվաճումներ ունենալ, և, որ պատերազմի ձգձգումը կհանգեցնի հողերի կորստի: Այդ պահը դեռ չի եկել, քանի որ ուկրաինական կողմը հույս ունի հետ գրավել ապստամբներին զիջած տարածքների որոշ մասը և նույնիսկ ամբողջ արևելյան Ուկրաինան, մանավանդ՝ եթե ԱՄՆ-ը զենք տրամադրի: Իր հերթին՝ ռուսական կողմը կփորձի գրավել ստրատեգիական երկու քաղաքներ, մինչև կոնֆլիկտի, այսպես կոչված՝ սառեցումը: Սա նշանակում է, որ եթե նույնիսկ կողմերը նոր ճանապարհային քարտեզների համաձայնվեն, որևէ երաշխիք չկա, որ դրանք կիրականանան:
– Ինչպե՞ս կանդրադառնան ուկրաինական պատերազմը կարգավորելու նպատակով նախաձեռնված Արևմուտք-Ռուսաստան բանակցությունները ԼՂ հակամարտության վրա: Մի շարք փորձագետներ գտնում են, որ Ռուսաստանը չի համաձայնի արևմտյան առաջարկներին, ինչը Ռուսաստանի համար հղի է չափազանց բացասական հեռանկարով: Բանակցությունների բացասական ելքն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության վրա:
– Ուկրաինայում կոնֆլիկտի սառեցումը կնպաստի, որ Մինսկի խումբն ավելի շատ ուշադրություն դարձնի ԼՂ կոնֆլիկտի վերջին թեժացմանը: Բացի այդ, եթե ռուսամետ ուժերն իսկապես պատրաստ լինեն զինադադարի և բավարարված լինեն տարածքային ձեռքբերումներով, ապա Ռուսաստանի շահերից է բխում զինված բախումներին դեմ լինելը. իբրև միջնորդ երկիր՝ այն պետք է ցույց տա, որ թե՛ Ուկրաինայում, թե՛ ԼՂ-ի դեպքում իր ազդեցությունն օգտագործում է ռազմական բախումները կանխելու համար:
– Վերջերս Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասաց, որ Գերմանիան կցանկանար իր ավելի ակտիվ մասնակցությունն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ի՞նչ մասնակցություն է հնարավոր, և արդյո՞ք դա ինչ-որ բան կփոխի բանակցային գործընթացում:
– Շատ բան է կախված Ուկրաինայի խաղաղարար առաքելությունից: Եթե այն հաջողվի հատկապես Մերկելի դիվանագիտական հմտությունների շնորհիվ, ապա Ռուսաստանը գուցե դեմ չի լինի Գերմանիայի ներգրավմանը: Բայց խնդիրն այն է, թե որքանով է Գերմանիան հետաքրքրված ԼՂ կոնֆլիկտով: Դեռ պարզ չէ, թե Մերկելն իսկապես կհետապնդի՞ իր մասնակցությունը Մինսկի խմբին, թե՞ ոչ: Ավելին, թեև Ռուսաստանն առերևույթ կարող է դեմ չլինել, բայց իրականում Գերմանիայի ներգրավումը կարող է խթանել բանակցային գործընթացը, որպեսզի ստատուս-քվոյից կողմերը դուրս գան: Բայց սա այնքան էլ չի համընկնում Ռուսաստանի ԼՂ քաղաքականության հետ, քանի որ Մոսկվան կցանկանա այն պահել չլուծված, որպես լծակ՝ թե՛ Հայաստանի, և թե՛ Ադրբեջանի վրա:
– Հայաստանը հունվարի 2-ից ԵՏՄ անդամ երկիր է: ՀՀ մի շարք պաշտոնյաներ այդ որոշումը որակում են՝ հանուն ՀՀ անվտանգության, և ընդհանրապես՝ վերջին տարիներին ՌԴ-ՀՀ հարաբերությունների խորացումը պայմանավորվում էր Հայաստանի անվտանգության խնդրով, սակայն Հայաստանը շարունակում է անվտանգության ոլորտում լրջագույն խնդիրներ ունենալ: Ո՞րն է ելքը: Հայաստանն ինչպե՞ս կարող է լուծել իր անվտանգության խնդիրները:
– ԵՏՄ-ն անվտանգության երաշխիք առայժմ չի կարող տալ: Սա դեռ խմորային վիճակում գտնվող նախաձեռնություն է: Այդ երաշխիքները որոշ չափով Ռուսաստանը կարող էր տալ, բայց հստակ է, որ Ռուսաստանը վաղուց որոշել է պրո-հայկական դիրքորոշում չունենալ, այլ փորձել է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Բաքվի, և թե՛ Երևանի հետ: Սա նշանակում է, որ Հայաստանը, չնայած իր խիստ ռուսամետ քաղաքականությանը, իր անվտանգության խնդիրները լիովին չի լուծել, ինչպես, օրինակ, Բալթյան երկրները` ՆԱՏՕ-ին միանալով: Վերջիններս կարող են համոզված լինել, որ սահմանային խախտումների դեպքում ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից իրենց ռազմական դաշնակիցներն իրենց կողքին կլինեն: Սա է տարբերությունը: Իհարկե, այլ հարց է, որ Հայաստանը սահմանափակ է իր ռազմական դաշնակիցների ընտրության հարցում, քանի որ արևմտյան գործընկերներ այն կարող է ունենալ, բայց դաշնակիցներ, որոնք կպաշտպանեն Հայաստանը, դեռ ոչ:
Բայց սա դեռ չի բացատրում ՀՀ իշխանությունների դժկամությունը՝ Մոսկվայից պահանջելու իր դաշնային պարտականությունների կատարում: Ուկրաինական ճգնաժամը Հայաստանի համար է՛լ ավելի բարդացրեց Արևմուտքի հետ բալանսավորված քաղաքականություն տանելու պլանները: Սակայն նման քայլերը պետք է շարունակվեն, Հայաստանի՝ իբրև Ռուսաստանի դաշնակցի վերարժեքավորման համար:
Ի վերջո, Ռուսաստանին Հայաստանն իբրև դաշնակից պետք է տարածաշրջանում: Բելառուսը ևս սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, հատկապես տնտեսական առումով, և կոնֆլիկտը Ռուսաստանի հետ երկիրն արագ դեֆոլտի կհասցնի, բայց Բելառուսը պարբերաբար մարտահրավեր է նետում Ռուսաստանին և ֆինանսական զիջումներ ստանում: Ավելացնեմ, որ նույնիսկ ՆԱՏՕ-ում՝ Ուկրաինայում կոնֆլիկտի բռնկումից հետո միայն, Արևելյան ԵՄ երկրների խիստ պահանջներից հետո դաշինքը որոշեց տեղակայել ուժեր՝ ռուսական հնարավոր հարձակման դեպքում:
Այսինքն, ՀՀ իշխանություններն ու հասարակությունը ևս իրենց դաշնակիցներից հետևողաբար պետք է պահանջեն դաշնակցային պարտավորությունների իրականացում: Հայաստանն իր անվտանգության խնդիրները կարող է լուծել ԼՂ և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո, բայց սա մոտ ապագայում անհնար է: Մնում է հետևել այն երկրների օրինակին, ովքեր ռազմական դաշինքների մեջ չեն, բայց գործում են մեկ սկզբունքով` ամեն կերպ հզորացնում են իրենց ներքին կարողությունը, լավ վարժված և խիստ կարգապահ բանակ են ստեղծում, և չեն ակնկալում, որ օտար երկրներն իրենց կպաշտպանեն: Իմ կարծիքով` սա ավելի իրատեսական մոտեցում է:
– Միջազգայնագետները Հայաստանը համարում են ռուսական ուղեծրում գտնվող երկիր, թեև Հայաստանը շարունակում է ԵՄ-ին հավաստիացնել, որ ցանկանում է քաղաքական համագործակցությունը շարունակել ԵՄ-ի հետ: Հնարավո՞ր է` Ռուսաստանը ցավոտ չվերաբերվի ՀՀ-ԵՄ ապագա քաղաքական բնույթի համաձայնագրերի հեռանկարին, թե՞ ՀՀ-ԵՄ ներկայիս բանակցություններից չարժե լուրջ մակարդակի համագործակցության փաստաթղթի շուրջ համաձայնություն ակնկալել:
– ՀՀ-ԵՄ բանակցություններն այլևս լուրջ չեն, իսկ բանակցություններն ավելի շատ ՀՀ- ԵՄ դիվանագիտական հարաբերությունները կենդանի պահելու համար է: Ռուսաստանն արդեն Հայաստանին ներգրավել է իր կառույցներում, և դրանցից դուրս գալը դժվար կլինի Երևանի համար: ԵՄ-ի և Արևմուտքի համար պարզ է, որ Հայաստանը ռուսական ճնշմանը չդիմացավ: Ներկայումս Եվրամիությունն ինքը կարիք ունի վերադասավորելու իր ուժերը և որոշելու իր մարտավարությունը Հայաստանի և այլ ԱՊՀ երկրների ու հենց Ռուսաստանի նկատմամբ: Եթե Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունն աճի, ՀՀ-ն նույնիսկ այս խորհրդանշական բանակցությունները ստիպված կլինի դադարեցնել: