BMW-ն կներկայացնի ակնոց, որը մեքենան թափանցիկ է դարձնում
Սա նման է գիտաֆանտաստիկ ֆիլմի տեսարանի: Ավտոարտադրող BMW ընկերությունը շուտով կներկայացնի թվային ակնոց, որը, ինչպես և խելացի ժամացույցը, օգնում է վարորդին կայանել իր մեքենան: Գերմանական ընկերության կողմից մշակվող նորույթը օգտակար կլինի հատկապես զուգահեռ կայանման ժամանակ։ Որքան էլ անհավատալի հնչի, նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա վարորդին շրջակայքը տեսնել մեքենայի միջով, ասես դրա թափքը և ևորոշ մասեր թափանցիկ են։
Այո, ետընթացի ժամանակ մեքենայի թափքի ետևի մասը թափանցիկ է դառնում: Այս էֆեկտը ստեղծվում է արտաքին տեսախցիկներից պատկերի փոխանցման շնորհիվ: BMW ակնոցը կմրցակցի ոչ միայն մեքենաշինական մյուս ընկերությունների,այլև՝ Google-ի և Microsoft-ի արտադրանքի հետ, որոնք ներկայումս ակտիվորեն զարգացնում են, այսպես կոչված, լրացված իրականության տեխնոլոգիան:
Financial Times-ի տվյալներով՝ ապրանքը մշակվում է BMW ընկերության գիտահետազոտական լաբորատորիայում՝ Կալիֆորնիայում: Ընկերությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ նոր սարքի կներկայացվի այս տարվա ապրիլին Շանհայի ավտոսալոնում։
Նոր սարքի մանրամասները դեռևս չեն բացահայտվում, բայց սպասվում է, որ այն իրական ժամանակում ամենատարբեր տեսակի տեղեկատվություն կներկայացնի ոչ միայն մեքենայի, այլև ճանապարհներին տիրող վիճակի մասին: Հավանաբար ակնոցը հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն ղեկին:
Լրացված իրականությունը, որը ենթադրում է ընկալվող իրականության ընդլայնում՝ վիրտուալ էլեմենտների շնորհիվ, համարվում է տեխնոլոգիական աշխարհի հաջորդ հիթը։ Գաղափարը եկել է գիտաֆանտաստիկ մի շարք ֆիլմերից, ինչպես օրինակ, «Երկաթե մարդը» կամ «Հատուկ կարծիքը»։
Պետք է նշել, որ BMW-ն արդեն ունի նմանատիպ ակնոց: Այդ ակնոցը վարորդին քայլ առ քայլ հուշում է, թե ինչպես ինքնուրույն հայտնաբերել և վերացնել մեքենայի անսարքությունները: Ընդ որում, թվային ակնոցի օգտագործումը չի պահանջում հատուկ գիտելիքներ և ունակություններ։
Լրացված իրականության սարքավորումները BMW-ի մասշտաբային ծրագրի՝ Augmented Reality: The Extension Of Reality- մասն են կազմում:
Աղբյուրը՝ Econet.ru
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը